Մատչելիության հղումներ

logo-print
Տոնական օրերին շտապօգնության կանչերը սովորականից շատ են եղել: Միայն Երեւանում օրական մոտ 750 անգամ շտապօգնություն են դիմել: Հունվարի 1-8–ը 5 հազար 708 կանչ է գրանցվել, եւ հիվանդանոց է տեղափոխվել 890 հիվանդ: Այսօր հրավիրած ասուլիսում այս տվյալները հրապարակեց «Շտապ բուժօգնության» տնօրեն Թագուհի Ստեփանյանը:

Տոնական օրերին գերակշռել են սրտանոթային հիվանդությունների պատճառով գրանցված կանչերը։ 25 կանչ կապված է եղել ալկոհոլի չարաշահման հետ: Գրանցվել է սննդային թունավորման 3, դեղորայքային թունավորման 4 եւ քիմիական թունավորման 5 դեպք:

Թագուհի Ստեփանյանն ասում է` նման ծանրաբեռնվածությամբ շտապօգնության ծառայությունը դժվարանում է աշխատել: Միջոցները բավականացնում են առավելագույնը օրական 500 կանչի համար, սահմանված 7-12 րոպեն, որոնց ընթացքում շտապ բուժօգնությունը պետք է տեղ հասնի, հաճախ խախտվում է:

«Ուղղակի անհնար է: Հիմնական կանչերը ընկնում են երեկոյան ժամերին եւ 750 [կանչի] դեպքում այդ 7-12 րոպե ժամանակահատվածը պահելը անհնարին է», - նշեց «Շտապ բուժօգնության» տնօրեն Թագուհի Ստեփանյանը:

Ըստ հրապարակված տվյալների` միայն հունվարի առաջին 8 օրերին շտապօգնության բժիշկների ժամանումից առաջ կամ նրանց ներկայությամբ մահվան 61 դեպք է գրանցվել: Շտապ բուժօգնության տնօրենը, սակայն, վստահ է, որ դեպքերից եւ ոչ մեկը բժիշկների ուշացման պատճառով չի եղել:

«Այնպես չի եղել, որ մենք գրանցել ենք շտապօգնության ուշացում», - պնդեց Թագուհի Ստեփանյանը:

Որոշակի խնդիրներ է հարուցում բջջային կապը: Մինչեւ հիմա բջջային օպերատորներից մեկի բաժանորդները մարզից զանգահարելիս միանում էին Երեւանի շտապօգնություն, իսկ մյուս բջջային օպերատորի բաժանորդներն էլ Երեւանի ծայրամասից զանգահարելիս միանում էին մարզային շտապօգնության ծառայություն: Առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավար Սուրեն Քրմոյանը հավաստիացնում է, որ այս խնդիրը արդեն գրեթե լուծվել է:

«Բջջային օպերատորների հետ աշխատանք տանում ենք եւ հուսով ենք, որ այս տարի այդ խնդիրը կլուծվի եւ յուրաքանչյուր տարածաշրջանից զանգը կսպասարկի տվյալ տարածաշրջանի շտապօգնության կայանը», - նշեց Քրմոյանը:

Վերջերս հիշեցնեմ` շտապօգնության ծառայությունը համալրվել է 88 նոր մեքենաներով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG