Մատչելիության հղումներ

Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները կհանդիպեն հունվարի վերջին


Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների հանդիպումը Կազանում, 24 հունիս, 2011

Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների հանդիպումը Կազանում, 24 հունիս, 2011

«Ռեգնում» լրատվական գործակալության հաղորդմամբ` հունվարի վերջին տեղի կունենա ղարաբաղյան հակամարտության կարգավորման եռակողմ բանակցությունների հերթական փուլը:

Գործակալությունը, հղում կատարելով ռուսական դիվանագիտական շրջանակներից իր «լավատեղյակ աղբյուրին», գրում է, որ Սոչիում հունվարի 23-24-ին Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը կհյուրընկալի Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանին եւ Իլհամ Ալիեւին:

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի մամլո գրասենյակը ոչ հերքում, ոչ էլ հաստատում է այս տեղեկատվությունը: Մեկնաբանելով այն` նախագահի մամուլի խոսնակ Արմեն Արզումանյանը «Ազատություն» ռադիոկայանին ասաց, թե «Հայաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը նախագահի հանդիպումների եւ այցերի մասին տեղեկացնում է պատշաճ կարգով եւ ժամանակին»: Եռակողմ հանդիպման մասին տեղեկությունը հաստատել է նաեւ «Ազատություն» ռադիոկայանի` հայ-ադրբեջանական բանակցություններին մոտ կանգնած աղբյուրը:

Վերջին անգամ Սարգսյանը եւ Ալիեւը հանդիպել են հունիսին Ռուսաստանի Կազան քաղաքում: Մինչեւ այս բանակցությունները հայտարարություններ էին հնչում, թե հնարավոր է, որ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները համաձայնության հանգեն ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքների շուրջ։ Այդուհանդերձ, Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների միջեւ տեղի ունեցած եռակողմ հանդիպման արդյունքում որեւէ շոշափելի առաջընթաց չգրանցվեց:

Էմիլ Դանիելյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG