Մատչելիության հղումներ

logo-print

Թուրքիայի ճնշումը Ֆրանսիայի վրա շարունակվում է


Թուրքիայի` Եվրամիության հետ հարաբերությունների գծով նախարար Էգեմեն Բաղիշը Պոդգորիցայում, 10-ը հունվարի, 2012թ.

Թուրքիայի` Եվրամիության հետ հարաբերությունների գծով նախարար Էգեմեն Բաղիշը Պոդգորիցայում, 10-ը հունվարի, 2012թ.

Թուրքիայի դիվանագիտական ճնշումը Ֆրանսիայի վրա շարունակվում է: Հունվարի 23-ին ֆրանսիական Սենատում նախատեսված քննարկումներից առաջ թուրքական կառավարության ներկայացուցիչները տարբեր մակարդակներով կոչ են անում պաշտոնական Փարիզին հրաժարվել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի վերջնական հաստատման գաղափարից:

Չորեքշաբթի օրը նոր հայտարարություններով է հանդես եկել Թուրքիայի` Եվրամիության հետ հարաբերությունների գծով նախարար եւ պաշտոնական Բրյուսելի հետ բանակցություններում թուրքական պատվիրակության ղեկավար Էգեմեն Բաղիշը:

«Ինտերֆաքս» լրատվական գործակալության փոխանցմամբ` թուրք նախարարը հայտարարել է. - «Եթե շրջանառության մեջ գտնվող նախագիծն ի վերջո օրենքի ուժ ստանա, ապա կլինեն հավելյալ պատժամիջոցներ»:

Բաղիշը, սակայն, չի հստակեցրել, թե Ֆրանսիայի դեմ ինչպիսի նոր պատժամիջոցներ են կիրառվելու: «Դա ես թողնում եմ Ֆրանսիայում որոշումներ կայացնող մարդկանց երեւակայությանը», - ասել է թուրք պաշտոնյան:

Ուշագրավ է, որ Բաղիշն իր այս հայտարարությունը հնչեցրել է Լիտվա կատարած այցի շրջանակներում, մի երկիր, որի խորհրդարանը դեռ 2005 թվականին է ճանաչել Հայոց ցեղասպանությունն ու «պատմական փաստերն ընդունելու» կոչով դիմել Թուրքիային:

Վիլնյուս ժամանելուց առաջ Էգեմեն Բաղիշը Ֆրանսիայի Սենատի առաջիկա քննարկումների մասին խոսել էր նաեւ Չերնոգորիայի մայրաքաղաք Պոդգորիցայում:

Հարավսլավական այս նախկին հանրապետություն կատարած այցի շրջանակներում թուրքական կառավարության` Եվրամիության հետ կապերի թիվ մեկ պատասխանատուն, Anadolu գործակալության փոխանցմամբ, հայտարարել էր. - «Ցեղասպանությունների ժխտման համար քրեական պատիժ սահմանող օրինագծի ընդունումը հակասում է Ֆրանսիական հեղափոխության արժեքներին: Ամեն դեպքում, ես վստահ եմ, որ ֆրանսիական դատարանները Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար մեղադրական դատավճիռներ չեն կայացնի»:

Ընդհանուր առմամբ, սակայն, տպավորություն է ստեղծվում, որ թուրքական կողմը զգում է, որ ապրիլին Ֆրանսիայում կայանալիք նախագահական ընտրությունների շեմին Սարկոզիի կառավարությունը հաստատակամ է օրինագծի վերջնական ընդունման հարցում:

«Մեր կարծիքով, այս հարցը օրակարգային կլինի մինչեւ նախագահական ընտրությունները, որից հետո թուրքական կողմը ստեղծված իրավիճակին արդեն նոր գնահատական կտա», - նշել է Բաղիշը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG