Մատչելիության հղումներ

Էլիտար բնակարանաշինությամբ զբաղվող «Գապբնակշին» ընկերության շուրջ հերթական սկանդալն է հասունանում:

Խարդախության մեջ արդեն իսկ մեղադրվող «Գապբնակշին» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից կառուցված Սարյան 19/21 շենքի բնակիչներն իրենց համարում են ընկերության տնօրեն Գագիկ Պապոյանի խարդախության զոհերը:

Պապոյանի նկատմամբ դեռեւս անցած տարվա դեկտեմբերին Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում գործ է հարուցվել: Ըստ հարուցված քրեական գործի` Պապոյանն իր ընկերության կողմից Արամի 72-80 հասցեում կառուցված էլիտար շենքի բնակարանները վաճառել է միաժամանակ մի քանի գնորդների` այսպիսով նրանցից հափշտակելով խոշոր գումարներ: Այս փաստին այժմ, ավելացել է նաեւ Սարյան 19/21 շենքը:

Վահան Սարուխանյանը Արամի փողոցի վրա գտնվող երկհարկանի սեփական տուն ուներ: Պետական կարիքների համար նրա եւ նրա հարեւանների տունը կառավարությունը քանդեց` փոխարենը խոստանալով նույն տարածքում կառուցվող շենքերից մեկում բնակարան հատկացնել: Բնակչի հետ «Գապբնակշին» ընկերության ղեկավարը երեք պայմանագիր կնքեց, ըստ որի նրան էր հատկացնելու կառուցվող շենքերից 3 բնակարաններ: Սարուխանյանի ընտանիքը այժմ վարձով բնակարանում է ապրում, իսկ նրան խոստացված բնակարանը երկու տարի առաջ ուրիշի է վաճառվել:

Եթե Սարուխանյանին բնակարանի խոստում է տրվել հաշվի առնելով այն հանգամանքը, որ նա այդ տարածքում տուն է ունեցել, ապա մնացած բնակիչներից ոմանք գնել են այդ բնակարաններն ու հիմա չեն կարողանում մուտք գործել այնտեղ:

«Պապոյանը հասանելի չէ, տան դռներն էլ կողպված են»,- ասում են բնակիչները:

«Ազատություն» ռադիոկայանի ունեցած հավաստի տեղեկություններով, Գագիկ Պապոյանը գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում:

Բնակիչները դիմել են Հայաստանի նախագահին, գլխավոր դատախազին, ինչպես նաեւ պայմանագրային պարտավորությունները չկատարելու համար հայցեր են ներկայացրել դատարան:

Գլխավոր դատախազությունից «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեցին, որ գործը ուղարկվել է Հատուկ քննչական ծառայություն, այս գործով առայժմ ձերբակալվածներ չկան:

XS
SM
MD
LG