Մատչելիության հղումներ

Թալիբների դիակներն անարգած ամերիկացի զինվորներից երկուսի ինքնությունը պարզվել է


Հաղորդագրությունների համաձայն` պարզվել է սպանված թալիբների դիակներն անարգած ամերիկացի չորս ծովային հետեւակայիններից առնվազն երկուսի ինքնությունը։

Այդուհանդերձ, զինծառայողների անունները չեն հրապարակվում, քանի որ քննությունը դեռ շարունակվում է։ Հաղորդվում է միայն, որ YouTube-ում տեղադրված սկանդալային կադրերում պատկերված են Հյուսիսային Քարոլինայի «Քեմփ Լըջյոն» ռազմակայանի ստորաբաժանման զինծառայողները։ CNN-ի փոխանցմամբ` այդ ստորաբաժանումը Աֆղանստանում տեղակայվել է 2011 թվականի սկզբին եւ վերադարձել է աշնանը։

ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Լեոն Փանեթան հայտարարել է, որ հրահանգել է միջադեպի հետաքննություն անցկացնել, եւ խոստացել է, որ դրանում ներգրավված զինծառայողները պատասխանատվության կենթարկվեն ամենայն խստությամբ։

Ինչպես Փանեթան, այնպես էլ Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, Աֆղանստանում տեղակայված միջազգային ուժերի հրամանատարությունը, Աֆղանստանի ղեկավարությունը դատապարտել են տեղի ունեցածը որպես արգահատելի երեւույթ։

«Թալիբան» խմբավորման խոսնակը «բարբարոսական» է որակել կադրերում պատկերված զինվորների արարքը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG