Մատչելիության հղումներ

Հունվարի 12-ի մամուլ


«Ժամանակ»-ի խմբագրականն ընդհանրացնում է. - «Հայաստանի քաղաքական կյանքը կարծես թե հայտնվել է փակ ցիկլի մեջ եւ դուրս չի գալիս անկախության առաջին երկու տասնամյակի դեմքերից ու դեպքերից: Նրանք անընդհատ վերադառնում են, տարբեր կարգավիճակներով, տարբեր ճանապարհներով, ուղղակի կամ գուցե առայժմ անուղղակի, բայց Հայաստանի քաղաքական կյանքը կառուցվում է նրանց գնալու եւ գալու վրա: Այլ բան այդ կյանքում չի կատարվում, այլ անցուդարձ այդ կյանքում չկա, իսկ եթե անգամ լինում է, ապա այդ անցուդարձի հեղինակները հայտնվում են համընդհանուր թիրախի դերում եւ մեղադրվում քաղաքական հերետիկոսության համար, եթե համարձակվում են չճանաչել «քսանամյա» որեւէ հեղինակություն եւ առաջնորդվել նոր պատկերացումներով: Մենք հաճախ ենք որպես փոփոխությունների օրինակ մատնանշում Վրաստանը: Անշուշտ, այնտեղ էլ ամեն ինչ այնքան հարթ չէ, փայլուն չէ, որքան կարող է թվալ առաջին հայացքից, բայց որ ամեն ինչ խոսուն է եւ խոսուն է կատարված փաստերով, դա էլ անկասկած է: Եվ այդ ամենի գլխավոր պատճառներից մեկն էլ երեւի թե հենց այն է, որ այդ երկրի քաղաքական կյանքում Սաակաշվիլին ընդհատեց գնալ-գալու պրակտիկան եւ գնալուց հետո այլեւս գալ չկա: Ընդ որում, այդպես է ամբողջ աշխարհում, եզակի բացառություններով հանդերձ՝ ձախողվածը, անարդյունավետը, սպառվածը հեռանում է եւ չի էլ փորձում ռեաբիլիտացվել»:

«Հայոց Աշխարհ»-ը գրում է. - «Ողջունելի է, անշուշտ, որ, օրինակ, իշխանության ներկայացուցիչները հանդես են գալիս նորմալ ընտրություններ կազմակերպելու հավաստիացումներով: Լավ է նաեւ, որ հասարակության տարբեր շերտեր եւս նման ակնկալիքներ ունեն: Սակայն, ցավոք, մեծ է հավանականությունը, որ առաջիկա ընտրությունների հետ կապված լավատեսական ակնկալիքները չեն իրականանա կամ փոքր չափով կիրականանան։ Կուզենայինք, իհարկե, սխալված լինել մեր կանխատեսումներում, բայց ընդդիմադիր առանձին գործիչների եւ կազմավորումների հրապարակային ելույթներում արդեն դրսեւորված, աստիճանաբար ուժգնացող ու առաջիկայում ինքնըստինքյան սաստկանալիք ագրեսիվ հռետորաբանությունը ոչ մի լավ բան չի հուշում, էլ չասած ակնկալիքների մասին։ Օրինակ, ինչի՞ է պատրաստվում ընդդիմադիր ճամբարում առավել ակտիվ «փողոցային պայքարով» աչքի ընկնող ՀԱԿ-ը` Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ։ Դատելով այդ քաղաքական ուժի պաշտոնական դեմք համարվող Լեւոն Զուրաբյանի հայտարարություններից` կոնգրեսը պատրաստվում է ոչ թե ընտրությունների, այլ... պատերազմի, առնվազն՝ ճակատամարտի»։

«Չորրորդ ինքնիշխանություն»-ը գրում է. - «Արդեն իսկ ակնհայտ է, որ թեեւ քաղաքական բոլոր ուժերը խոսքով կողմ են հարյուր տոկոսանոց մեծամասնական ընտրակարգին, բայց Ազգային ժողովը դա չի ընդունելու: Պատճառը նույնպես հասկանալի է. իշխանությունները վստահ են, որ մենամասնականով «նաղդ» 41 մանդատ են ունենալու: Բայց որտեղի՞ց այդ վստահությունը: Հայաստանը, ինչպես հայտնի է, բաժանված է 41 ընտրատարածքների, եւ դրանցից յուրաքանչյուրում միջին հաշվով 70-75 հազար մարդ է բնակվում: Մոտավորապես այնքան, որքան, օրինակ, Հրազդան քաղաքում եւ հարակից գյուղերում: Տեսականորեն նման փոքր տարածքներում իրավիճակը վերահսկելն ավելի հեշտ է, բայց հարց է ծագում` այդ դեպքում ինչպե՞ս է պատահում, որ միշտ «հաղթում է» իշխանությունների ներկայացուցիչը կամ հովանավորյալը: Հիմնական պատճառները երկուսն են: Առաջին. նման տարածքներում անպայման գոյություն ունի վաղուց ձեւավորված իշխանական մինի-բուրգ, որի մեջ մտնում են, ասենք, քաղաքապետն եւ գյուղապետերը, ոստիկանապետը, հարկայինի պետը եւ այլն: Այսինքն` բոլոր նրանք, ովքեր այս կամ այն չափով հարստանում են ժողովրդի հաշվին եւ վախենում են, որ իշխանափոխության դեպքում կզրկվեն այդ հնարավորությունից: Երկրորդ պատճառն ավելի շատ հոգեբանական է: Մարզերում գերիշխում է այն մտածելակերպը, թե «լավ, ջհանդամը, թող մեր դեպուտատն էլ էս հաստավիզը լինի, ասֆալտ-մասվալտ կանի` էլի քյար ա, մեկ ա` սաղ հարցերը Երեւանում են լուծվում»: «Չկա' այդպիսի բան, բոլոր հարցերը Երեւանում չեն լուծվում», - վստահություն է հայտնում թերթը եւ շարունակում. - «Իսկ ի՞նչ անել: Լուծումը շատ պարզ է, ընդդիմությունը պարտավոր է ուժեղ թեկնածուներ ունենալ բոլոր 41 ընտրատարածքներում: Տեխնիկապես սա միանգամայն հնարավոր է, որովհետեւ, մեր մեջ ասած, չի կարող լուրջ համարվել այն ուժը, որի շարքերում գոնե 41 ազդեցիկ գործիչ չկա»:

«Հրապարակ»-ի խմբագրականը եւս անդրադառնում է առաջիկա ընտրություններին. - «Ամենավատ բանը, որ կարող է կատարվել Հայաստանի հետ, առաջիկայում կանխատեսելի ընթացքով ու ելքով ընտրություններն են: Կանխատեսելի ընթացք ասելով՝ նկատի ունեմ ընտրակեղծիքների բոլորիս հայտնի բույլը, ելքը՝ խորհրդարանի ներկա կազմն ու հարաբերակցությունը: Այս առումով գրեթե կատաստրոֆիկ կլինի, եթե որոշ պրոցեսներ ընթանան այնպես, ինչպես իշխանությունն է ծրագրել: Ասենք՝ ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն ընտրությունների գնան մի ցուցակով: Կամ՝ Հայ ազգային կոնգրեսի պասիվությունը շարունակվի մինչեւ ընտրություններ ու դրանից հետո»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG