Մատչելիության հղումներ

Իշխանափոխությունը մոնոպոլիաների վերացման ուղի


ՀԱԿ-ի ներկայացուցիչ Վահագն Խաչատրյան

ՀԱԿ-ի ներկայացուցիչ Վահագն Խաչատրյան

Հայաստանի ընդդիմադիր քաղաքական ուժերի համոզմամբ, միայն քաղաքական իշխանության փոփոխությամբ հնարավոր կլինի վերջ տալ տնտեսության մոնոպոլիզացված համակարգին, որն էլ ներկայում Հայաստանի տնտեսական զարգացման հիմնական խոչընդոտն է:

Նման կարծիք ուրբաթ օրը «Կոնգրես» հյուրանոցում տեղի ունեցած քննարկման ժամանակ հայտնեցին Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Վահագն Խաչատրյանը, Ազգային ժողովի Դաշնակցություն խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը եւ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ներկայացուցիչ Տաթեւիկ Ավետիսյանը:

«Մինչեւ քաղաքական թիմը, քաղաքական տրամաբանությունը չփոխվի, տնտեսական քաղաքակությունը չի փոխվելու: Եթե որեւէ մեկը հույս ունի, որ իշխանության նախաձեռնությամբ տնտեսական քաղաքականությունը կփոխվի, որը վնաս կբերի իշխանության ներկայացուցիչներին, չի լինի դա: Մեզ մոտ դժբախտությունների դժբախտությունը դարձել է մաքսայինը, որը ընտրովի է նայում մարդկանց: Որ ասում են` ինչո՞ւ չի մտնում շուկա, ուրեմն մարդը այդ հնավորությունը չունի: Եթե մեկը փորձի 1 կգ կամ 5 կգ կարագ կամ շաքարավազ կամ այլ ապրանք ներկրի, կնայեն, թե ով է այդ մարդը, նայած նրա դեմքին ում նկարն է դրված: Ինքն էլ կարող է չլինի, կարեւորը պաշտոնյաների նկարներով է հանդես գալիս: Եթե այդ նկարը համապատասխանում է մաքսայինում գտնվող նկարին, նրան ասում են մաքասազերծում ես իքս գնով, եթե այդ նկարը չէ, ուրեմն մաքսազերծում ես իքս անգամ իգրեկ գնով», - հայտարարեց Վահագն Խաչատրյանը:

Նրա խոսքով` Հայաստանի տնտեսության մեջ մրցունակություն հասկացողությունը վերացած է. - «Եթե համաշխարհային շուկայի համապատասխան գներով ապրանքներ մտնեն մեր մոտ, մրցակցությունը լինի, գները կիջնեն, որովհետեւ դա շուկայական տնտեսագիտության արբբենարանն է` առաջարկ, պահանջարկ: Գինը պետք է որոշենք մենք` սպառողներս: Մեզ այդ հնարավորությունից էլ են զրկել, գիտե՞ք», - ասաց ՀԱԿ-ի ներկայացուցիչը:

Դաշնակցություն խորհրդարանական խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը իր խոսքում նշեց, թե բիզնեսի եւ քաղաքական որոշում կայացնողների սերտաճումը կարող է կործանարար հետեւանքներ ունենալ Հայաստանի համար, եթե այս համակարգերը չտարանջատվեն:

«Մենք գործ ունենք մի իրավիճակի հետ, երբ արհեստականորեն շուկա մուտք գործելը սահմանափակված է, սկսած մաքսայինով, ավարտված Հայաստանի տնտեսության մեջ պարզապես վարչական եւ ֆինանսական լծակների գործադրմամբ», - ասաց Մինասյանը` շեշտելով, որ առկա մենաշնորհների վտանգավարությունը նրանում է, որ դրանք զուտ տնտեսական երեւույթից վերածվել են նաեւ քաղաքական համակարգի. - «Ու պատահական էլ չէ, որ այսօր իշխանություն ունեցող քաղաքական ուժը մտածում է անընդհատ այդ իշխանությունը ունենալու մասին եւ չի կասկածում, որ հնարավոր է իշխանափոխություն տեղի ունենա: Սա էլ է մենաշնորհի մի դրսեւորում, եւ մեր երկրի պրոբլեմը հենց սրա մեջ է», - ասաց նա:

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության ներկայացուցիչ Տաթիկ Ավետիսյանն էլ հարց բարձրացրեց` եթե Հայաստանում կան օրենքներ, որոնք կոչված են պայքարելու մոնոպոլ չարաշահումների դեմ, ապա ինչո՞ւ մոնոպոլիզացված շուկաներում տարիներ շարունակ չեն հայտնվում նոր ընկերություններ: Քննարկմանը մասնակցող իշխող Հանրապետական կուսակցության խորհրդի անդամ, Ազգային ժողովի Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանն արձագանքեց, թե օլիգոպոլիաների հետ կապված խնդիրներ Հայաստանում իհարկե կան, սակայն իշխանություններն էլ քայլեր են ձեռնակում հարցին լուծում տալու համար:

Քննարկումից հետո Վարդան Այվազյանը պատասխանեց «Ազատություն» ռադիոկայանի հարցերին: Վահագն Խաչատրյանի` մաքսային ծառայության վերաբերյալ բարձրացրած մտահոգությունների առնչությամբ Այվազյանն ասաց. - «Ընդամենը կասեմ, որ խեղաթյուրելով եւ ասեկոսներից ելնելով հնարավոր է դա այսպես ներկայացնել: Դա այդպես չէ, կոմունիկացիաների առումով մենք ծայրամասային երկիր ենք, կա նմանատիպ երեւույթներ, եղել են, բայց վերջին ժամանակահատվածում ես ականատես չեմ եղել: Ես չեմ ասում, թե բացթողումներ չկան, բայց այդ բարեփոխումներն իրականացվում են»:

Հարցին, թե որքանո՞վ են իշխանությունների քայլերն արդյունավետ մոնոպոլիաների վերացման գործում, Այվազյանը պատասխանեց. - «Հակամրցակցային օրենսդրական փոփոխություններն արել ենք, ամբողջ փաստաթղթերի էլեկտրոնային կառվարման խնդիրը դրված է, որ մաքսային, հարկային սրանից հետո իրար երես չտեսնեն, որովհետեւ հենց իրար երես տեսնում են, սկսում են խոսակցությունը փոխել, այսինքն էլեկտրոնային եղանակով տեղի ունենա ամեն ինչ` սկսած մաքսազերծումից մինչեւ վերջ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG