Մատչելիության հղումներ

Նիկոյանի կարծիքով, իշխող կոալիցիան կգոյատեւի մինչեւ մայիս


Ազգային ժողովի նախագահ, Հանրապետական Սամվել Նիկոյանի կարծիքով, մինչեւ խորհրդարանական ընտրությունները Հայաստանի իշխող կոալիցիան իր գոյությունը կշարունակի։

Շաբաթ օրը «Ազատություն» ռադիոկայանի «Տեսակետների խաչմերուկ» հաղորդման ժամանակ պատասխանելով այն հարցին, թե հնարավո՞ր է, որ Հայաստանի իշխող կոալիցիան, որի մեջ մտնում են Հայաստանի Հանրապետական, «Բարգավաճ Հայաստան» եւ «Օրինաց երկիր» կուսակցությունները, փլուզվի մինչեւ առաջիկա խորհրդարանական ընտրությունները, պատասխանեց․ - «Ես կարծում եմ, որ կոալիցիան մինչեւ խորհրդարանական ընտրությունները՝ մինչեւ մայիս ամիսը, կշարունակի իր գոյությունը»։

Ազգային ժողովի խոսնակը պարզաբանեց, որ կոալիցիաները սովորաբար ստեղծվում են խորհրդարանական ընտրություններից հետո եւ գոյություն են ունենում մինչեւ հաջորդ ընտրությունները։ Հետեւաբար, հայաստանյան կոալիցիան իր գոյությունը կշարունակի եւս 3-4 ամիս՝ մինչեւ ընտրության օրը։

«Ամեն դեպքում, կոալիցիան իր առջեւ դրված խնդիրները կատարել է եւ այս ամիսներին եւս կշարունակի կատարել», - նշեց Սամվել Նիկոյանը։

Նա հավելեց, թե կոալիցիայի գործունեությունը արտահայտվում է, օրինակ, խորհրդարանում քվեարկությունների ժամանակ, երբ կոալիցիոն քաղաքական ուժերը ընդհանուր տեսակետներ են արտահայտում այս կամ այն քաղաքական հարցի շուրջ։

«Եթե արդեն նիստեր չկան, եթե նման խնդիր չկա, ինչպե՞ս պետք է արտահայտվեն այդ մոտեցումները։ Ուզում եմ ասել, որ նախընտրական շրջանում՝ արդեն մայիս ամսին շատ մոտ, դա ակնառու չէ, որովհետեւ յուրաքանչյուր քաղաքական ուժ զբաղվում է իր քաղաքական գովազդով», - ասաց ԱԺ խոսնակը՝ բնական համարելով, որ նախընտրական շրջանում արդեն նույնիսկ նախկին կոալիցիոն գործընկերները կարող են քննադատել միմյանց, քանի որ՝ «յուրաքանչյուր քաղաքական ուժ ձգտելու է ավելի ներկայացված լինել պառլամենտում»։

«Ազատություն» ռադիոկայանի խնդրանքով անդրադառնալով ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի՝ ընտրություններին միասնական ցուցակով հանդես գալու մասին հարցին՝ Սամվել Նիկոյանը նշեց, որ առայժմ չի ցանկանում բացառել կամ հաստատել որեւէ բան։ ԱԺ խոսնակը, այդուհանդերձ, հավելեց․ - «Բայց, կարծում եմ, որ առանձին ցուցակներով են գնալու։ Եվ այդ կապակցությամբ կուսակցությունների համապատասխան ղեկավար մարմինները եւ ղեկավարները կհայտարարեն»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG