Մատչելիության հղումներ

«Էրգենեկոնի» գործով ձերբակալվել է գեներալ Բաշբուղը


 Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը եւ գեներալ Իլքեր Բաշբուղը: Անկարա , 28-ը փետրվարի, 2010 թ.
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը եւ գեներալ Իլքեր Բաշբուղը: Անկարա , 28-ը փետրվարի, 2010 թ.

Ստամբուլի դատարանի որոշմամբ երեկ ձերբակալվել է երկրի ԶՈՒ Գլխավոր շտաբի նախկին պետ, գեներալ Իլքեր Բաշբուղը:

Թուրքիայի Զինված ուժերի Գլխավոր շտաբի նախկին պետ Իլքեր Բաշբուղի ձերբակալության մասին որոշումը կայացվեց անցած գիշեր: Այսպիսով, գեներալ Բաշբուղը դարձավ երբեւիցէ թուրքական բանակի Գլխավոր շտաբը ղեկավարած զինվորականներից առաջինը, որ կալանավորվեց քաղաքացիական դատարանի վճռի համաձայն:

Ինչպես տեղեկացնում են թուրքական լրատվամիջոցները, Ստամբուլի դատախազությունը «Էրգենեկոնի» գործով որպես վկա անցնող Բաշբուղին հարցաքննության էր հրավիրել երեկ երեկոյան: Գեներալի հարցաքննությունը տեւել էր շուրջ յոթ ժամ, որից հետո գործը վարող դատախազը դիմել էր դատարան` Բաշբուղին կալանքի տակ առնելու միջնորդությամբ: Զինված ուժերի նախկին հրամանատարին մեղադրում են ահաբեկչական կառույց հիմնելու եւ պետական հեղաշրջում նախապատրաստելու մեջ:

Ինքը` գեներալ Բաշբուղը կտրականապես մերժում է իրեն ներկայացվող բոլոր մեղադրանքները: Հարցաքննությունից անմիջապես հետո Բաբշուղն իր փաստաբանների միջոցով հայտարարություն է տարածել, որում իր դեմ սկիզբ առած հետապնդումները «կատարյալ ֆարս է» որակում:

«Քննիչների հետ յոթ ժամ շարունակված զրույցի ընթացքում որեւէ լուրջ թեմա այդպես էլ չշոշափվեց: Թե ինչպես են նրանք այդ զրույցի արդյունքում եզրակացության հանգել, որ ես ահաբեկչական կառույցի ղեկավար եմ, դժվար է ասել», - հայտարարել է Բաշբուղը:

Պաշտոնաթող գեներալը նաեւ նշել է. - «Որեւէ մեկն ինձ այդպես էլ չկարողացավ բացատրել, թե ինչու պետք է աշխարհի հզորագույն բանակներից մեկի հրամանատարը ինչ-որ ահաբեկչական կառույց ստեղծեր»:

Գեներալ Բաշբուղի ձերբակալությունը միանշանակ չի ընկալվել երկրի քաղաքական դաշտում:

Թուրքական ընդդիմության առաջատար ուժը` Ժողովրդահանրապետական կուսակցությունը արդեն իսկ հայտարարել է, որ Գլխավոր շտաբի նախկին պետի դեմ սկիզբ առած հետապնդումները քաղաքական դրդապատճառներ ունեն:

«Ազգայնական Շարժում» կուսակցության առաջնորդ Դեւլեթ Բահչելին ավելի քննադատաբար է արձագանքել Բաշբուղի ձերբակալությանը` հայտարարելով. - «Թուրքական բանակը որպես ահաբեկչական կազմակերպության տանիք պատկերելն ի վերջո հանգեցնելու է քաոսի»:

Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը, սակայն, այս մեղադրանքներին հակադարձելով` այսօր նշել է. - «Օրենքի առջեւ բոլորն էլ հավասար են: Ընթացող դատական պրոցեսները համապատասխանում են երկրի օրենքներին»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG