Մատչելիության հղումներ

Բաշար ալ-Ասադը բախումների համար մեղադրում է օտար ուժերին


Սիրիա -- Նախագահ Բաշար ալ-Ասադը ելույթ է ունենում Դամասկոսում, 10-ը հունվարի, 2012թ.

Սիրիա -- Նախագահ Բաշար ալ-Ասադը ելույթ է ունենում Դամասկոսում, 10-ը հունվարի, 2012թ.

Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը երեքշաբթի օրը Դամասկոսի համալսարանում հանդես է եկել ծավալուն ելույթով, որը հեռարձակվել է պետական հեռուստածրագրով։

Նախօրեին Սիրիայի լրատվամիջոցները հաղորդել էին, որ ալ-Ասադը խոսելու է ներքին խնդիրների մասին։

Նախագահը հայտարարել է, թե երկրում չդադարող բախումները օտար ուժերի դավադրության արդյունք են։

Նա քննադատել է Արեւմուտքին եւ Արաբական լիգային` ասելով, թե Լիգան ձախողել է միջնորդական առաքելությունը։

ՄԱԿ-ի վերջին զեկույցի համաձայն` Սիրիայում անցած տարվա մարտից սկսված ընդհարումներում սպանվել է ավելի քան 5 հազար մարդ։ Սիրիացի ընդդիմադիրների պնդմամբ, այդ զեկույցի հրապարակումից հետո ընդդիմության եւս մի քանի հարյուր ակտիվիստ է զոհվել։

Երկուշաբթի օրը Սիրիայի ներքաղաքական կացության մասին է խոսել հարեւան Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը, որի կարծիքով` Սիրիային սպառնում է «կրոնական եւ ազգամիջյան պատերազմ»։

Էրդողանն ասել է, որ Թուրքիան պարտավոր է ստանձնել տարածաշրջանի լիդերի դերը եւ նպաստել կայունացմանը։

«Այդ երկրում սրվող իրավիճակը կարող է սպառնալիք դառնալ Թուրքիայի համար», - ասել է Էրդողանը եւ Բաշար ալ-Ասադին դատապարտել է «սեփական ժողովրդի սպանդ իրականացնելու» համար։

Էրդողանը հայտնել է, որ պաշտոնական Անկարան արդեն պատժամիջոցներ է սահմանում Սիրիայի վարչակազմի նկատմամբ։

Մինչդեռ, իր այսօրվա ելույթում Բաշար ալ-Ասադն ասել է, թե հրաժարական չի ներկայացնի։

«Մենք շուտով կհաղթենք։ Ժողովուրդն ինձ սատարում է, ուստի ես չեմ հեռանա, իսկ երբ ազատեմ պաշտոնը` դա էլ կարվի ժողովրդի կամքով», - հայտարարել է Ասադը։

Նրա խոսքերով` ներքաղաքական անկարգությունների համար մեղավոր են ոչ միայն «դրսի ուժերը, այլեւ մամուլի այն միջոցները, որոնց նպատակն է քայքայել Սիրիան»։

Պաշտոնական Դամասկոսը անցած տարվա դեկտեմբերին հավանություն է տվել Արաբական լիգայի միջնորդությանը, սակայն դրանից հետո էլ սպանդը երկրում շարունակվել է։ Ներկայումս Սիրիայում է գտնվում Արաբական լիգայի 165 դիտորդ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG