Մատչելիության հղումներ

Շիրակի մարզի Սպանդարյան գյուղից վեց ամիս առաջ բանակ զորակոչված 18-ամյա Հայկ Խաչատրյանը դեկտեմբերի 30-ին Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում մահացել է, հարազատների պնդմամբ, ջրծաղիկի բարդացման հետեւանքով:

Զինվորի հարազատները զարմանում են, թե 21-րդ դարում ինչպե՞ս կարող էր մայրաքաղաքի զորամասում ծառայող զինվորը մահանալ ջրծաղիկից, ու պնդում, որ Հայկը զինվորական հոսպիտալի բժշկի եւ հրամանատարի անտարբերության պատճառով է մահացել եւ այն որակում սպանություն:

Հայկ Խաչատրյանի տատիկը` Աիդա Ավագյանը, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում պատմեց, որ Հայկը զորամասում ունեցել է դիմային նյարդի բորբոքում, սակայն հրամանատարը դրան չի հավատացել:

«Հիվանդ է եղել, դիմել է հրամանատարին, հրամանատարն ասել է, թե սուտ ես ասում, գլիցերին ես քսել աչքիդ, դրա համար աչքդ չի փակվում, դու սիմուլյանտություն ես անում, պիտի վազես: Էրեխեն էլ էդպես հիվանդ վազել է, հաջորդ օրը դեմքը պարալիզացվել է, էդ վիճակով էդ օրն էլ վազել տվել, գիշերն էլ կարաուլ է կանգնել: Դեկտեմբերի 8-ին շատ վատացել, մի օր էլ սանմասում են պահել, չեն ուղարկել անմիջապես հիվանդանոց, ամսի 9-ին տեղափոխվել է էդ անտեր հոսպիտալը: Մայրը բժշկուհու հետ խոսել է, ասել է, որ ջրծաղիկի նշաններ կան, բայց դեմքի պարալիզը պետք է բուժենք, դրանից հետո նոր տեղափոխենք ինֆեկցիոն հիվանդանոց: Էհ, մինչեւ էրեխու դեմքը իբր մի քիչ վերականգվեց, պիտի տեղափոխեին ինֆեկցիոն հիվանդանոց, էս զուլումն եկավ մեր գլխին», - պատմեց զինվորի տատը:

Հայկի հարազատները պնդում են, որ հոսպիտալում սխալ բուժում են նշանակել, որի հետեւանքով ջրծաղիկ հիվանդությունն ավելի է բարդացել: Նրանք Հայկի մահվան մեջ մեղադրում են հոսպիտալում բուժող բժշկին եւ զորամասի հրամանատարին:

«Սխալ տեղ են տարել, սխալ բուժում են տվել, անփույթ, անհոգ վերաբերմունք են ցույց տվել, զինվորին բացարձակ անտեսել են, սկզբից եւեթ սխալ են բուժել էրեխիս, պիտի ջրծաղիկը բուժեին, ոչ թե դիմային ներվի բորբոքումը», - արտասվելով պատմում էր տատը:

Պաշտպանության նախարարության քննչական ծառայության հասարակայնության հետ կապերի ավագ սպա Մերի Սարգսյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ` Քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 2-րդ մասով, այն է` անփույթ վերաբերմունք ծառայության նկատմամբ, որն առաջացրել է ծանր հետեւանքներ: Ըստ Մերի Սարգսյանի` ներկա պահին ձերբակալվածներ չկան, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, եւ արդյունքները ստանալուց հետո, եթե մեղավոր անձինք լինեն, կպատժվեն:

Դեկտեմբերի 27-ին երբ հարազատներին հայտնում են, որ Հայկի առողջական վիճակը վատացել է, հայրը, Աիդա Ավագյանի խոսքերով, գնում է ու որդուն մեկուսացված ու անտարբերության մատնված է գտնում հոսպիտալում:

«Էրեխին գցել են մի տեղանոց սենյակ, քլորը լրիվ շաղ են տվել սենյակով մեկ, որ իբր վարակիչ հիվանդ է արդեն, էրեխեն հազիվ է խոսել, սրտթափոց է ունեցել: Մի քույր, մի բժիշկ էդ սենյակի դուռը չի բացել նույնիսկ: Իսկ երբ դեկտեմբերի 28-ին հայրը տեսել է, որ էրեխեն գալարվում է ցավից, մի հերթապահ բժիշկ է եղել, էդ բժիշկը նույնիսկ մի ցավազրկող չի տվել: Հետո մի կերպ տեղափոխել են ինֆեկցիոն, ինֆեկցիոնում էրեխես մահացել է: Զինվորը 20 օր պառկել է հիվանդանոցում, մահացել է հիվանդանոցում: Ուրիշ բան, որ ասեին, մինչեւ հասցրին հիվանդանոց, մահացավ: 20 օր պառկելուց հետո մահանա, ո՞վ է մեղավոր, իմ առողջ էրեխին ուղարկել ենք, բժիշկները սպանել են», - ասաց Աիդա Ավագյանը:

Ինֆեկցիոն հիվանդանոցում Հայկի կյանքը չեն կարողացել փրկել: Հարազատներին տեղեկացնում են, որ ջրծաղիկն ախտահարել է զինվորի գրեթե բոլոր ներքին օրգանները, նաեւ ուղեղը:

Մահացած զինվորի հարազատները պահանջում են, որ պատասխանատվության ենթարկվեն բոլոր մեղավորները, նամակով դիմել են նաեւ երկրի ղեկավարներին ու համապատասխան կառույցներին:

«Ես սրանով իմ երեխայի կյանքը հետ չեմ բերում, բայց պաշտպանելու եմ մնացած բոլոր նորակոչիկներին, որ մի նոր մայր չլացի, սեւ չհագնի, մի նոր տուն չավերվի», - ասում է տատը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG