Մատչելիության հղումներ

logo-print

ԿԸՀ-ն չի վերահսկում քաղաքական ուժերի «առօրյա գործողությունները»


Կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքը

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքը

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) նախագահ Տիգրան Մուկուչյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում մեկ անգամ եւս վստահեցրեց, թե Ընտրական օրենսգիրքը լիարժեք հնարավորություն է տալիս անցկացնել թափանցիկ ու արդար ընտրություններ:

«Կարծում եմ, Ընտրական օրենսգիրքը լիարժեք հնարավորություն է տալիս, նորից եմ կրկնում` օրենսգրքի պահանջների լիարժեք, համարժեք պահպանմամբ անցկացնել թափանցիկ, արդար ընտրություններ, եւ որը հնարավորություն կտա նաեւ յուրաքանչյուր ընտրողի լիարժեք վստահություն տածել իր տված քվեի նկատմամբ», - ասաց Մուկուչյանը` շարունակելով. - «Եվ հենց դրանով է պայմանավորված այն աշխատելաոճը, որը որդեգրել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը` աշխատել բացառապես բաց, հրապարակային, թափանցիկ»։

Եթե Ընտրական օրենսգիրքը հնարավորություն է տալիս կազմակերպել եւ անցկացնել թափանցիկ ու արդար ընտրություններ, ինչպես եւ բնորոշում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը, ապա նույն օրենսգիրքը չի կարգավորում, ասենք, քարոզարշավի մեկնարկից անմիջապես առաջ տեղի ունեցող համատարած բարեգործությունների գործընթացը:

Մուկուչյանը նկատեց, որ քարոզարշավից դուրս ժամանակահատվածը Ընտրական օրենսգրքի դրույթներով չի կարգավորվում, հետեւաբար եւ` իրենք չեն էլ կարող վերահսկել այս կամ այն ուժի գործունեությունը։ Նշելով, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ընտրությունները կազմակերպող եւ ընտրություններն անցկացնող մարմին է, իսկ կուսակցությունները, հասարակական կազմակերպությունները ունեն նաեւ որոշակի առօրյա գործունեություն, նա ընդգծեց. - «ԿԸՀ-ն չի հանդիսանում կուսակցությունների կամ հասարակական կազմակերպությունների առօրյա գործունեության նկատմամբ ամենօրյա մոնիտորինգ եւ վերահսկողություն իրականացնող մարմին, եւ, բնականաբար, նրանց առօրյա գործունեության հետ կապված խնդիրների վերաբերյալ ինչ-որ պարզաբանումները եւ այլն` սրանք դուրս են ԿԸՀ-ի գործառույթների շրջանակներից»։

Արմավիրի մարզի Աղավնատուն գյուղի շուրջ հարյուր ընտանիքներ անդամագրվել են «Օրինաց երկիր» կուսակցությանը: Կուսակցությունն էլ որոշ ընտանիքների ամանորյա տոների կապակցությամբ նվերներ է մատուցել: «Օրինաց երկիր»-ից որպես ամանորյա նվեր սուրճ, օղի եւ հյութեր ստացած մի ընտանիքում «Ազատություն» ռադիոկայանին ասել էին, որ իսկապես այդ կուսակցության անդամների թիվն ավելացել է. մարդիկ տվել են իրենց անձնագրային տվյալները` փոխարենը ստանալով ամանորյա նվերներ:

Մուկուչյանն ասաց, որ ինքը նման փաստի չի տիրապետում եւ, ըստ էության, իրավունք էլ չունի միջամտել կուսակցությունների գործողություններին ու բարեգործություններին:

Հայաստանի Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության անդամ Արմեն Մարտիրոսյանը գտնում է, որ այս նվերները չեն կարող անկեղծ համարվել: Դրանք որոշակի շահից ելնելով են տրվել, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց նա։

«Իհարկե չի կարող անկեղծ նվեր համարվել, որովհետեւ անկեղծ նվեր համարվելու համար պիտի աստվածաշնչյան հայտնի եզրույթը աշխատի, որ «աջ ձեռքը չպետք է իմանա` ձախն ինչ է անում»։ Այսինքն, այնպես պետք է նվերը տաս, որ դա չհրապարակայնացվի», - ընդգծեց պատգամավորը։

Քարոզարշավից դուրս ժամանակահատվածում կուսակցությունների բարեգործությունների վերաբերյալ Մարտիրոսյանը ասաց, որ անհրաժեշտ է հստակեցնել կուսակցությունների մասին օրենքը, որը բարեգործություն անելը չի արգելում: Այս պարագայում արդեն կուսակցությունները կարողանում են օգտվել օրենքի բացից ու իրենց պետք եղած ժամանակ բարեգործություն անել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG