Մատչելիության հղումներ

Բնապահպանների պնդմամբ, Հայաստանը շարունակում է խախտել Օրհուսի կոնվենցիան


Թեղուտի պաշտպանության խումբը կրկին դիմել է Օրհուսի կոնվենցիայի համապատասխանության կոմիտե: Խումբը շարունակում է պնդել, որ Հայաստանի կառավարությունը ոչ միայն չի կատարել ստանձնած պարտավորությունները, այլեւ շարունակում է խախտել դրանք:

Խոսքը բնապահպանական տեղեկատվությանն առնչվող Օրհուսի կոնվենցիայի մասին է: Նախորդ տարի ՄԱԿ-ի տնտեսական եւ սոցիալական խորհուրդը քննարկել էր Հայաստանի բնապահպանական կազմակերպությունների բողոքը: Քննարկման արդյունքում Կոմիտեն կազմել էր մի փաստաթուղթ, որտեղ ամրագրվել էր Հայաստանի կառավարության երեք հիմնական բացթողումները ու տրվել որոշակի առաջարկություններ դրանք վերացնելու ուղղությամբ:

«Մինչ հիմա Հայաստանի կառավարությունը անտեսել է կոմիտեի եզրակացությունը», - ասում է փաստաբան Հայկ Ալումյանը, ով մի շարք դատական գործերում հանդես է գալիս որպես Թեղուտի պաշտպանության խմբի ներկայացուցիչ: Փաստաբանը նշում է, որ Հայաստանի դատարաններն ու կառավարությունը պետք է անվավեր ճանաչեին Թեղուտի հանքավայրի շահագործման հետ կապված բոլոր որոշումները, այդ թվում` հանքավայրի շահագործման արտոնագիրը:

Թեղուտի պաշտպանությամբ հանդես եկող «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանն էլ հայտարարում է, որ կառավարությունը` ի դեմս Քաջարանի ծրագրի, շարունակում է խախտել միջազգային փաստաթղթերով ստանձնած պարտավորությունները` անտեսելով Քաջարանի բնակչության պահանջը:

«Ունենք այլ որոշում, որը վերաբերում է ուրանի հանքավայրերի հետախուզմանը: Այդ որոշումը նույնպես կայացվել է մեր ե՛ւ ներպետական օրենսդրության, ե՛ւ Օրհուսի կոնվենցիայի խախտմամբ», - ասում է Փոստանջյանը:

Օրհուսի կոնվենցիայի Հայաստանի ազգային համակարգող Աիդա Իսկոյանը, սակայն, գտնում է, որ Հայաստանի կառավարությունը լուրջ բացթողումներ չունի ու Կոմիտեի առաջարկների կատարման համար դեռ ժամանակ ունի:

Նա մատնանշում է մի շարք օրենսդրական նախաձեռնություններ, որոնցով բարեփոխման է ենթարկվելու շրջակա միջավայրի վրա ազդեցություն ունեցող թողնող ծրագրերի ոլորտը: Իսկոյանը միեւնույն ժամանակ նշում է, որ Կոմիտեն ընդամենը առաջարկություններ է արել: Ի տարբերություն այլ միջազգային փաստաթղթերի խախտման դեպքերի, այս պարագայում դեպքում Կոմիտեն իրավական լծակ չունի, թեեւ Հայաստանը վավերացրել է Օրհուսի կոնվենցիան ու պարտավորվել կատարել դրա դրույթները:

Համաձայն Կոնվենցիայի համապատասխանության կոմիտեի եզրակացության, Հայաստանը չի ապահովել Օրհուսի կոնվենցիայով ամրագրված շրջակա միջավայրի վերաբերյալ որոշումների կայացման գործում հանրության պատշաճ մասնակցությունը, շրջակա միջավայրի վերաբերյալ տեղեկատվության ու արդարադատության մատչելիությունը: Սրանք են այն բացթողումները, որոնք ամրագրել է կոմիտեն: Այն առաջարկել էր մինչեւ այս տարվա ապրիլ Հայաստանի օրենսդրությունը համապատասխանեցնել կոնվենցիայի դրույթներին:

please wait

No media source currently available

0:00 0:03:23 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG