Մատչելիության հղումներ

Մարզպետը Հրազդանի ընտրություններում արդարություն է խոստանում


Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյան

Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյան

Հրազդանի գործող քաղաքապետ, հանրապետական Արամ Դանիելյանը երկուշաբթի օրը պաշտոնապես առաջադրել է իր թեկնածությունը Հրազդանի քաղաքապետի` փետրվարի 12-ին կայանալիք ընտրություններում: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրեց թիվ 25 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Արմեն Բադալյանը:

Դանիելյանը քաղաքը ղեկավարում է 2002 թվականից եւ չորրորդ անգամ է մտադիր ընտրվել: Նրան առաջադրել է Հանրապետական կուսակցությունը: Գործող քաղաքապետի մրցակիցը լինելու է ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) ներկայացուցիչ, Ազգային ժողովի նախկին պատգամավոր, 2008 մարտիմեկյան իրադարձությունների հետեւանքով 3 տարի կալանավայրում անցկացրած Սասուն Միքայելյանը, ով փաստաթղթերը ընտրատարածքային ընտրական հանձնաժողովին կներկայացնի առաջիկա օրերին: Փաստաթղթերը ներկայացնելու վերջնաժամկետը հունվարի 13-ն է:

Կոտայքի մարզպետ, հանրապետական Կովալենկո Շահգալդյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարեց, որ երաշխավորում է Հրազդանի քաղաքապետի արդար ընտրությունները:

«Ես կարող եմ բացարձակ երաշխիք տալ, որ ամեն ինչ արվելու է, որ Հրազդանի քաղաքապետի առաջիկա ընտրություններն անցնեն արդար եւ թափանցիկ», - ասաց Շահգալդյանը:

Հարցին, թե արդյո՞ք բացառում է իրենց կողմից վարչական ռեսուրսների չարաշահումը, մարզպետը պատասխանեց. - «Այն դպրոցներում եւ մանկապարտեզներում, որտեղ աշխատում են մեր կուսակիցները, բնականաբար, ընտրարշավին մասնակցելու են, բայց դա չի նշանակում, թե վարչական ռեսուրսն են օգտագործում»:

Հարցին, թե ընտրակաշառքի բաժանումն էլ է բացառո՞ւմ, Շագալդյանը պատասխանեց, թե «ընտրակաշառքը բավականին լայն հասկացողություն է»:

«Համայնքի ղեկավարը ի պաշտոնե պարտավոր է օգնել իր համայնքի այն բնակիչներին, ովքեր դրա կարիքն ունեն: Տարիների ընթացքում միշտ էլ օգնել է ե'ւ մարզպետարանը, ե'ւ համայնքի ղեկավարը, դա ընտրակաշառք չէ», - ասաց նա:

Դիտարկմանը` եթե թեկնածուն առաջադրվելուց հետո օգնի այդ ընտանիքներին, ապա դա չի ընկալվի՞ որպես ընտրակաշառք, մարզպետը արձագանքեց. - «Եթե մարդը իսկապես կարիքի մեջ է, նրան փորձում ես օգնել, ինչո՞ւ է ընտրակաշառք, եթե առանց պայման դնելու փորձում ես օգնել»:

Սասուն Միքայելյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում թերահավատ էր թափանցիկ ընտրությունների մասին մարզպետի հայտարարությունների նկատմամբ` հայտարարելով, որ քաղաքային եւ մարզային իշխանությունները արդեն իսկ չարաշահում են իրենց պաշտոնեական լիազորություններն ու վարչական ռեսուրսները:

«Եթե այդքան ասում է` արդար, թափանցիկ ընտրություններ է լինելու, բա տակից ի՞նչ է անում: Կանչում է, ահաբեկում է ի պաշտոնե` սենց պիտի անենք, պիտի ընտրենք եւ այլն: Առանձին-առանձին կանչում է ուսուցչական կոլեկտիվներին, տնօրեններին, հատուկ զգուշացնում է: Թող զգուշացնի, ես պրոբլեմ չունեմ: Ես ամբողջ Հայաստանի մասշտաբով ասում եմ, թող բոլորը իմանան, եթե փորձեն լցոնում անել, բաց քվեարկություն անել, կարուսել անել, շատ ծանր հետեւանքներ է լինելու: Ես պայքարի մեջ եմ մտել արդար ընտրությունների համար, եւ պետք է արդար ընտրություններ լինեն: Եթե փող են բաժանելու, շատ վատ բան է լինելու, ամեն քայլի գնալու եմ: Վերջի վերջո պետք է մտածենք այս ժողովրդի մասին, 10 տարի նստել են, չէին կարո՞ղ մարզկենտրոնը սարքեին: Ես վիրավորված եմ, մարդ ենք, էստեղի բնակիչ ենք, այ ձեր ցավը տանեմ, հո՞ աշխարհի վերջը չէ, էս ժողովուրդն էլ է ուզում ապրի, շնչի», - ասաց Միքայելյանը:

Բացի Սասուն Միքայելյանից ու գործող քաղաքապետ Արամ Բադալյանից դեռեւս ընտրություններին մասնակցելու այլ հավակնորդներ չկան: Կոալիցիոն «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրեց, որ ԲՀԿ առայժմ թեկնածու առաջադրելու ծրագրեր չունի Հրազդանում: Հարցին, թե հնարավո՞ր է այդ ընտրություններում սատարեն Սասուն Միքայելյանին` հաշվի առնելով Իջեւանի նախադեպը, երբ ՀԱԿ-ի տարածքային կազմակերպությունը ներքին կարգով սատարել է ԲՀԿ-ի թեկնածուին, Նաիրա Զոհրաբյանը պատասխանեց, որ իրենք պաշտպանելու են ազատ եւ արդար ընտրությունները:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG