Մատչելիության հղումներ

Իրանն ու Արեւմուտքը բանակցությունները շարունակելու պատրաստակամություն են հայտնել


Իրանն ու Արեւմուտքի երկրները հայտարարել են, որ սկզբունքորեն պատրաստ են վերսկսել Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները:

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն երեկ հայտարարել է, որ Իրանի իշխանություններին փոխանցել է Արեւմուտքի տերությունների առաջարկությունը բանակցությունները վերսկսելու մասին:

Նույն օրը Իրանի արտաքին գերատեսչության ղեկավար Ալի Աքբար Սալեհին նշել է, որ Թեհրանը պատրաստ է վերսկսել քննարկումները ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ հինգ երկրների եւ Գերմանիայի հետ:

Բանակցությունների անցկացման ժամկետն ու վայրը որոշվելու են ավելի ուշ, բայց, Սալեհիի խոսքով, Իրանը կողմ է, որ դրանք անցկացվեն Թուրքիայում:

Իրանի միջուկային ծրագրի շուրջ իրավիճակը սրվեց անցած աշնանը Միջուկային էներգիայի միջազգային գործակալության զեկույցից հետո: Արեւմուտքը կասկածի տակ է առնում այդ ծրագրի խաղաղ բնույթը:

Վերջին շաբաթներին Միացյալ Նահանգները եւ մի շարք այլ երկրներ խստացրել են Իրանի դեմ գործադրվող պատժամիջոցները, ինչին Թեհրանը շատ կտրուկ արձագանքեց` սպառնալով դադարեցնել նավթի տարանցումը Օրմուզի նեղուցով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG