Մատչելիության հղումներ

ՀՔԾ-ի որոշման դեմ կին գործարարի առաջին բողոքը մերժվել է


Գործարար Սիլվա Համբարձումյան եւ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյան

Գործարար Սիլվա Համբարձումյան եւ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյան

Գործարար Սիլվա Համբարձումյանի եւ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի միջեւ «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում տեղի ունեցած միջադեպի փաստով հարուցված քրեական գործը կարճելու` Հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ) որոշման դեմ կին գործարարի առաջին բողոքը մերժվել է:

Մարզպետը անցած տարվա նոյեմբերի 14-ին հյուրանոցի նախասրահում հարվածել էր Սիլվա Համբարձումյանին, սակայն «ծեծի» հատկանիշներով հարուցված քրեական գործը Հատուկ քննչական ծառայությունը մեկ ամիս անց կարճեց` հիմնավորելով, որ Սուրիկ Խաչատրյանը կնոջը, ճիշտ է, մեկ անգամ ձեռքով հարվածել է, բայց դա ավելի շատ հրելու է նման, քան ծեծի` քրեական իրավունքի տեսությունում «ծեծել» ասելով հասկացվում է ֆիզիկական ցավ պատճառելուն ուղղված բազմաթիվ հարվածներ հասցնելը:

Այս հիմնավորումից եւ նախաքննության օբյեկտիվությունից դժգոհ` Սիլվա Համբարձումյանի փաստաբան Կարեն Թունյանը բողոք էր ներկայացրել Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի անունով։ Գլխավոր դատախազը բողոքը վերահասցեագրել է գործի նախաքննության նկատմամբ վերահսկողություն իրականացնող դատախազին, վերջինս էլ եզրակացրել է, որ նորմալ քննություն է ընթացել, որոշումը օբյեկտիվ է, Սիլվա Համբարձումյանի բողոքն էլ` անհիմն։

Կարեն Թունյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ նախաքննական մարմինը հրաժարվում է իրեն տրամադրել մարզպետի, դեպքի ականատեսների ցուցմունքների պատճենները, ինչպես նաեւ տեսագրության պատճենը, որպեսզի կարողանա համադրել ու համեմատել դրանք։ Բայց ընդամենը մեկ անգամ հնարավորություն ստանալով դրանք ընթերցել ու դիտել` փաստաբանը համոզվել է, որ «շատ մակերեսորեն է քննությունը կատարված». - «Որոշման մեջ, մասնավորապես, նշված էր, թե դա հարված չի եղել, այլ հրոցանման ինչ-որ մի բան է եղել։ Ու երբ ես տեսա ձայնագրությունը, ես հասկացա, որ դա առնվազն անհեթեթություն է, թե դա հրոցի է նմանվել, որովհետեւ դա որ հարված էր եւ, ընդ որում, սաստիկ հարված էր` ինձ համար ակնհայտ էր»։

«Հարվածը, այնուամենայնիվ, բռնի գործողություն է եւ, իմ կարծիքով, քրեորեն դատապարտելի։ Հակառակ պարագայում` կարելի է ցանկացած մարդու հենց հիմա գնալ ապտակել եւ ասել` «ընդամենն ապտակեցինք», սկսած ամենաբարձր պաշտոնատարից, վերջացրած ամենաներքեւի պաշտոնատարով, կամ ցանկացած մարդու` ով ում ուզի կապտակի», - ընդգծեց Թունյանը` հավելելով. - «Ամբողջ հարցը այն է, որ համառորեն մեզ մերժում են նյութերի պատճենները տրամադրել, ինչը, իմ կարծիքով, ապօրինի է եւ կատարվում է բացառապես մեկ նպատակով` որպեսզի Սիլվա Համբարձումյանի իրավունքները հնարավոր չլինի պաշտպանել»։

Փաստաբանը տեղեկացրեց, որ պատրաստվում է նոր բողոք ուղարկել գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին, իսկ մերժում ստանալու դեպքում դիմելու են դատարան:

Սիլվա Համբարձումյանը «Ազատություն» ռադիոկայանին ասաց, թե կասկած չունի, որ մարզպետի նկատմամբ իշխանությունների նման հանդուրժողականությունը պայմանավորված է առաջիկա ընտրություններով։

«Ես հասկացա, որ սպասում են` ընտրությունները վերջանան, որ իր հարցերը հետո ուրիշ տարբերակով լուծեն։ Ես այդպես կարծում եմ», - ասաց կին գործարարը։

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG