Մատչելիության հղումներ

Մահացել է հետախույզ Գեւորգ Վարդանյանը` «Թեհրան-43»-ի հերոսի նախատիպը


Գեւորգ Վարդանյան

Գեւորգ Վարդանյան

Ծանր հիվանդությունից հետո, կյանքի 88-րդ տարում, երեկ մոսկովյան հիվանդանոցներից մեկում մահացել է խորհրդային հետախույզ Գեւորգ Վարդանյանը։ Այդ մասին հաղորդում են ռուսաստանյան լրատվամիջոցները։

Վարդանյանը խորհրդային հատուկ ծառայություններում աշխատել է 46 տարի։ Նա է ղեկավարել 1943 թվականին Թեհրանում կայացած Մեծ եռյակի առաջնորդների հանդիպման անվտանգության ապահովման գործողությունը, որի արդյունքում կանխվել է Ուինսթոն Չերչիլի, Ֆրանկլին Ռուզվելտի եւ Իոսիֆ Ստալինի դեմ ֆաշիստական Գերմանիայի ծրագրած մահափորձը, իրադարձություններ, որոնք ընկած են «Թեհրան-43» հայտնի ֆիլմի սյուժեի հիմքում։

1984 թվականին Վարդանյանին շնորհվել է Խորհրդային Միության հերոսի կոչում։

Հայազգի հետախույզի անունը գաղտնազերծվել է միայն 2000 թվականին։

Լեգենդար հետախույզի մահվան կապակցությամբ նրա ընտանիքին, հարազատներին եւ ընկերներին ցավակցական հեռագրեր են հղել Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը։

Սերժ Սարգսյանի խոսքով, Գեւորգ Վարդանյանն իր ողջ կյանքի ընթացքում մշտապես կապ է պահպանել Հայաստանի հետ, պատերազմի դժվարին տարիներին եղել է անկախ Հայաստանի հետ՝ իր խորհուրդներով ու աջակցությամբ նպաստելով արտաքին հետախուզության ծառայության կայացմանն ու ամրապնդմանը:

«Գեւորգ Վարդանյանի հետ հանդիպումներից եւ զրույցներից ես պահպանում եմ ամենաջերմ հիշողությունները: Նա եղել է Հայրենիքին արժանավայել ծառայության օրինակ, մշտապես բաց էր եւ բարյացակամ՝ շրջապատող մարդկանց հանդեպ: Գեւորգ Վարդանյանի մասին բարի եւ լուսավոր հիշողությունը միշտ կպահպանվի բոլոր այն մարդկանց սրտերում, ովքեր գեթ մեկ անգամ հանդիպել են նրան: Իմ ցավակցություններին է միանում նաեւ Ռիտա Սարգսյանը: Մենք անկեղծորեն ցավում ենք Ձեզ հետ միասին, կիսում Ձեր մեծ վիշտը», - ասված է Սերժ Սարգսյանի ցավակցական հեռագրում, որի տեքստը հրապարակել է նախագահի մամլո գրասենյակը։

Հետախույզի ընտանիքին ցավակցություն է հայտնել Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը։

«Լեգենդար հետախույզի եւ համակրելի մարդու կերպարը միշտ վառ կմնա ընկերների, աշխատակիցների, բոլոր ճանաչողների սրտերում», - ասված է, մասնավորապես, Ազգային անվտանգության ծառայության հաղորդագրությունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG