Մատչելիության հղումներ

logo-print

Փողոցային առեւտուրը վերածվել է ընդհատակյա առեւտրի


Փողոցային առեւտուր Երեւանում, արխիվային լուսանկար

Փողոցային առեւտուր Երեւանում, արխիվային լուսանկար

Երեւանի քաղաքապետի խոսնակ Շուշան Սարդարյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ քաղաքապետարանի դիրքորոշումը չի փոխվել եւ քաղաքապետ Տարոն Մարգարյանն էլ հետեւողական է փողոցային առեւտուրը արգելելու մասին նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանի որոշումը իրականացնելու հարցում:

Հիշեցնենք` Երեւանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանը ուղիղ մեկ տարի առաջ փողոցային առեւտուրը արգելող որոշում կայացրեց, որին առեւտրականները արձագանքնեցին բողոքի ակցիաներով:

«Տարոն Մարգարյանը մի քանի անգամ եւս կրկնել է, որ հետեւողական են լինելու կանխարգելելու բացօթյա ապօրինի առեւտրի հետ կապված ցանկացած դեպք: Որեւէ փոփոխություն չկա: Փողոցային ապօրինի առեւտուր չի լինելու: Դա համար կան նախատեսված մինի շուկաներ, որոնք գործում են, որոնք ավելի քաղաքակիրթ առեւտրի կազմակերպման տարբերակ են», - ասաց Սարդարյանը:

Առեւտրականները, մինչդեռ պատմում էին, որ Կարեն Կարապետյանի հրաժարականից հետո հույսեր էին կապում, որ նոր քաղաքապետը կվերանայի մոտեցումը եւ նամակով դիմել էին Տարոն Մարգարյանին: Կորյուն-Աբովյան փողոցների խաչմերուկում երկար տարիներ փողոցային առեւտրով զբաղվող մարդիկ քաղաքապետարանի արգելքից մեկ տարի անց այստեղ, կարելի է ասել, ընդհատակյա առեւտրով են զբաղվում շենքերի մուտքերում կամ ձեռքի վրա:

«Կանգնում եմ փողոցում, մի տեղ մի քանի հատ կանաչի եմ դնում, գալիս են, հարցնում են` կանաչի ունե՞ս, տենց ձեռքի վրա վերցնում, տալիս եմ հաճախորդիս, ոչ մի տեղ չեմ տեսակավորում: Մարդ էլ կա մտածում է, թե փող եմ հավաքում, որ փողոցում եմ կանգնում, ասում եմ` ես կանաչի եմ ծախում», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց մի կին:

«[Վաճառում եմ] ընդհատակյա, նախկին հաճախորդների շնորհիվ: Եվ մենք, եւ նույնիսկ հաճախորդների մեծամասնությունը հասկանում է, դա զուտ իրենց բիզնեսի բարգավաճման գերշահույթի խնդիրն է, ոչ թե քաղաքակիրթ երկիր ունենալը», - ասաց մեկ այլ առեւտրական:

Փողոցում միրգ եւ բանջարեղեն վաճառող մարդկանց խոսքով` եթե անգամ շենքի մուտքում արկղեր են տեղադրում են, ապա ստիպված են ամեն պահի հսկել, ուշադիր լինել, քանի որ ոստիկանները եւ քաղաքապետարանի աշխատակիցները պարբերաբար այցելում են եւ ստիպում հավաքել ապրանքը:

«Քաղաքապետին դիմել ենք, որ անձամբ իր հետ հանդիպենք, հույս ունենք, որ [հանդիպումը] կկազմակերպվի, բայց ոչ մի լավ բան չենք սպասում, միայն ուզում ենք էս քաղաքից գնալ», - ասում էր առեւտրական կանանցից մեկը:

Տարոն Մարգարյանի խոսնակ Շուշան Սարդարյանը հակադարձում է, որ վերջիններս ապօրինի առեւտուր են անում եւ քաղաքապետից չպետք է ակնկալիքներ ունենան:

«Կիսաընդհատակյա են անում, բայց եթե մի բանը օրենքին հակասում է, օրենքի շրջանակում չէ, օրենքը թույլ չի տալիս, ի՞նչ են ակնկալում: Առնվազն տարակուսելի են այսօր իրենց հայտարարությունները», - ասաց Սարդարյանը:

Անցած տարի բողոքի բազմաթիվ ցույցեր անցկացրած առեւտրականներից շատերը, գործընկերների փոխանցմամբ, մեկ տարի է գործազուրկ են: Նրանք, ովքեր փորձում են ընդհատակյա առեւտուր անել, պնդում են, որ չեն կարող քաղաքապետարանի առաջարկած մինի շուկաներում տեղի վարձը վճարել, քանի որ առեւտրով ընդամենը օրվա հացի խնդիր էին լուծում եւ հիմա զրկվել են ապրուստի միակ միջոցից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG