Մատչելիության հղումներ

Ղարաբաղում էներգահամակարգը չի մասնավորեցվի


Լեռնային Ղարաբաղում քաղաքական որոշում է ընդունվել հրաժարվել էներգահամակարգը մասնավորեցնելու մտադրությունից:

Վարչապետ Արա Հարությունյանը հայտարարել է, որ իրենք հրաժարվել են անցյալ տարի հավատարմագրային կառավարման հանձնված «Արցախէներգո»-ն եւ «Արցախգազ»-ը «Էյ-Ի-Ջի» ընկերության մասնաճյուղին մասնավորեցնելու գաղափարից:

«Մենք հրաժարվել ենք այդ գաղափարից, որովհետեւ [ընկերությունը] հետապնդում էր մասնավորեցում այդ համակարգերի: Մենք կառավարման պայմանագիրը կնքելու ժամանակ հայտարարել էինք, որ եթե զգանք, որ արդյունավետ է լինելու, եթե մեր երկիրը, իշխանությունը` ժողովուրդը, կառավարությունը, նախագահը, Ազգային ժողովը, որոշենք, որ մենք սեփականաշնորհում ենք այդ համակարգերը, շարունակելու ենք եւ նախընտրելու ենք նրանց», - ասել է վարչապետը:

Հարությունյանի խոսքով, հաշվարկները նույնպես նպաստել էին այդ համակարգերի սեփականաշնորհման գաղափարից հրաժարվելուն, քանի որ սեփականաշնորհման արդյունքում պետք է բարձրանային գազի եւ էլեկտրաէներգիայի սակագները:

Հարությունյանի փոխանցմամբ, երկարատեւ քննարկումներից հետո, նախագահ Բակո Սահակյանը ցուցում է տվել` առաջիկա տարիներին չմտածել այդ ընկերությունների սեփականաշնորհման մասին:

Անցյալ տարեսկզբին, հիշեցնենք, վարչապետը բավական ոգեւորված էր խոսում «Արցախգազ»-ը եւ «Արցախէներգո»-ն մասնավոր կառավարման հանձնելու գաղափարի մասին` ընդդիմախոսներին հակադարձելով, թե մասնավոր ներդրումները տնտեսության տարբեր ճյուղերում նպատակահարմար ու արդյունավետ կլինեն:

«Էյ-Ի-Ջի» ընկերության մասնաճյուղն արդեն փակել է իր գրասենյակը Ղարաբաղում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG