Մատչելիության հղումներ

Բելառուսում հերթական լրագրողն է բանտարկվել


Բելառուս - Ոստիկանությունը ցրում է ընդդիմության ցույցը Մինսկի կենտրոնում, դեկտեմբեր, 2011թ.

Բելառուս - Ոստիկանությունը ցրում է ընդդիմության ցույցը Մինսկի կենտրոնում, դեկտեմբեր, 2011թ.

Բելառուսում հերթական անգամ լրագրող է բանտարկվել` օպերատոր Ալյակսանդր Բարազենկան:

Նա ձերբակալվել է անցած կիրակի օրը` հունվարի 8-ին, Պետական անվտանգության կոմիտեի (ԿԳԲ) դիմաց ընդդիմության բողոքի ակցիան նկարահանելու համար:

Ակցիան կազմակերպել էր ընդդիմության ակտիվիստ Միկիտա Կավալենկան, որը նույնպես ձերբակալվել է:

Մինսկի կենտրոնական դատարանը որոշել է, որ օպերատորը եւս հավասար պատասխանատվություն է կրել չթույլատրված հավաքի համար: Բարազենկան նախկինում եւս նմանատիպ գործողություններ է նկարահանել:

Դատարանը լրագրողին 11 օրվա, իսկ ընդդիմադիր ակտիվիստ Կավալենկային` 15 օրվա ազատազրկման է դատապարտել:

Ալյակսանդր Բարազենկան հայտարարել է, որ ինքը չի մասնակցել բողոքի ակցիային, այլ որպես լրագրող իր աշխատանքն է կատարել՝ նկարահանելով հավաքը:

Մեկուսարանում նա հացադուլ է հայտարարել` այս ծայրահեղ ձեւով բողոք արտահայտելով իրեն ձերբակալելու եւ ազատազրկման դատապարտելու դեմ:

Նրա դատապաշտպանը «Ազատություն» ռադիոկայանի բելառուսական ծառայությանը հայտել է, որ չորեքշաբթի օրը իրեն չեն թույլատրել մեկուսարանում հանդիպում ունենալ իր պաշտպանյալի հետ:

Փաստաբանը ասել է, որ հանդիպումն անհրաժեշտ է` քննարկելու համար իր պաշտպանյալի բողոքի հայցը, ինչպես նաեւ ստուգելու նրա առողջական ներկայիս վիճակը, բայց մեկուսարանի պաշտոնյաները չեն թույլատրել տեսակցությունը:

Լրագրողների պաշտպանության կոմիտեն, որի կենտրոնակայանը գտնվում է Նյու Յորքում, դատապարտել է Բարազենկայի ձերբակալությունը եւ Բելառուսի իշխանություններին կոչ է արել անհապաղ ազատ արձակել նրան:

Մամուլի ազատության հարցերով ԵԱՀԿ-ի ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը, նույնպես դատապարտելով Բարազենկայի ձերբակալությունը, ընդգծել է, որ Բելառուսի կառավարությունը լրագրողներին պետք է թույլատրի լուսաբանել քաղաքական ցանկացած իրադարձություն, անկախ նրանից` այդ իրադարձությունը իշխանությունների կողմից արտոնված է, թե ոչ, քանի որ հանրությունը տեղեկացված լինելու իրավունք ունի:

Բելառուսի լրագրողների ընկերակցության փոխնախագահ Անդրեյ Բաստունեցը «Ազատություն» ռադիոկայանին հայտնել է, որ 2011թվականի ընթացքում Բելառուսի իշխանությունները առնվազն 100 լրագրողի են ձերբակալել, որոնք լուսաբանում էին հանրային հավաքներն ու ակցիաները:

«Մենք փորձում ենք համոզել իշխանություններին, որ լրագրողներն իրենց մասնագիտական աշխատանքն են կատարում, որի բոլոր իրավունքներն ունեն: Լրագրողների ձերբակալությունները նշանակում է խախտել նրանց իրավունքները», - ասել է նա` նշելով, որ հիմա հետեւում են Ալյակսանդր Բարազենկայի գործին եւ ամբողջովին աջակցում են նրան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG