Մատչելիության հղումներ

Բարաք Օբաման ներկայացրեց Պենտագոնի նոր ռազմավարությունը


Ելույթ ունենալով պաշտպանության նախարարությունում` նախագահն ասել է, որ «գոտիները ձգելու հարցում Պենտագոնի համար այլեւս բացառություն չի արվի»։

Ամերիկայի Միացյալ Նահանգների զինված ուժերի գերագույն հրամանատարը` նախագահ Բարաք Օբաման նախօրեին Պենտագոնում ներկայացրել է ռազմական նոր հայեցակարգը, որը ենթադրում է բանակի կրճատում, Իրաքում եւ Աֆղանստանում հսկայական ծախսեր պահանջող պատերազմների ավարտ եւ ուշադրության կենտրոնացում հետզհետե հզորացող Չինաստանի վրա։

Նախագահն ասել է, որ հարկ է եւ պահպանել մարդկության պատմության ընթացքում ամենահզոր զինված ուժերի համբավը, բայց եւ հաշվի առնել բյուջեի բարդ խնդիրը։

«Ես կարգադրեցի հիմնովին վերանայել եւ հստակեցնել մեր ռազմավարական առաջնահերթությունները այս արագ փոփոխվող աշխարհում։ Մեր ծախսերը, պաշտպանության բյուջեն պետք է ռազմավարությամբ կարգավորվեն, մենք պարտավոր ենք հիշել պատմության դասերը, չկրկնել անցյալի սխալները, որոնք թույլ ենք տվել Երկրորդ աշխարհամարտից եւ Վիետնամից հետո, երբ մեր զինված ուժերը ապագայի մարտահրավերների առջեւ անպատրաստ էին գտնվել»,- ասել է Օբաման։

2001-ի սեպտեմբեր 11-ից հետո Միացյալ Նահանգները որդեգրել է ռազմավարություն, որի համաձայն, երկրի զինված ուժերը պետք է ունակ լինեին միաժամանակ վարել երկու ցամաքային խոշոր պատերազմ եւ հաղթել։

Հիմա այդ դրույթը փոխվում է` ամերիկյան բանակը պետք է կարողանա հաղթել մեկ պատերազմում, աշխարհի որեւէ այլ տարածաշրջանում զսպել հավանական թշնամուն եւ պահպանել մարդասիրական գործողությունների եւ հակաահաբեկչական պայքարի կարողությունը։

Բարաք Օբաման նաեւ նկատել է տվել, որ սուղ բյուջեի պայմաններում պետական բոլոր կառույցներն են գոտիները ձգելու եւ Պենտագոնի համար այլեւս բացառություն չի արվի։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG