Մատչելիության հղումներ

Վարկանիշի անկումը ընդհանուր պատկերը չի փոխել


Ռուսաստան - Վարչապետ Վլադիմիր Պուտինը խորհրդակցություն է անցկացնում, Մոսկվա, 10-ը հունվարի, 2012թ.

Ռուսաստան - Վարչապետ Վլադիմիր Պուտինը խորհրդակցություն է անցկացնում, Մոսկվա, 10-ը հունվարի, 2012թ.

Ռուսաստանում ընդդիմությունը շարունակում է բողոքի ակցիաները, քննարկում է մարտին կայանալիք նախագահական ընտրություններից առաջ համախմբվելու եւ գործող 59-ամյա վարչապետ Վլադիմիր Պուտինի` նախագահ ընտրվելու երազանքը խափանելու տարբերակները։

Հանրային հարցումների համաձայն, Պուտինի վարկանիշը անցած տարվա դեկտեմբերի 4-ի խորհրդարանական ընտրություններից, դրանց հաջորդած ընդդիմության հանրահավաքներից եւ իրավապահների կոշտ գործողություններից հետո էական անկում է գրանցել, սակայն նա միեւնույն է մնում է Ռուսաստանի քաղաքացիների մեծամասնության աջակցությունը վայելող քաղաքական գործիչը։

Հանրային կարծիքի ուսումնասիրության համառուսաստանյան կենտրոնի անցկացրած վերջին հարցումների համաձայն, Պուտինին 2011 թվականին սատարել է հարցվածների 38 տոկոսը։

Հարկ է նշել, որ 2010-ին աջակիցների թիվը կազմել է 55, իսկ
2009-ին` նույնիսկ 60 տոկոս, այնպես որ` 2011-ի անկումը ակնհայտ փաստ է։

Եվ այնուամենայնիվ, նույնիսկ 38 տոկոսով նա` մնացած քաղաքական գործիչների համեմատությամբ, մեծ առավելություն ունի. օրինակ, գործող նախագահ Դմիտրի Մեդվեդեւի վարկանիշը ճիշտ երկու անգամ ավելի ցածր է` 19 տոկոս։

Երրորդ տեղում Lիբերալ դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին է, ով վայելում է հարցվածների 8 տոկոսի աջակցությունը, նրանից 1 տոկոսով ետ է ընկել կոմունիստների ղեկավար Գենադի Զյուգանովը։

«Սպրավեդլիվայա Ռոսիա» («Արդար Ռուսաստան») կուսակցության ղեկավար Սերգեյ Միրոնովը եւ նախագահության թեկնածու, երիտասարդ մեծահարուստ Միխայիլ Պրոխորովը աջակցության 5-ական տոկոս ունեն։

«Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ, Պուտինի նույնիսկ անկում գրանցած վարկանիշը բավական է մարտի 4-ին առաջին փուլում հաղթանակ տոնելու համար։

Ռուսաստանցի վերլուծաբաները նշում են, որ Պուտինի վարկանիշի բարձր աստիճանին նպաստում են զանգվածային լրատվության միջոցները. այս տարվա հունվարի 1-9-ը լրատվամիջոցները քաղաքական-պետական գործիչների շարքում առավել հաճախ Պուտինի անունն են նշել, տոնական օրերին դա տեղի է ունեցել 1441 անգամ, մինչդեռ Մեդվեդեւի անունը նշվել է 1271 անգամ։

Արտասահմանցի գործիչներից զանգվածային լրատվամիջոցներն առավել հաճախ հիշատակել են ներկայումս բանտում գտնվող Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյին, Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամային, Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչին եւ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիին։

Այսօր «Մոսքոու Նյուզ» պարբերականում հետաքրքիր վերլուծություն է հրապարակել Իոսիֆ Ստալինի եւ Անդրեյ Սախարովի մասին գրքերի հեղինակ Ռիչարդ Լուրիեն։

Նա գրում է, թե Պուտինի առջեւ երեք ճանապարհ է` առաջինը, ինչպես ընդդիմությունն է պահանջում, հեռանալն է։ Պարզ է, որ նա մերժում է այդ տարբերակը։

Երկրորդը` հիրավի պատմական հերոս դառնալն է, դրա համար նա պետք է ընդդիմությանը եւ դատարաններին ընձեռի անկաշկանդ գործելու հնարավորություն, մամուլին, հատկապես հեռուստատեսությանը տա անկախություն, ինչը, խորքի մեջ, ոչ այնքան ընդդիմությանը, որքան հենց Պուտինին է անհրաժեշտ։

Եթե նա օտարերկրացիներին դավեր նյութելու մեջ մեղադրելու փոխարեն ընտրի դեմոկրատական բարեփոխումների ճանապարհը, պատմիչները նրան կդասեն մեծ բարեփոխականների շարքը։

Բայց առավել հավանական է երրորդ տարբերակը, եւ նա կընտրի իր քաղաքական կուռքի` Պյոտր Ստոլիպինի ուղին, որը ենթադրել է ե՛ւ բռնաճնշումներ, ե՛ւ հմուտ հաշվարկված զգուշավոր բարեփոխումներ։

Ստոլիպինին 1911 թվականին ահաբեկիչը սպանել է, եւ այն Ռուսաստանն էլ մի քանի տարի անց կործանվել է։

Դժվար թե ռեպրեսիաների եւ բարեփոխումների համատեղումն արդյունավետ լինի 21-րդ դարում։ Ո՞րն այդ դեպքում կլինի հավանական շարունակությունը։

Ռիչարդ Լուրիեի կարծիքով, այլընտրանքը ճահճացումն է, բայց հաշվի առնելով ներկայիս Ռուսաստանի բացասական միտումները` բարձր մահացությունը, դրամագլխի արտահանումը, մտավորական ուժի արտագաղթը, երկրում կարող է ստեղծվել մի այնպիսի վիճակ, որի համեմատությամբ բրեժնեւյան տարիների ճահճացումը աշխույժ զարգացման դարաշրջան կթվա։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG