Մատչելիության հղումներ

Հայաստանում է Չինաստանի ՊՆ-ի պատվիրակությունը


Հունվարի 13-15-ը Հայաստանում է գտնվում Չինաստանի պաշտպանության նախարարության պատվիրակությունը` նախարարության արտաքին կապերի գրասենյակի պետի տեղակալ գեներալ-մայոր Ցի Գովեյի գլխավորությամբ:

Երեկ Հայաստանի ռազմական գերատեսչության պաշտպանական քաղաքականության եւ կադրերի ու ռազմական կրթության վարչությունների պետերի հետ պատվիրակության հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ ռազմական համագործակցության ներկա ընթացքն ու զարգացման հեռանկարները: Հայաստանի պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` պայմանավորվածություններ են ձեռք բերվել ռազմական կրթության, թիկունքային ապահովման, ռազմատեխնիկական եւ այլ ոլորտներում համագործակցության զարգացման ուղղությամբ:

Քննարկումների արդյունքներն ամփոփվել են Հայաստանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի հետ հանդիպման ընթացքում: Բարձր գնահատելով հայ - չինական ռազմական համագործակցության զարգացման ընթացքը` Տոնոյանը կարեւորել է պաշտպանության ոլորտում համագործակցության առկա ներուժի լիարժեք օգտագործումը:

Հայաստանի պաշտպանության նախարարության պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լ. Այվազյանն ու Ցի Գովեյը ստորագրել են երկկողմ ռազմական եւ ռազմատեխնիկական համագործակցությանը վերաբերող համաձայնագիր:

Նույն օրը չինական պատվիրակությանը ընդունել է Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Գոհունակություն հայտնելով բանակցությունների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների վերաբերյալ` Օհանյանը համոզմունք է հայտնել, որ հայ - չինական երկկողմ ռազմական համագործակցությունը զարգացման լայն հեռանկարներ ունի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG