Մատչելիության հղումներ

Ցանկալի է խանդը հաղթահարել փոքր տարիքում


Հոգեբանության մեջ որեւե երեւութ, այդ թվում` խանդը, չի դիտարկում իբրեւ միանշանակ բացասական կամ դրական:

Խանդը կարող է լինել կառուցողական եւ ապակառուցողական: Հոգեբանների խոսքերով` կառուցողական խանդը հաղթահարելի է: Այն առավել շատ հանդիպում է մանուկ հասակում: Շատ կարեւոր է խանդի հաղթահարումը հենց այդ տարիքում, քանի որ այդ դեպքում արդեն հասուն մարդն ավելի հավասարակշռված է դառնում տվյալ հարցում:

20-ամյա Լուսինեի ծնողները պատմում են, որ նա մեկ տարեկանում, առաջին անգամ նորածին եղբորը տեսնելիս, խանդից հարվածել է երեխայի գլխին. - «Երբ եղբորս առաջին անգամ մեր տուն են բերել, էնքան եմ խանդել, որ խոհանոցից մեծ գդալ եմ բերել ու խփել եմ նորածին եղբորս գլխին: Որովհետեւ ամբողջ ուշադրությունը մի տարվա ընթացքում ինձ վրա էր սեւեռված, իսկ այդ ընթացքում արդեն ինձ այդքան էլ ուշադրություն չէին դարձնում. ես նեղվում էի դրանից: Հետո արդեն պատանեկան խանդն է սկսվում այն մարդկանց նկատմամբ, ում հավանում ես, բայց արդեն բարեկամների, ընկերների նկատմամբ խանդ չկա»,- պատմում է Լուսինեն:

Հոգեբան Մարիա Թեւոսյանը բացատրում է, որ մանուկ տարիքում առաջանում են խանդի հետեւանքով վիճաբանություններ ծնողների ու զավակների միջեւ: Երեխաները խանդում են եղբորը կամ քրոջը ծնողների նկատմամբ, կամ ծնողներին` միմյանց նկատմամբ, նույնիսկ հարեւանների երեխաներին.

«Մանուկ տարիքում, երբ ծնվում է փոքր քույրը կամ եղբայրը, երբ առաջանում են տարբեր վիճաբանություններ ծնողական սիրո եւ ուշադրության հետ կապված, այս խանդը ցանկացած պարագայում յուրաքանչյուր մարդ ունենում է: Ավագ քույրերը եւ եղբայրները, եթե կարողանում են հաղթահարել իրենց խանդը կրտսերների նկատմամբ, շատ ավելի հասուն, կազմակերպված հարաբերություններ են կարողանում կառուցել», - ասում է Թեւոսյանը:

Հոգեբանը բացատրում է, որ ծնողը իր հերթին պետք է շատ հետեւողական լինի, քանի որ մոռանում է հաճախ, որ ինքն էլ է ժամանակին փոքր եղել եւ ապրել է այդ բոլոր զգացողություններն ու անցել նման դժվարությունների միջով:

Տղաները խանդում են հիմնականում միայն հակառակ սեռի ներկայացուցչին:

«Էն մարդուն, ում սիրում եմ, խանդում եմ: Դե, եթե ինչ-որ մի բան ստաբիլ մակարդակի վրա է, պետք է որ վնասակար չլինի: Եթե խանդը չափից շատ է, կարող է եւ խանգարում է», - «Մաքսլիբերթի»-ին ասում է մի երիտասարդ:

Մերիին ընկերուհիները նախանձում են այն պատճառով, որ խանդի զգացումից գրեթե զուրկ է. - «Ընդհանրապես խանդոտ չեմ, բայց եթե ինձ մոտ խանդի դեպքեր եմ արձանագրում, նշանակում է անվստահություն իմ անձի նկատմամբ. միգուցե այդ անձնավորության կողմից այդքան սիրված չեմ, սկսում եմ նրան խանդել»:

Եթե խանդը ստանում է իր լուծումը, այն դառնում է կառուցողական այդ անձի «ես»-ի ու հետագա հարաբերությունների համար եւս: Սակայն կան դեպքեր, երբ մարդը չի կարող հաղթահարել խանդի զգացումը: Օրինակ, հիվանդագին խանդի ժամանակ մարդը կարող է իրականությունը շփոթել սեփական մտքերի հետ:

Խանդի միակ լավ կողմի մասին խոսելով` հոգեբանն ասում է, որ այն մի դժվարություն է, որի հաղթահարումը հարաբերություններում բերում է որակական նոր մակարդակի:

«Շատերը վախենում են անգամ տեսադաշտից բաց թողնել իրենց սիրելիներին: Գուցե այն զգացումով, որ մի վատ բան կպատահի. դա էլ խանդի մեկ այլ դրսեւորում է», - ասում է հոգեբանը:

please wait
Embed

No media source currently available

0:00 0:06:51 0:00
Ուղիղ հղում
XS
SM
MD
LG