Մատչելիության հղումներ

Խորհրդարանական ընդդիմությունը օրակարգ է մտցնելու մեծամասնական ընտրակարգը վերացնող նախագիծ


ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը:
ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը:

ՀՅԴ-ն եւ «Ժառանգություն»-ը ծրագրում են ԱԺ-ի ժողովի օրակարգ մտցնել մեծամասնական ընտրակարգը վերացնող նախագիծ:

Անցած տարեվերջին, հիշեցնենք, այդ կուսակցությունները համատեղ հայտարարությամբ Ազգային ժողովի մեծամասնությանը կոչ արեցին միասնական ուժերով վերացնել մեծամասնական ընտրակարգը: Առաջարկը ողջունեցին միայն ընդդիմադիր քաղաքական ուժերը, այդ թվում` Հայ ազգային կոնգրեսը:

Դաշնակցության խորհրդարանական խմբակցության անդամ, ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը երկուշաբթի օրը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց. - «Դնելու ենք այդ նախաձեռնությունը շրջանառության մեջ: Այդտեղ արդեն պաշտոնապես կիմանանք, թե մեծամասնության տեսակետը որն է, որովհետեւ այստեղ-այնտեղ կատարած հայտարարություններով չպետք է առաջնորդվել: Ունենք հնարավորություն` եթե չընդունեն, այնուամենայնիվ, ընդդիմության նիստ հասկացությունը կա… Ամեն երկրորդ քառօրյա մենք կարող ենք պահանջել, որ հարցը դրվի օրակարգ եւ քննարկվի: Մենք այդպես էլ կվարվենք: Եթե իշխանություններն այդ օրն էլ կողմ չեն քվեարկում այս առաջարկին, իսկապես հայտնվում են ժողովրդից օտարման դաշտում: Սա է լինելու իսկապես ջրբաժանը»:

Խորհրդարանական ընդդիմության հեղինակած նախագիծը մեկ հարցից է բաղկացած լինելու` անցումը հարյուր տոկոսանոց համամասնական ընտրակարգի: Ռուստամյանի խոսքով` դա էլ է մարտավարական քայլ. - «Մենք պարզեցրել ենք այն առումով, որ նաեւ չասեն, թե վերջին պահին օրենսգիրք է փոխվում եւ այլն, եւ այլն… Մենք բան չենք ավելացնում, մենք բան ենք պակասեցնում: Այսինքն` մեծամասնական ընտրակարգը հանում ենք ուղղակի»:

Նախաձեռնության հեղինակների կարծիքով, ընդունելով առաջարկվող փոփոխությունը` իշխանությունը ցույց կտա, թե ինչքանով է անկեղծ, երբ հայտարարում է ազատ, արդար ընտրություններ անցկացնելու պատրաստակամության մասին:

«Եթե ոչ, ուրեմն դա կնշանակի, որ իսկապես միայն հայտարարություններ են սրանք: Իրական նպատակը եղել եւ մնում է իրենց իշխանության վերարտադրության ապահովումը», - ասաց Ռուստամյանը` շարունակելով. - «Այնպես որ, ինչպես իրենք են սիրում ասել` գնդակը իրենց դաշտում է»:

«Ժառանգության» եւ Դաշնակցության կարծիքով, ընդդիմության մեջ ամենամեծ համախմբումը այս հարցը կարող էր առաջացնել: Ռուստամյանը համոզված է, որ այդ համախմբումն արդեն տեղի է ունեցել` ընդդիմադիր դաշտի հիմնական խաղացողները ողջունել են նախաձեռնությունը:

Հայ ազգային կոնգրեսը, հիշեցնենք, հարյուր տոկոսանոց համամասնական ընտրակարգի անցնելու առաջարկը համարել է ընտրությունների օրինականության եւ թափանցիկության ապահովմանն ուղղված անհրաժեշտ քայլ եւ պատրաստակամություն է հայտնել այդ խնդրի շուրջ համագործակցել անխտիր բոլոր քաղաքական ուժերի հետ:

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը (ձ) եւ կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը:
«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը (ձ) եւ կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը:
«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում այս կապակցությամբ ասաց. - «Մենք այս փուլում ավելի արձագանք չենք էլ սպասում: Քայլը մերն է: Որ միասին նստենք Հայ ազգային կոնգրեսի հետ, բոլոր այն ուժերի հետ, ովքեր ողջունել են, քննարկենք»:

Հակոբյանի համոզմամբ` ընդդիմության բազմաբեւեռ լինելուց միմիայն իշխանությունն է օգտվում: Իսկ համագործակցելով` կմեծանա նաեւ ընդդիմության նկատմամբ վստահությունը. - «Եթե իշխանությանը չի ընդունում ժողովուրդը, ապա անպայման այլընտրանք պետք է տեսնել: Ցավոք սրտի, առայժմ ընդդիմությունը իր հավաքական կերպարով չի կարողացել լուրջ այլընտրանք դառնալ ժողովրդի համար… Սա միշտ մեր հերն անիծել է, երբ ասել են` եկեք միացեք: Մենք այդպիսի բան չենք ասում: Ասում ենք` եկեք միասին, հավասար իրավունքով այս նախաձեռնությունը առաջ տանենք, իրականացնենք»:

Արմեն Ռուստամյանը համոզված է, որ այդ նախաձեռնության շուրջ տրամադրությունները ճշտելով` նաեւ ընդդիմության հետագա անելիքը կհստակեցվի. - «Պարզ կհասկանանք, որ վերարտադրման խնդիրն է իրենց գերխնդիրը: Ուրեմն մենք պետք է ամեն ինչ անենք անգամ այդ պայմաններում վերահսկողությունը մեծացնենք տեղամասերում, ձեւավորենք այն, ինչ վաղուց ասում ենք` «Քվեն ուժ է» շարժման տրամաբանության մեջ, որ կարողանանք երկու հազար տեղամասում ունենանք 2-3-ական հոգու ներկայություն: Որպեսզի կարողանանք ընտրությունները իսկապես վերահսկել, թույլ չտալ, որ կեղծիքները, խախտումները ընտրությունների լինեն այնքան, որ այս իշխանությունները նորից փորձեն վերարտադրվել արդեն կեղծիքների շնորհիվ»:

please wait

No media source currently available

0:00 0:04:17 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG