Մատչելիության հղումներ

ԳՀԽ-ն մտահոգված է Թբիլիսիի Սուրբ Նշան եկեղեցում փլուզման առնչությամբ


Երեկ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել Գերագույն հոգեւոր խորհրդի ժողով, որի ընթացքում քննության է առնվել Թբիլիսիի Սուրբ Նշան հայկական եկեղեցու փլուզման խնդիրը:

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի փոխանցմամբ` ժողովում ընդունվել է հայտարարություն, որում, մասնավորապես, ասված է. - «Ցավով տեղեկացանք, որ հունվարի 9-ին փլուզվել է Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում գտնվող Սուրբ Նշան հայկական եկեղեցու հյուսիսարեւելյան հատվածը: Մեծապես անհանգստացած սույն փաստով եւ նկատի ունենալով Շամխորեցոց Կարմիր Ավետարան եւ Մուղնեցոց Սուրբ Գեւորգ հայկական եկեղեցիների փլուզման նախադեպերը` Գերագույն հոգեւոր խորհուրդն արտահայտում է իր խորը մտահոգությունը»:

Հիշեցնելով, որ անցած տարվա հունիսին Ամենայն Հայոց Գարեգին երկրորդ կաթողիկոսի Վրաստան կատարած այցի ընթացքում Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի եւ Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա երկրորդի հետ տեղի ունեցած հանդիպմանը հայկական կողմին հավաստիացում էր արվել, որ փլուզված եւ փլուզման վտանգի ենթակա հայկական եկեղեցիների նկատմամբ պատշաճ խնամք եւ հոգատարություն կդրսեւորվի, Գերագույն հոգեւոր խորհուրդը շարունակում է. - «Հակառակ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի եւ Վիրահայոց թեմի կողմից հնչեցված ահազանգերի` վրացական կողմի անուշադրությունը եւ հապաղումը հրատապ խնդիրների լուծման մեջ, ցավոք, այսօր կանգնեցրել է մեզ տխուր այս իրավիճակի առջեւ»:

Գերագույն հոգեւոր խորհուրդը կոչ է ուղղում Վրաստանի իշխանություններին` «անհապաղ քայլեր ձեռնարկել փրկելու կործանումից Սուրբ Նշան հայկական եկեղեցին, հետամուտ լինել Վրաստանի մշակութային ժառանգության մաս կազմող հայկական սրբավայրերի պահպանությանն ու խնամքին եւ ընդառաջ Վիրահայոց թեմի խնդրանքին` վիրահայությանը վերադարձնել պահանջված հայկական եկեղեցիները»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG