Մատչելիության հղումներ

Հայոց պատրիարքարանը պահանջում է Ստամբուլի հայտնի շինություններից մեկը


Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդ Արամ Աթեշյան
Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդ Արամ Աթեշյան
Պոլսո Հայոց պատրիարքարանը դիմել է դատարան` Ստամբուլի հայտնի շինություններից մեկը` «Սանասարյան Հան»-ը հայկական համայնքին վերադարձնելու խնդրով։

Այդ մասին հաղորդում է թուրքական Hurriyet պարբերականը` ընդգծելով, որ հայցը աննախադեպ է, եւ դատարանը արդեն ժամանակավոր կալանք է դրել պատմական շինության վրա` մինչեւ վերջնական վճռի հրապարակումը։

«19-րդ դարի վերջին կառուցված սպիտակ շենքը բավական մութ ու սեւ անցյալ ունի», - փաստում է պարբերականը եւ մանրամասնում, որ հայերից բռնագրավելուց հետո, Երկրորդ աշխարհամարտի տարիներին, թուրքական իշխանությունները այստեղ տեղակայել են Ստամբուլի ոստիկանությունը, որտեղ բազմաթիվ մարդիկ են բռնության ու կտտանքների ենթարկվել, այդ թվում` մի շարք հեղինակավոր գրողներ եւ մտավորականներ։ Հետագայում շենքը տրվել է Ստամբուլի տնտեսական դատարանին, որը եւ այնտեղ մինչ օրս շարունակում է աշխատանքը։

Մինչդեռ Հայոց պատրիարքարանը հույս ունի ետ վերադարձնել գույքը` պնդելով, որ նման իրավունք է տալիս ազգային փոքրամասնությունների հիմնադրամների մասին վերջերս Թուրքիայում ընդունված որոշումը։

«Հայկական կողմը գիտի, որ շենքը իրեն է պատկանում, անհրաժեշտ է ընդամենը պաշտոնապես սա ամրագրել», - Hurriyet-ին ասել է Պատրիարքարանի շահերը ներկայացնող փաստաբան Սիմոն Իշը եւ պարզաբանել. - «Դեռեւս 1930 թվականին Հայոց պատրիարքարանը դատական հայց է ներկայացրել եւ հավաստագիր ստացել, որ «Սանասարյան» հիմնադրամի գույքն իրեն է պատկանում։ Այդուամենայնիվ, ավելի ուշ հիմնադրամը ապօրինի ձեւով հանվել է Պատրիարքարանի վերահսկողությունից։ Սակայն մենք հույս ունենք, որ կկարողանանք այն ետ վերադարձնել»։

Hurriyet-ը տեղեկացնում է, որ այս շենքից բացի` «Սանասարյան» հիմնադրամին է պատկանել նաեւ Էրզրումում գտնվող դպրոցը, որտեղ 1919 թվականին Թուրքիայի հանրապետության հիմնադիր Աթաթուրքը անցկացրել է հայտնի Էրզրումի կոնգրեսը եւ համախմբել ազգայնական ուժերը։

Այդուամենայնիվ, Պատրիարքարանում դեռեւս չեն ասում` մտադի՞ր են արդյոք դատական հայց ներկայացնել նաեւ այս շինության վերաբերյալ։

Անցած տարվա օգոստոսին Թուրքիայի կառավարությունը որոշում ընդունեց ազգային հիմնադրամներից բռնագրավված ամբողջ ունեցվածքը վերադարձնելու վերաբերյալ, որը երկրում ապրող ազգային փոքրամասնություններին թույլ է տալիս ետ պահանջել 1936 թվականին հայտարարագրված իրենց ունեցվածքը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG