Մատչելիության հղումներ

Հաղթանակին հավատում են ե'ւ ՀՀԿ-ն, ե'ւ ՀԱԿ-ը


Ինչպես իշխող ՀՀԿ-ն, այնպես էլ ընդդիմադիր ՀԱԿ-ը վստահ են, որ հաղթելու են ընտրություններում:

Ինչպես Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորած Հայ ազգային կոնգրեսը, այնպես էլ նախագահ Սերժ Սարգսյանի ղեկավարած Հայաստանի հանրապետական կուսակցությունը ակտիվորեն պատրաստվում են մայիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններին, ու երկու ուժն էլ համոզված են, որ զգալի ներկայացվածություն են ունենալու հաջորդ խորհրդարանում:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, այժմ ՀՀԿ-ն քննարկում է, թե ինչպիսին պետք է լինի իր համամասնական ցուցակը եւ ովքեր պետք է առաջադրվեն մեծամասնական ընտրատարածքներում:

ՀՀԿ-ի խոսնակ, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
ՀՀԿ-ի խոսնակ, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
Շարմազանովի խոսքով` արդեն հայտնի է այն փիլիսոփայությունը, որի համաձայն կկազմվեն ցուցակները. - «Այն պետական չինովնիկները, ովքեր չեն համապատասխանի պաշտոնյայի այն կերպարին, որի մասին խոսել է Հանրապետության նախագահը, եւ այն մարդիկ, ովքեր արդյունավետ չեն աշխատել կամ նրանց արդյունավետությունը այս կամ այն ոլորտում դրան չի համապատասխանի, բնականաբար, չեն լինի: Կլինի Էդուարդ Շարմազանովը թե Պողոս Պողոսյանը` դա արդեն կորոշի կուսակցության ղեկավար մարմինը` կուսակցության ղեկավարի գլխավորությամբ»:

Հայ ազգային կոնգրեսում նույնպես նախապատրաստական աշխատանքներ են տարվում: ՀԱԿ-ի կենտրոնական գրասենյակը առաջիկայում նիստ է գումարելու, որտեղ քննարկվելու են խորհրդարանական ընտրություններին մասնակցության հետ կապված կազմակերպական հարցեր, ինչպես նաեւ` ժողովրդի ակտիվացման հետ կապված խնդիրներ:

Կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանի փոխանցմամբ, Կոնգրեսը նախապատրաստվում է փետրվար-մարտ ամիսներին ժողովրդական մեծ ալիք բարձրացնել. - «Փետրվարին-մարտին պլանավորել ենք մի նոր ալիք բարձրացնել մարդկանց, զանգվածային լուրջ միջոցառումներ անցկացնել, որոնց շնորհիվ ճնշում կգործադրենք իշխանությունների վրա: Մեր հիմնական պահանջը կա եւ շարունակում է մնալ արտահերթ նախագահական ընտրությունների անցկացումը: Եթե դա չհաջողվի իրականացնել մինչեւ հերթական պառլամենտական ընտրությունները, ուրեմն մենք ամբողջ ընթացքը` նախընտրական, քարոզչական, նաեւ պառլամենտական ընտրությունները, ետընտրական գործընթացը, ամբողջ պիտի օգտագործենք այդ նպատակի իրագործման համար»:

Ինչ վերաբերում է ՀԱԿ-ի նախընտրական ցուցակին, ապա Զուրաբյանն ասաց, թե այդ հարցի շուրջ քննարկում դեռ չի եղել:

Հարցին` Լեոն Տեր-Պետրոսյանը ցանկություն ունի՞ մասնակցելու խորհրդարանական ընտրություններին, Զուրաբյանը պատասխանեց, որ առաջին նախագահը կընտրի այնպիսի մասնակցություն, որն առավելագույնս կօգնի Հայաստանում ժողովրդավարության հաստատման գործի հաջողությանը:

Նշենք, որ ե'ւ ընդդիմադիր ՀԱԿ-ը, ե'ւ իշխող ՀՀԿ-ն վստահ են, որ լուրջ հաջողություններ են ունենալու մայիսին կայանալիք ընտրություններում:

Էդուարդ Շարմազանով. - «Ապագա խորհրդարանական ընտրությունների հիմնական ֆավորիտը Հանրապետական կուսակցությունն է: Այն, որ բոլոր շանսերը կան, որ ժողովրդի մեծամասնությունը ձայնը կտա Հանրապետական կուսակցությանը, ես չեմ գրեթե կասկածում»:

Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը:
Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը:
Լեւոն Զուրաբյան. - «Ո՞ւմ պիտի հաջողվի, եթե ոչ Կոնգրեսին: Այսօր ո՞ր ուժը կարող է ասել, որ չորս տարի շարունակ տասնյակ հազարավոր մարդկանց հանել է փողոցներ: Ո՞ր ուժը գոնե մեկ քառորդը Կոնգրեսի արածի արել է:»:

Կոնգրեսի համակարգողի համոզմամբ` իրենք խորհրդարանում մեամասնություն կազմելու ռեալ հնարավորություն ունեն` եթե լինեն ազատ, արդար ընտրություններ. - «Ազատ, արդար ընտրություններին մենք չենք հավատում, չեն անելու իշխանությունները: Ուղղակի մենք պետք է ստեղծենք մի այնպիսի վիճակ երկրում, երբ ինչքան էլ իրենք փորձեն իրենց կեղծիքները իրականացնել, այնուամենայնիվ, ապահովվի ժողովրդի ձայնի այնպիսի ներկայություն պառլամենտում, որն արդեն ռեժիմի դիրքերը կսասանի եւ թույլ կտա անցնել վերջնական գրոհի»:

Ի դեպ, Լեւոն Զուրաբյանը ասաց, թե չի հավատում Սերժ Սարգսյանի` ամանորյա ուղերձում արած հայտարարությանը, որ պետք է հրաժարվել այն կարծրատիպից, թե ընտրությունները իշխանություն ձեռք գցելու կամ իշխանությունը պահելու միջոց է. – «Դրանք կոկորդիլոսի արցունքներ են: Եթե ինքը այդքան անկեղծ է այդ խոսքերի մեջ, ինքը ունի շատ պարզ լուծում. իր յուրացրած իշխանությունը պետք է ուղղակի հանձնի օրինական տիրոջը` ժողովրդին: Դրա համար նրանից պահանջվում է ընդամենը ստորագրել հրաժարականի փաստաթուղթը»:

Հակադարձելով Կոնգրեսի համակարգողին` ՀՀԿ-ի խոսնակը կոռեկտության կոչ արեց նրան. - «Ոչ կոռեկտ արտահայտություններ անող քաղաքական գործիչներին կոչ կանեի վերադառնալ կոռեկտության դաշտ: Չնայած նույն պարոն Զուրաբյանի դեպքում դա մի քիչ դժվար է»:

Հարցին, թե երկու ուժերի վստահությունը, որ հենց իրենք են հաղթելու ընտրություններում, արդյոք հակամարտության չի հանգեցնելու, Շարմազանովը արձագանքեց. - «Նախ, Հանրապետականը, ի տարբերություն ընդդիմադիր մեր գործընկերների, չի ասում` ես ամեն գնով հաղթելու եմ: Եվ մենք չենք ասում` եթե մենք չհաղթենք, ուրեմն կեղծված են: Մենք ասում ենք` մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի ընտրությունները լինեն ամբողջությամբ համապատասխանող մեր երկրի ստանձնած պարտավորություններին, եւ մենք գտնում ենք, որ այսօր ամենաազդեցիկ քաղաքական ուժը դա Հայաստանի հանրապետական կուսակցությունն է, որը ունի բոլոր շանսերը հաջողության հասնելու»:

please wait

No media source currently available

0:00 0:05:12 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG