Մատչելիության հղումներ

Վկան դատարանում հակասական ցուցմունք է տալիս


Ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանը դատարանի դահլիճում: 9-ը հունվարի 2012թ.

Ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանը դատարանի դահլիճում: 9-ը հունվարի 2012թ.

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց ՃՈ նախկին պետ Մարգար Օհանյանի գործով դատավարությունը:

Հարցաքննվեցին 4 վկաներ: Նրանց հիմնականում հետեւյալ հարցերն էին ուղղում. թե 2009-2011 թվականներին ամսական որքան բենզին են ստացել եւ արդյո՞ք եղել են դեպքեր, երբ ստորագրել են մեծ քանակությամբ բենզինի հաշվետվության տակ, բայց իրականում ավելի քիչ վառելիք են ստացել:

Դատարան ներկայացած 4 վկաներից 3-ը` առաջին սպայական գումարտակի երկրորդ վաշտի հրամանատար Կարեն Օհանյանը, նույն գումարտակի երրորդ վաշտի հրամանատար Արմեն Սարգսանը եւ Ճանապարհային ոստիկանության ֆինանսական բաժնի պետ Արմեն Մնացականյանը միանշանակ պնդեցին, որ իրենք բենզինի տրամադրման հետ կապված որեւէ խնդիր չեն ունեցել, եւ ճիշտ չափով ստացել են իրենց հասանելիք վառելիքը:

Այսօր հարցաքննված վկաներից միայն Ճանապարհային ոստիկանության երկրորդ գումարտակի առաջին վաշտի նախկին հրամանատար Ստեփան Սեդրակյանն էր, որ դատարանի դահլիճում հայտարարեց, թե ինքը ստորագրել է ավելի մեծ քանակության բենզինի համար, բայց իրականում ավելի քիչ վառելիք է ստացել:

Մեղադրողի հարցին, թե ինչու էր ստորագրել ստացած բենզինի համար, Սեդրակյանը պատասխանեց, որ իրեն ասել են` ստորագրիր, ինքն էլ ստորագրել է` հավելելով, որ իրեն այդպես ասել է երկրորդ գումարտակի հրամանատար, այժմ մեղադրյալ Ստեփան Կարախանյանը:

Իսկ հարցին, թե կարողանում էին նորմալ աշխատել քիչ բենզինով, վկան պատասխանեց` այո:

Հաջորդ հարցից (թե այդ դեպքում ինչո՞ւ էին ստորագրում մեծ քանակությամբ բենզինի համար) հետո, սակայն, վկան հրաժարվեց ներկայացրած տվյալներից` ասելով, թե «չհիշելով» է նման հայտարարություններ արել, ու դրանից հետո բոլոր հարցերին ի պատասխան ասում է, թե ոչինչ չի հիշում:

Մարգար Օհանյանի փաստաբանը փորձեց ճշտել. - «Գոնե կարո՞ղ եք մոտավորապես ասել, թե ինչքան բենզին էր ձեր հաշվետվություններում նախատեսված եւ դուք ինչքան էին փաստացի ստանում: Գոնե տարբերությունը մոտավորապես»: «Եթե հիշեմ` կասեմ: Չեմ հիշում», - արձագանքեց Սեդրակյանը:

2011 թվականի մայիսին աշխատանքից ազատված, այժմ վկա Ստեփան Սեդրակյանին անձամբ հարցեր տվեց Մարգար Օհանյանը. - «Դուք նոր նշեցին, որ 1980 թվականից ճանաչում ենք իրար: Եղե՞լ է օր, որ, ասենք, դուք զանգահարեք ձեր բջջային հեռախոսով, ես չվերցնեմ հեռախոսը, կամ, եթե չեմ վերցրել, անմիջապես 15 րոպե հետո չզանգահարեմ: Չի եղել: Անձնական հարցերով ինձ մոտ եկե՞լ եք, խոսե՞լ եք, միասին ընդմիջումներ արե՞լ ենք, եկեղեցում մոմ վառե՞լ ենք…»: Ստանալով դրական պատասխան` Օհանյանը շարունակեց. - «Դուք ասում եք, որ պակաս բենզին եք ստացել 2009 թվականից մինչեւ ձեր աշխատանքի ավարտը: Այդ ընթացքում մենք հաճախակի հանդիպե՞լ ենք… Ինչու ինձ չէի՞ք ասել, որ պարոն Կարախանյանը պակաս բենզին է տալիս»: «Կարող էի ասել, բայց չեմ ասել», - եղավ պատասխանը:

Վկայի հիշողությունը փորձեց ստուգել մեղադրյալ Ստեփան Կարախանյանի փաստաբանը` հարցնելով, թե արդյոք երկու տարի շարունակ քիչ բենզին է ստացել: Վկան ասաց, որ չի հիշում:

Օհանյանը մեկ անգամ էլ կոչ արեց Սեդրակյանին ասել ճշմարտությունը. - «Ստեփան Սարիբեկիչ, խնդրում եմ դատարանին ճիշտը ասեք. այդ թվերը, որ դուք ասում եք, ձեզ Հատուկ քննչական ծառայությունում կամ որեւիցե մեկը թելադրե՞լ են ձեզ»: «Իրանք ուղղություն են ասել երեւի», - պատասխանեց վկան` հավելելով. - «Ինչ որ կա, ես իմ հիշելով եմ գրել»:

Սեպտեմբերին, սակայն, Հատուկ քննչական ծառայությունում տված ցուցմունքներում Կարախանյանը կոնկրետ թվեր էր ասել: Դատարանում ընթերցվեց նրա նախաքննական ցուցմունքը, որտեղ նա նշել էր, թե, օրինակ, վաշտը ամսական ստացել է 3 հազար 100 լիտր բենզին, բայց գումարտակի հրամանատար Կարախանյանի կարգադրությամբ հաշվետվության մեջ նշել է, թե ստացել է 8-10 հազար լիտր բենզին: Երկրորդ անգամ տված ցուցմունքում Սեդրակյանն այլ թվեր է նշում` որ ստացել է 5 հազար լիտր:

Այս ցուցմունքների հրապարակումից հետո, պատասխանելով դատավորի հարցին, վկան կրկնեց նախաքննության ընթացքում տված թվերը:

Սեդրակյանի հարցաքննությունն այսպիսով ավարտվեց: Դատաքննությունը կշարունակվի հունվարի 19-ին:

Մարգար Օհանյանը, հիշեցնենք, մեղադրվում է պաշտոնեական դիրքը չարաշահելու եւ առանձնապես խոշոր չափի յուրացում կատարելու մեջ։ Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների համաձայն` Օհանյանի եւ այս գործով մյուս երեք մեղադրյալների գործողությունների հետեւանքով պետությանը պատճառված վնասը կազմել է մոտ 217 միլիոն դրամ (շուրջ 571 հազար դոլար), որից նախաքննության փուլում վերականգնվել է 198 միլիոնը։

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG