Մատչելիության հղումներ

logo-print

Փորձագետները հավանական չեն համարում Իրան - ԱՄՆ ռազմական բախումը


Իրանը զորավարժություններ է անցկացնում Հորմուզի նեղուցում: Հունվար, 2011թ.

Իրանը զորավարժություններ է անցկացնում Հորմուզի նեղուցում: Հունվար, 2011թ.

«Իրան - Արեւմուտք առանց այդ էլ լարված հարաբերությունների է'լ ավելի սրման դեպքում Հայաստանի արեւմտյան գործընկերները պետք է ըմբռնումով մոտենան Թեհրանի հետ լավ հարաբերություններ պահպանող պաշտոնական Երեւանի կեցվածքին` հաշվի առնելով շրջափակման հետ կապված օբյեկտիվ իրողությունները», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում այսպիսի դիտարկում արեց Երեւանի պետական համալսարանի Իրանագիտության ամբիոնի դոցենտ Վարդան Ոսկանյանը:

Նրա կարծիքով, Իրան - Հայաստան գործընկերությանը բնորոշ չեն «դիպվածային զարգացումներն ու կարճ ժամկետները». - «Հայաստանի եւ Իրանի հարաբերությունները այսպես ասած` կարճաժամկետ չեն: Դրանք ունեն դարերից եկող պատմություն, եւ, ես համոզված եմ, որ դարեր էլ շարունակվելու են: Կարծում եմ, դա շատ լավ հասկանում են նաեւ Արեւմուտքում»:

Նա, այդուհանդերձ, չբացառեց, որ Արեւմուտքում կարող են լինել շրջանակներ, որոնք Իրանի նկատմամբ կիրառվող ու պարբերաբար սաստկացող միջազգային պատժամիջոցների համատեքստում գուցե այնքան էլ գոհ չլինեն Հայաստանի այդ վարքագծից:

Պաշտոնական Վաշինգտոնի եւ Թեհրանի հարաբերությունները վերջին օրերին ծայրաստիճան սրվել են:

Հիշեցնենք` օրերս իրանցի բարձրաստիճան զինվորականները սպառնացել էին փակել Պարսից եւ Օմանի ծոցերը միացնող Հորմուզի նեղուցը, որով իրականացվում է նավթի համաշխարհային փոխադրումների ավելի քան 30 տոկոսը: Այդ սպառնալիքին հաջորդել էր Միացյալ Նահանգների պաշտպանության նախարար Լեոն Փանեթայի հայտարարությունը, թե կա մի «կարմիր գիծ», որը հատելու դեպքում Իրանը խստորեն կպատժվի:

Որոշ փորձագետներ ստեղծված իրադրությունը գնահատել են «նախապատերազմական»:

Վարդան Ոսկանյանը, սակայն, փոքր է գնահատում ռազմական բախման հնարավորությունը. - «Ես չեմ կարծում, որ Իրանում եւ ԱՄՆ-ում քաղաքական գործիչները ողջախոհ չեն: Սա քաղաքականության մեջ ընդունված ձեւերից մեկն է. վերցնել բարձր տոնայնություն, վերցնել բարձր այսպես ասած` առաստաղ, որպեսզի հետագայում հնարավոր լինի հասնել որեւէ կոմպրոմիսային լուծման»:

Նրա կարծիքով, Թեհրանին շատ դժվար է վախեցնել նաեւ տնտեսական պատժամիջոցներով, քանի որ Իրանն այն բացառիկ երկրներից է, որ ունի ինքնաբավ տնտեսություն:

Տարածաշրջանային ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը կարծում է, որ Հայաստանի դերը Արեւմուտք - Իրան հարաբերությունների սրման ֆոնին կարող է էապես բարձրանալ: Ըստ քաղաքագետի` միաժամանակ ե'ւ Ռուսաստանի, ե'ւ Արեւմուտքի, ե'ւ Իրանի հետ լավ հարաբերություններ ունեցող Հայաստանը, որը նաեւ Իրանին սահմանակից երկիր է, օգտվելով իր այս եզակի կարգավիճակից, կարող է կայունացնող ու լիցքաթափող առաքելություն ստանձնել` կողմերին առաջարկելով իր միջնորդական ծառայությունները:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Կիրակոսյանը եւս «շատ փոքր կամ անհավանական» համարեց ռազմական բախման հնարավորությունը: Նրա կարծիքով, Արեւմուտքի, ու մասնավորաբար, ԱՄՆ-ի կոշտ հայտարարություններն ավելի շուտ նպատակ ունեն առավել արդյունավետ ու ազդեցիկ դարձնել Իրանի նկատմամբ գործադրվող դիվանագիտական ու տնտեսական ճնշումները»:

«Իրանին ռազմական հարվածներ հասնելն աննպատակահարմար է թեկուզեւ այն պատճառով, որ վերջին շրջանում այդ երկրի վիճահարույց միջուկային օբյեկտները տեղափոխվել են լավ պաշտպանված ստորգետնյա տարածքներ, ինչն անիմաստ է դարձնում դրանք շարքից հանելուն միտված հավանական ռմբահարումները», - ասաց Ռիչարդ Կիրակոսյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG