Մատչելիության հղումներ

Բագրատյանի փաստաբանը դժգոհ է դատարանի որոշումից


Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:
Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:

Նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի փաստաբանը «անհեթեթություն» է որակում դատարանի որոշումը, որով նախկին վարչապետին արգելվում է հրապարակավ հանդես գալ նույն դատարանում քննվող գործի վերաբերյալ:

Անցած նոյեմբերին, հիշեցնենք, «Հրապարակ» օրաթերթում տպագրվել էր «Արթուր Գրիգորյանը խաբեբա է` հայտարարում է Հրանտ Բագրատյանը» հոդվածը, որում նախկին վարչապետը պնդում է, որ ներկայիս վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ դատական պրոցեսում Արթուր Գրիգորյանը, լինելով իր փաստաբանը, խաբել է իրեն, ինչի արդյունքում գործը չի քննվել Մարդու իրավունքների եվրոպական դատարանում:

Իսկ նոյեմբերի վերջին Գրիգորյանը հայց էր ներկայացրել Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` նախկին վարչապետին մեղադրելով իրեն վիրավորելու եւ զրպարտելու մեջ:

Բագրատյանի ներկայիս փաստաբան Վահե Հովսեփյանը այսօր «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում փոխանցեց, որ Արթուր Գրիգորյանը հայցի հետ միասին դատարան էր ներկայացրել նաեւ միջնորդություն` մինչեւ գործի քննության ավարտը արգելել նախկին վարչապետին լրատվամիջոցներով տեղեկություններ տարածել իր (Գրիգորյանի) մասին:

Հովսեփյանի փոխանցմամբ, իրենք եւս դիմել են դատարան` այդ արգելքը հանելու միջնորդությամբ:

«Դատարանը շատ անհեթեթ որոշում կայացրեց` դուրս գալով իր իրավասության սահմաններից: Այսինքն, կա'մ պետք է մերժեր` իր կողմից կայացված որոշումը թողնելով ուժի մեջ, կա'մ պետք է բավարարեր մեր միջնորդությունը: Սակայն դատարանը բոլորովին այլ որոշում կայացրեց. մեր միջնորդությունը բավարարեց մասնակի», - ասաց Հովսեփյանը` պարզաբանելով. - «Քանի որ հայցվորի կողմից ներկայացված հայցի ապահովում կիրառելու մասին միջնորդության մեջ խոսք էր գնում առհասարակ արգելել Արթուր Գրիգորյանի մասին տեղեկություններ տարածել, դատարանը փոխեց իր որոշումը եւ ձեւակերպեց հետեւյալ կերպ` արգելել պարոն Բագրատյանին սույն գործի վերաբերյալ տեղեկություններ տարածել Արթուր Գրիգորյանի մասին»:

«Ցանկացած մարդ իրավունք ունի մանավանդ իր գործի վերաբերյալ իր կարծիքն արտահայտել», - շարունակեց փաստաբանը: - «Գտնում եմ, որ այդ տեսանկյունից դատարանի որոշումը, կարծես, արգելում է մարդուն խոսել իր մասին քննվող գործի մասին»:

Արթուր Գրիգորյանի շահերի ներկայացուցիչ Տիգրան Աթանեսյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նախ տեղեկացրեց, որ մինչեւ վերջին գործը Գրիգորյանը Հրանտ Բագրատյանի փաստաբանն է եղել 4-5 գործերով, եւ ոչ մի խնդիր չի ծագել: Աթանեսյանը համոզված է, որ «Հրապարակ» թերթի նշված հոդվածում նախկին վարչապետը «զրպարտել եւ վիրավորել է» Գրիգորյանին:

Տիգրան Աթանեսյանը համոզված է նաեւ, որ դատարանի` խնդրո առարկա որոշումը չի սահմանափակում խոսքի ազատությունը. - «Հաշվի առնելով, որ պարոն Բագրատյանը շարունակում է զբաղվել քաղաքականությամբ, հանդիսանում է հանրային ֆիգուր, նա անձնական հնարավորություն ունի որոշակի լրատվամիջոցներում իր կարծիքը անընդհատ հրապարակել: Մենք` փաստաբաններս, իմ վստահորդը նույնպես փաստաբան է, այդ հնարավորությունը չունենք… Որպեսզի մենք կանխեինք հետագա հնարավոր վիրավորանքն ու զրպարտությունը, մենք խնդրել ենք դատարանին արգելել Հրանտ Բագրատյանին Արթուր Գրիգորյանի մասին որեւէ տեղեկություն տարածել: Եվ դատարանը հստակեցրեց` այս գործի կապակցությամբ»:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանն այսօր հիշեցրեց, որ անցած տարի նման մի քանի դեպքեր են արձանագրվել, երբ դատական հայցերը առնչվել են լրատվամիջոցներին, իսկ գործերը քննող դատարաններն էլ արգելել են լրատվամիջոցներին հրապարակումներով հանդես գալ իրենց իսկ առնչվող գործերի վերաբերյալ:

«Եվ այն ժամանակ էլ ասում էինք, որ դա խոսքի ազատության սահմանափակում է: Այս պարագայում ես նույնպես համարում եմ, որ դա խոսքի ազատության սահմանափակում է, որովհետեւ այդպիսի հայցի ապահովման միջոց իմաստ չունի կիրառել` հաշվի առնելով այն հանգամանքը, որ փաստորեն ոտնահարվում է հիմնարար ազատություններից մեկը», - հավելեց Մելիքյանը:

please wait

No media source currently available

0:00 0:05:14 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG