Մատչելիության հղումներ

logo-print

Բաքվում մեծ չեն ակնկալիքները հերթական հնարավոր հանդիպումից


Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը Կազանում: 24-ը հունիսի, 2011թ.

Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը Կազանում: 24-ը հունիսի, 2011թ.

Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների` Սոչիում սպասվող հանդիպման մասին լուրը Բաքվում ընկալել են առանձ մեծ ոգեւորության: Ադրբեջանի փորձագիտական հանրությունն ու քաղաքական շրջանակները համոզված են, որ Սարգսյան - Մեդվեդեւ - Ալիեւ եռակողմ հանդիպումը ռուսական դիվանագիտության հերթական անհաջողությունն է լինելու:

Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Ռասիմ Մուսաբեկովը «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայությանը տված հարցազրույցում ասաց. - «Պարզ է, որ Ռուսաստանի նախագահը Սոչիում է լինելու եւ նա հրավեր է հղում Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներին: Կարծում եմ, որ երկուսն էլ չեն մերժի այդ հրավերը: Բայց ինչ վերաբերում է եռակողմ հանդիպմանը` ես վստահ չեմ, որ այն ընդհանրապես տեղի կունենա` էլ չասած արդյունավետ երկխոսության, առավել եւս ինչ-որ որոշում կայացնելու մասին: Կրկնում եմ, Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հանդիպումը ես համարում եմ քիչ հավանական` հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախագահների անձնական հարաբերությունները կարծես բավական լարված են»:

Բաքվեցի քաղաքագետ Զարդուշտ Ալիզադեի համոզմամբ` Սոչիի հանդիպման նպատակը մեկն է` կեղծ տպավորություն ստեղծել, թե բանակցությունները շարունակվում են. - «Անձամբ ես այդ հանդիպումից որեւէ ակնկալիք չունեմ: Սա խաղաղ հանգուցալուծման փնտրտուքի հերթական իմիտացիան է: Իրականում, սակայն, ո'չ Հայաստանը, ո'չ Ռուսաստանը եւ ո'չ էլ Ադրբեջանը խաղաղության չեն ձգտում: Մեր երկրների իշխանությունները իրական լուծումների գնալու որեւէ ցանկություն չունեն: Ռուսաստանին այս հակամարտությունը թույլ է տալիս վերահսկել Ադրբեջանին ու Հայաստանին: Հայկական ու ադրբեջանական իշխանություններն էլ կոնֆլիկտն օգտագործում են` ելնելով իրենց նպատակներից»:

Հարցին` եթե Սոչիի գագաթաժողովը չկայանա կամ, կայանալու դեպքում, որեւէ էական արդյունք չարձանագրի` կարո՞ղ են արդյոք ակտիվանալ Մինսկի խմբի մյուս համանախագահ պետությունները, Զարդուշտ Ալիզադեն պատասխանեց. - «Նրանք թքած ունեն այն իրողության վրա, որ այստեղ ինչ-որ չլուծված հակամարտություն կա: Ավելին` այս կոնֆլիկտի առկայությունը նրանց հնարավորություն է տալիս ինտրիգային քաղաքականություն վարել տարածաշրջանում: Ըստ իս, միջնորդներից ոչ մեկին խաղաղությունը չի հետաքրքրում»:

Իսկ Ռասիմ Մուսաբեկովի կարծիքով` առաջիկայում արեւմտյան միջնորդները լուրջ խնդիրների կբախվեն բանակցային գործընթացը մեռյալ կետից շարժելու հարցում. - «Չեմ կարծում, որ Ֆրանսիան այս տարվա ընթացքում հետաքրքրված լինի ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմամբ, քանի որ այնտեղ մի քանի ամսից նախագահական ընտրություններ են: Սարկոզին Ղարաբաղով զբաղվելու առանձնապես ժամանակ էլ չի ունենա, բացի այդ, պետք է հաշվի առնենք Ֆրանսիայի այն նախաձեռնությունը, որով քրեականացվում է 1915 թվականի իրադարձությունները ժխտումը: Այս ամենը նկատի ունենալով` չեմ կարծում, թե այս փուլում Ֆրանսիան միջնորդի լավագույն թեկնածուն է»:

Ինչ վերաբերում է Միացյալ Նահանգների դերակատարությանը, ապա այն եւս առաջիկա ամիսներին զգալի չի լինի: Պատճառներից մեկն էլ Մեթյու Բրայզայի լիազորությունների դադարեցումն էր: «Բրայզան ամենակոմպետենտ, մասնագիտական ամենալուրջ կարողություններ ունեցող, ամենալավ տեղեկացված ամերիկացի դեսպանն էր, որ պաշտոնավարել է Ադրբեջանում վերջին 20 տարիների ընթացքում: Անհրաժեշտության դեպքում նա հնարավորություն ուներ նախագահի կամ ցանկացած մեկ այլ ադրբեջանցի պաշտոնյայի հետ հանդիպել: Բրայզան հիանալի կապեր ուներ ընդդիմության, քաղաքացիական հասարակության, լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ: Բրայզայի պաշտոնանկությունն իրականում զգալիորեն կրճատում է Վաշինգտոնի` Ադրբեջանի վրա ազդելու կարողությունները», - ասաց Մուսաբեկովը` հավելով նաեւ, թե իր ունեցած տեղեկություններով, Բրայզայի պաշտոնավարման շուրջ բանակցությունները շարունակվում էին մինչեւ վերջին պահը. - «Մենք գիտենք, որ այն սենատորները, որոնք արգելափակեցին Բրայզայի թեկնածությունը, փորձել են քաղաքական սակարկության մեջ մտնել Պետդեպարտամենտի հետ` Բրայզային հետագա պաշտոնավարման հնարավորություն տալու դիմաց: Այդ սենատորները ցանկանում էին որոշակի զիջումների հասնել, որպեսզի Հայաստանը կրկին ընդգրկվի «Հազարամյակի մարտահրավեր» ծրագրում, ավելացվի Լեռնային Ղարաբաղին հատկացվող ամերիկյան օգնության չափը: Պետդեպարտամենը, սակայն, չգնաց այդ քայլին»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG