Մատչելիության հղումներ

2011-ին սննդամթերքի գներն աճել են 12 տոկոսով


2011 թվականի ընթացքում` 2010-ի հետ համեմատած, սննդամթերքի գները Հայաստանում աճել են ավելի քան 12 տոկոսով: Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության Գների վիճակագրության եւ միջազգային համադրումների բաժնի պետ Գուրգեն Մարտիրոսյանը:

Ինչ վերաբերում է ընդհանուր գնաճին, որի մեջ մտնում է նաեւ սննդամթերքի գնաճը, ապա այն, ըստ Մարտիրոսյանի, անցած տարի եղել է 7.7 տոկոս: Բանախոսը նաեւ ներկայացրեց, թե սննդամթերքի առանձին տեսակներ 2011-ի դեկտեմբերին 2010-ի դեկտեմբերի համեմատ ինչքան են թանկացել:

«Ամենաբարձր գնաճը նշված ժամանակահատվածում արձանագրվել է շաքարավազի գծով` 35.4 տոկոս: Սուրճ, թեյ, կակաոյի ապրանքային խմբում գնաճը կազմել է 18.9 տոկոս: Մսամթերքի գները աճել են 12.7 տոկոսով, հրուշակեղենի գները աճել են 12.9 տոկոսով, կաթնամթերքինը` 6.8 տոկոս», - պարզաբանեց ԱՎԾ-ի ներկայացուցիչը:

Միաժամանակ, Գուրգեն Մարտիրոսյանի խոսքով, 2011-ի դեկտեմբերին սննդամթերքի 3 ապրանքային խմբերում գրանցվել է գների նվազում. - «Դրանք են. ձուն` 0.3 տոկոսով, մրգի գները նվազել են 12.3 տոկոսով, եւ բանջարեղեն, կարտոֆիլ ապրանքային խմբի գները նվազել են 1 տոկոսով»:

Պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե անցած տարվա ընթացքում ինչքա՞ն է աճել աշխատավարձը, Գուրգեն Մարտիրոսյանն ասաց, թե միջին ամսական աշխատավարձի գծով տարեկան տվյալները դեռ չեն ամփոփվել, եւ այս պահի դրությամբ առկա վերջին տվյալը վերաբերում է 2011-ի նոյեմբերին:

«Միջին ամսական անվանական աշխատավարձը մեկ աշխատողի հաշվով 2011 թվականի նոյեմբերին կազմել է 114 հազար 766 դրամ: Նախորդ տարվա նոյեմբերի համեմատությամբ աճը կազմել է 6.3 տոկոս», - հավելեց ԱՎԾ-ի ներկայացուցիչը:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում տնտեսագետ Սամվել Ավագյանը հիշեցրեց, որ 2011-ի պետական բյուջեով նախատեսված էր, որ գնաճը պետք է լինի 4 տոկոս (±1.5 տոկոս):

«Ցավոք, գնաճի հիմնական շարժիչ ուժը պարենային ապրանքներն են: Այսինքն, եթե մենք գնաճը դիտարկենք զուտ պարենային ապրանքների մասով, այն զգալիորեն ավելի բարձր է օրենքով թույլատրելի միջակայքից», - այս առնչությամբ փաստեց տնտեսագետը: - «Սա նշանակում է, որ գնաճից առաջին հերթին տուժում են սոցիալապես անապահով խավերը, քանի որ նրանց մոտ պարենային ապրանքների սպառումը ծախսերի կառուցվածքում մեծ տեսակարար կշիռ ունի, ի տարբերություն միջին կամ ավելի հարուստ խավի»:

please wait

No media source currently available

0:00 0:04:10 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG