Մատչելիության հղումներ

logo-print

Հայ առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Ծննդյան տոնը


Հայ առաքելական բոլոր եկեղեցիներում այսօր նշվում է Հիսուս Քրիստոսի Ս. Ծննդյան եւ Աստվածհայտնության տոնը, ինչպես նաեւ Փրկչի մկրտությունը (Ջրօրհնեքը):

Մինչեւ 4-րդ դարը բոլոր քրիստոնյաները Ծննդյան տոնը եւ Մկրտությունը նշում էին հենց հունվարի 6-ին: Բայց 4-րդ դարից սկսած կաթոլիկ եկեղեցին Ծննդյան տոնը նշում է դեկտեմբերի 25-ին, իսկ 5-րդ դարում այս որոշումը վավերացվել է Քաղքեդոնի ժողովի կողմից: Եվ այդ ժամանակներից ի վեր միայն Հայ առաքելական եկեղեցին է, որ շարունակում է հունվարի 6-ին նշել Ծննդյան տոնը: Իսկ Փրկչի մկրտության տոնը, որը խորհրդանշում է Հիսուսի մկրտությունը Հորդանան գետում Հովհաննես Մկրտչի կողմից, կաթոլիկ եկեղեցին էլ շարունակում է նշել հունվարի 6-ին:

Հայերիս համար այս օրը կրկնակի խորհուրդ ունի, քանի որ, ըստ Մաղաքիա արքեպիսկոպոս Օրմանյանի, հենց հունվարի 6-ին են Բագավանում մկրտվել ու պաշտոնապես քրիստոնեություն ընդունել Տրդատ թագավորը ու հայոց ողջ ազնվականությունը:

Հայ առաքելական եկեցեցին Սուրբ ծննդյան տոնակատարությունը սկսում է հունվարի 5-ի երեկոյան` աշխարհի բոլոր եկեղեցիներում մատուցելով Ճրագալույցի պատարագ, որի ավարտին հնչում է Հիսուսի Սուրբ Ծննդյան ավետիսը:

Իսկ արդեն այսօր առավոտյան հայկական բոլոր եկեղեցիներում մատուցվեց Ծննդյան Սուրբ պատարագը: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, ինչպես միշտ, պատարագիչը Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդն էր. - «Այսօր մենք ցնծությամբ օհրնաբանում ենք ծնունդը մեզ համար աշխարհ եկած Փրկչի, եւ խոստավանում` Դու ես մեր Տերը, Դու ես մեր Փրկիչը, Դու ես աղբյուրը կյանքի եւ ճանապարհը հավիտենության»:

«Ավետարանները պատմում են, թե ինչպես հեռավոր երկրներից եկած իմաստուն մոգերը եւ մերձակայքում գտնվող հովիվներ փութացին դեպի քարայրը: Եվ երկրպագելով խանձարուրով փաթաթված նորածին մանուկին` ողջունեցին Փրկչի գալուստը աշխարհ: Սքանչելախորհուրդ Սուրբ Ծննդյան տոնին ամենքս ուխտավոր ենք Բեթղեհեմի», - ասաց Վեհափառը` ավետելով. - «Քրիստոս ծնավ եւ հայտնեցավ, ձեզ եւ մեզ մեծ ավետիս»:

«Քրիստոսին եւ Նրա պատվիրանների մերժումը ծնում է պատերազմներ ու աղետներ, վնասում Երկիր մոլորակը, պատճառ դառնում հոգու եւ հոգեւորի տկարացման, նաեւ` աստվածաշնորհ կյանքի բռնի ընդհատման, սպանությունների, ինքնասպանության», - իր խոսքում ասաց Գարեգին երկրորդը` շարունակելով. - «Մեր օրերում, նաեւ մեր կյանքում հավատաշեն գործերի, աստվածահաճո բազում ձեռնարկների կողքին ցավով կարելի է տեսնել աստվածամերժ ընթացքներ, մեր ժողովրդի քրիստոնեական նկարագրին անհարիր բարքեր, ազգային նվիրական արժեհամակարգի խաթարում, նաեւ` հոգեւորի անտեսումով նյութականի, դրամի գերարժեւորում, որը դառնում է գլխավոր նպատակ` փոխանակ լինելու կյանքի արդար ու բարի ընթացքը կազմակերպելու միջոց»:

Իր պատգամի ավարտին Վեհափառ Հայրապետը հրավիրեց հավատավոր ժողովրդին աղոթելու եւ հայցելու Փրկչին. - «Տեր, թող Քո Սուրբ Ծննդյան շնորհները լուսավորեն աշխարհը համայն, խաղաղության հրեշտակաձայն ավետիսը հնչի Երկրի բոլոր ծագերում, հաճությունն ու համերաշխությունը ուղեկից լինեն ազգերին ու ժողովուրդներին, եւ երջանկությունն ու խնդությունը թագավորեն բոլոր ընտանիքներում: Թող Քո Սուրբ Ծննդյան լույսի առջեւ նահանջեն ատելություն եւ հակառակություն, հուսաբեկություն, անտարբերություն, դառնություն եւ տխրություն, եւ համայն աշխարհը պարուրվի Քո պարգեւած սիրով ու հույսով: Քո խնամքի մեջ սիրով, միաբան պահպանիր, Տեր, աշխարհասփյուռ ազգիս հայոց եւ պարգեւիր բարօր ու շեն կյանք, բարգավաճում եւ հզորություն` Հայաստան եւ Արցախ մեր երկրին, առավել լույս ու պայծառություն` Առաքելական մեր Սուրբ Եկեղեցուն, եւ մենք` Քո խոսքին հավատարիմ, գործերով վկայենք մեր հավատքը` մեր սրտերում միշտ զգալով ուրախությունը կենսապարգեւ Քո ներկայության եւ ցնծությամբ ավետելով բարի լուրը Քո Սուրբ Ծննդյան»:

Սուրբ պատարագին այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ներկա է եղել նախագահ Սերժ Սարգսյանը:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG