Մատչելիության հղումներ

«Փակ շուկայի» ներսում ընթացող շինարարությունը ընդամենը նորոգման նպատակ ունի


Երեւանի «Փակ շուկայի» դարպասներն այս տարի չեն բացվել: Մաշտոցի պողոտայի սկզբնամասում գտնվող շուկայի եռուզեռին փոխարինելու են եկել նորոգման աշխատանքները:

Խոշոր գործարար Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի գրուպ» կոնցեռնի նախագահ Սեդրակ Առուստամյանը դեռ անցած տարվա սեպտեմբերին ասել էր, թե իրենց պատկանող «Փակ շուկան» վաճառվել է պատգամավոր Սամվել Ալեքսանյանին, ում պատկանում է «Երեւան սիթի» սուպերմարկետների ցանցը: Այս առնչությամբ լուրեր էին պտտվում, որ Սամվել Ալեքսանյանը պատրաստվում է այն վերածել «Երեւան սիթի» սուպերմարկետի: Վերջինս, սակայն, մի քանի օր առաջ «Ազատություն» ռադիոկայանին փոխանցել է, թե ինքը շուկան չի գնել, հետեւաբար այնտեղ սուպերմարկետ չի կառուցելու:

«Փակ շուկայի» ներսում ընթացող շինարարությունը ընդամենը բարեփոխման նպատակ ունի, «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց շուկայի տնօրենի վստահված անձ ներկայացած` Մարատ Ապեյանը: Նա նշեց, թե տեղյակ չէ, թե շուկան ով ում է վաճառել: Ապեյանը միայն ասաց, թե տնօրենը Վահագն Մկրտչյանն է, ով վստահել է իրեն շուկայի նորոգման աշխատանքները:

«Նորոգում ենք, որովհետեւ ջրերը տրաքած էին, պատերը քանդվում էին, զուգարանները վիճակ չունեին, հատակը քանդվում էր», - ասաց Ապեյանը: - «Չի փոխվում, ուղղակի մենք վերանորոգում ենք»:

Դեռ հայտնի չէ, թե շուկան երբ կրկին կբացի իր դռները: Շուկայի տնօրենի վստահված անձը «Ազատություն» ռաիոկայանին հավաստիացրեց, որ իրենք զբաղվում են շուկայի աշխատողների խնդրով: Ապեյանն ասաց, թե շուկայի 60 աշխատողի տեղավորել են այլ շուկաներում, մնացած 10-ի տեղավորման աշխատանքներն էլ ընթացքի մեջ են:

Հայաստանի ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց, որ շուկայի շենքը համարվում է ճարտարապետական հուշարձան եւ ենթակա է պահպանման:

«Եթե նրանք կոնստրուկցիային ձեռք չեն տալիս, եղած սպասարկման սեղանները փոփոխում են, սանհանգույցներն են վերանորոգում` դրանք կարող են անել: Բայց եթե այնտեղ արվում են մեծ փոփոխություններ` կապված կոնստրուկտիվ, ավելացման, երկաթբետոնյա աշխատանքների հետ, դրանք անպայման պետք է նախագիծ ունենան, որը հաստատված լինի ե՛ւ մշակույթի նախարարության կողմից, ե՛ւ քաղաքապետարանի», - հավելեց Ճարտարապետների միության նախագահը:

Մշակույթի նախարարությունը «Փակ շուկայի» վերաբերյալ նախնական նախագիծ է ստացել, որն առնչվում է շուկայի` որպես ճարտարապետական հուշարձանի ներսում կատարվող փոփոխություններին: Նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Գայանե Դուրգարյանը փոխանցեց, որ նախագիծը վերաբերում է շուկայի շենքում կատարվող փոփոխություններին` զերծ մնալով կառուցվածքային փոփոխություններից:

Երեւանի քաղաքապետարանից էլ տեղեկացրեցին, որ «Փակ շուկայի» ճարտարապետական տեսքի փոփոխման վերաբերյալ քաղաքապետարանը դիմում չի ստացել: Քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գրիգորյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ շուկայի շենքի ներսում կատարվող բարեփոխումները նաեւ քաղաքապետարանի պահանջն են եղել:

«Մենք տեսել ենք, որ այնտեղ անբարեկարգ վիճակ է` ոչ սանհանգույցն է նորմալ եղել, ոչ էլ ջուրն է նորմալ եղել: Իր առաջ պարտավորություն է դրվել` շտկիր», - պարզաբանեց քաղաքապետարանի ներկայացուցիչը:

XS
SM
MD
LG