Մատչելիության հղումներ

Հունվարի 10-ի մամուլ


«Ժամանակ»-ի խմբագիրը գրում է. - «ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը հայտարարել էր, որ կոալիցիայի կուսակցությունների ղեկավարներն առաջիկայում կհայտարարեն խորհրդարանի ընտրությանն առանձին ցուցակներով մասնակցելու մասին: Այդպիսով՝ իշխանական օրակարգից, ըստ ամենայնի, դուրս է գալիս միասնական ցուցակի հարցը: Այդ դեպքում հարց է առաջանում, թե ինչի համար էր ՀՀԿ-ԲՀԿ միասնական ցուցակի վերաբերյալ ներիշխանական քննարկումների ամբողջ պատմությունը, ինչու էր Սերժ Սարգսյանը տեւական ժամանակ փորձում ԲՀԿ-ին, այսպես ասած, միասնական ցուցակի հակել: Այստեղ թերեւս գործ ունեինք ավելի շատ հենց մարտավարական խնդրի հետ: Միասնական ցուցակի շուրջ քննարկումներով Սերժ Սարգսյանը հավանաբար փորձում էր պարզապես ճնշում բանեցնել ԲՀԿ-ի վրա, որպեսզի առանձին ցուցակների պարագայում ԲՀԿ-ից հնարավորինս շատ փոխզիջում կորզի, ինչպես, ասենք, 2007 թվականին: Կասկած չկա, որ այն ժամանակ ԲՀԿ-ն շատ ավելի ձայներ էր հավաքել, քան Հանրապետականը, սակայն բացարձակ մեծամասնություն կազմեց ՀՀԿ-ն: Եվ, թերեւս, կասկած չկա, որ այդ մեծամասնությունը կազմվեց հենց ԲՀԿ-ի հաշվին: Ըստ երեւույթին, այժմ էլ կա այդ խնդիրը»:

«Հայոց Աշխարհ»-ի հետ զրույցում քաղաքագետ Սուրեն Զոլյանը ասում է. - «Չեմ կարծում, թե հաջորդ խորհրդարանը շատ է տարբերվելու եղածից, ուստի տվյալ դեպքում կարեւորը ոչ այնքան խորհրդարանի կազմն է, որքան այն, թե ինչ է կատարվում խորհրդարանի շուրջ։ Այս առումով, պետք է քննարկենք բոլոր հնարավոր զարգացումները` չբացառելով ամենաանցանկալի սցենարները։ Ի վերջո, մենք տեսել ենք, որ կարող են լինել լուրջ հետընտրական բախումներ, որոնք մեծ հարված են հասցնում երկրի զարգացմանը։ Քաղաքական ուժերը, ի վերջո, պետք է սա հասկանան եւ ամեն ինչ անեն` ապահովելու կոնսենսուս հասարակության տարբեր խավերի միջեւ, իսկ այն հավակնոտ քաղաքական գործիչները, որոնց համար քաղաքականությունը միջոց է` սեփական հավակնությունները բավարարելու մեխանիզմ կամ գործիք, ուղղակի պետք է ասպարեզից հեռանան եւ իրենց տեղը զիջեն ողջամիտ մարդկանց, որոնք պատրաստ են եւ կարող են համաձայնության գալ ազգի կենսական շահերին առնչվող խնդիրների շուրջ»։

Կենտրոնական ընրտրական հանձնաժողովի մամուլի քարտուղար Հերմինե Հարությունյանը երեկ «Հայկական ժամանակ»-ի թղթակցի հետ զրույցում հաստատել է տեղեկությունն այն մասին, որ ԿԸՀ-ում պատրաստվում են վերանայել ընտրատարածքների քարտեզները: Թերթը գրում է. - «Սա նշանակում է, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններում մեծամասնական 41 ընտրատարածքները ունենալու են այլ նկարագիր, քան այսօր գոյություն ունեցողը: «Լինելու են փոփոխություններ ընտրատարածքներում, փոփոխությունները կլինեն ԿԸՀ որոշմամբ: Երբ հարցը նիստի օրակարգ ընդգրկվի, մենք կայքում կտեղադրենք, կտեղեկանաք», - ասել է ԿԸՀ մամուլի քարտուղարը: Թղթակցի հարցին` կոնկրետ ի՞նչ փոփոխություններ են սպասվում, Հերմինը Հարությունյանը դժվարացել է պատասխանել: «Նման տեղեկություն ես չունեմ», - ասել է նա եւ հավելել, որ տեղյակ չէ նաեւ, թե երբ է հարցը ԿԸՀ նիստի օրակարգ մտնելու»: Թերթի տեղեկություններով, ընտրատարածքները հարմարեցվելու են Հանրապետական կուսակցության շահերին` նրանց մեծամասնական թեկնածուների հաղթանակը ապահովելու համար:

«Առավոտ»-ի թղթակիցը հարցազրույց է վարել նախկին Փաստահավաք խմբում Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Անդրանիկ Քոչարյանի հետ: Լրագրողը հարցնում է. - «Ինչպե՞ս եք մեկնաբանում զոհերի հարազատների դժգոհությունները Մարտի 1-ի վերաբերյալ քրեական գործի նոր զարգացումներից»: Պատասխան. - «Զոհերի հարազատների դժգոհությունը կլինի այնքան ժամանակ, քանի դեռ չի իրականացված լիարժեք բացահայտում եւ բոլոր պատասխանատուները՝ Ռոբերտ Քոչարյանից սկսած, չեն երթարկվել պատժի: Ես համոզված եմ, որ հարազատների համար առաջնային է մարդասպաններին եւ նրանց հրաման տվողներին արդարադատության առաջ կանգնեցնելը, այլ ոչ թե նյութական փոխհատուցում ստանալը: Եվ քանի դեռ այդ խնդիրը լուծված չէ, ինձ համար շատ հասկանալի է նրանց դժգոհությունը նաեւ ընդիմությունից, որովհետեւ նրանք արդարության հասնելու ճանապարհ տեսնում են միայն իշխանափոխությունը, իսկ դրա միակ իրականացնող` համախմբված ընդդիմադիր հասարակությանը, որն իմ կարծիքով մեր երկրում կազմում է մեծամասնություն»:

«Չորրորդ ինքնիշխանություն»-ը գրում է. - «Անցած տարվա վերջին օրերին Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը հրապարակեց կաթնամթերքի շուկայի ուսումնասիրության արդյունքները: Համաձայն դրանց` մի շարք ընկերություններ աննախադեպ չարաշահումներ են իրականացրել: Այս ամենից հետո նոր թափ ստացան այն խոսակցությունները, համաձայն որոնց Արտակ Շաբոյանի գլխավորած տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը դարձել է սեփականության վերաձեւման գործիք ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի ձեռքում: Իսկ նրա գործունեությունը ապահովում է ոչ թե բարեխիղճ եւ ազատ տնտեսական մրցակցության, այլ խափանում է առհասարակ մրցակցությունը: Վարչապետը իր ներիշխանական ինտրիգների համար օգտագործում է այս գործիքը` գրանցելով աննախադեպ հաջողություններ Հայաստանի տնտեսության վերջնական փլուզման գործընթացում»: Թերթի տեղեկություններով, այս հարցում օգտագործելով Արտակ Շաբոյանին որպես որոշ բիզնեսներ քայքայելու եւ դրա հաշվին բյուջեն հավաքագրելու մեծ վարպետ` Տիգրան Սարգսյանը մեսիջ է ուղարկում Սերժ Սարգսյանին, որ Արտակ Շաբոյանին կարելի տեսնել նաեւ որպես երկրի գլխավոր հարկահավաք»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG