Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը այցելել է Արմավիրի մարզ


Նախագահ Սերժ Սարգսյանը այսօր աշխատանքային այցով մեկնել է Արմավիրի մարզ:

Բաղրամյան շրջանի Վանանդ համայնքում նախագահը մասնակցել է «Նոյան» պտուղ-բանջարեղենի վերամշակման նոր գործարանի հիմնարկեքի արարողությանը, այցելել է տեղի միջնակարգ դպրոց, շրջել դպրոցի հիմնանորոգված մասնաշենքում, ծանոթացել շինարարական աշխատանքների ավարտական փուլին:

«Նոյան» պտուղ-բանջարեղենի վերամշակման նոր գործարանի շինարարությունը նախատեսվում է ավարտել այս տարվա ամռանը: Այն համալրելու է բնական հյութերի արտադրությամբ զբաղվող «Նոյան»-ի արտադրատեսականին եւ պատրաստելու է մանկական սննդի արտադրության համար անհրաժեշտ խյուսեր եւ խտանյութեր, ինչպես նաեւ տոմատի եւ կարմիր պղպեղի մածուկ: Նշվել է, որ կառուցվող գործարանը համապատասխանելու է եվրոպական չափանիշներին, իսկ պահանջարկի աճի դեպքում հնարավորություն ունի կրկնապատկելու իր արտադրանքը:

Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` մարզի Էջմիածնի վարչական տարածքում Սերժ Սարգսյանը այցելել է «Ամստեր ֆլաուերս» եւ «Բիգա» հայ - հոլանդական համատեղ ձեռնարկություններ եւս, շրջել է սնկի արտադրամասի ընդլայնման նպատակով կառուցվող տարածքում եւ նորակառույց ջերմոցային տնտեսությունում:

«Ամստեր ֆլաուերս»-ի նորակառույց ջերմոցի առաջին արտադրանքի թողարկումը նախատեսվում է հունվարի 20-ից: Ջերմոցը նախագծվել եւ կառուցվել է եվրոպական ժամանակակից բարձր տեխնոլոգիաներով, սարքավորումները եւ համակարգչային տեխնիկան եվրոպական արտադրության են: Իսկ «Բիգա» ընկերությունը հունվարից սկսել է սնկի արտադրության երկրորդ գործարանի շինարարությունը, որը նախատեսում է ավարտել սեպտեմբերին:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG