Մատչելիության հղումներ

Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների առթիվ շնորհավորական ուղերձում նախագահ Սերժ Սարգսյանը հատուկ անդրադարձավ ընտրությունների թեմային. - «Ինչպես գիտեք, գալիք տարի նաեւ անցկացվելու են Ազգային ժողովի ընտրություններ: Ընտրությունները մեզանում շատ դեպքերում ընկալվել են, կրկնում եմ` ընկալվել են, միայն որպես իշխանություն ձեռք գցելու կամ իշխանությունը պահելու միջոց: Վաղուց ժամանակն է ըմբռնելու, որ շատ ավելի բարձր նպատակներ կան: Ես իմ անձնական որոշումը վաղուց եմ կայացրել` անել ինձնից կախվածը արատավոր կարծրատիպից հրաժարվելու, իրոք ազգային եւ իրոք պետական մոտեցման սկզբունքները քաղաքական կյանքում արմատավորելու համար: Չեմ թաքցնի` օգնության կարիք էլ եմ ունեցել եւ ունեմ:Մենք մտնում ենք ոչ միայն նոր տարի, այլեւ մեր երկրի ու հասարակության զարգացման նոր փուլ»:

Ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց. - «Շատ կցանկանայի, որ նախագահի խոսքերը իրականություն դառնային այն առումով, որ ամենահեռավոր համայնքում իսկ, ամենահեռավոր մարզից սկսած մինչեւ մայրաքաղաք որեւէ մեկը պարտադրանքի կամ ճնշումների ներքո չկատարեր իր ընտրությունը: Կցանկանայի, որպեսզի տեսնեինք իրական կյանքում հավասար, արդար մրցակցություն եւ տեսնեինք, որ իսկապես իշխանություն կորցնելը հավասարազոր չէ սեփական մահվան դատավճիռը ընկալելուն: Իշխանություն կորցնելը հավասարազոր է գնահատվել կուտակած հարստությունը կորցնելուն, սեփական անձեռնմխելիությունը կորցնելուն, սեփական ֆիզիկական գոյությունը վտանգելուն: Եվ այն ժամանակ, երբ որեւէ իշխող խմբավորում չի ունենա նման վախ, պատրաստ կլինի ազատ ընտրություններից հետո ինքնակամ զիջել իր տեղը նրան, ով ժողովրդի վստահությունը կստանա, այդ դեպքում ես կասեմ, որ այդ կարծրատիպերը եւ այդ նպատակները այլեւս անցյալ են»:

Իսկ հարցին, թե հավատ ներշնչում են նախագահի այն խոսքերը, որ «վաղուց է որոշում կայացրել անել իրենից կախվածը արատավոր կարծրատիպից հրաժարվելու համար», Սաֆարյանը արձագանքեց. - «Կյանքը Հայաստանում ստիպում է բավականին զգուշավոր լինել բոլոր հայտարարությունների նկատմամբ: Այնպես, ինչպես քաղաքացիներն են այլեւս շատ զգույշ եւ թերահավատ բոլոր հայտարարությունների նկատմամբ, այդպես էլ քաղաքական ուժերը, որոնք, համենայն դեպս, որեւէ մեղսակցություն չունեն այս տարիների ընթացքում ընտրությունների կեղծմանը, զգուշավոր են վերաբերվում նման հայտարարություններին»:

«Ողջունելի են արվող հայտարարությունները», - շարունակեց պատգամավորը: - «Բայց դրանք շատ հաճախ ավելի մեծ ցավ են պատճառում այն դեպքում, երբ տեսնում ես, որ դրանք սոսկ խոսքեր են… Տա Աստված, որ մեր հոռետեսությունը չարդարացված լինի, եւ, ես կարծում եմ, այդ խոսքերի գնահատականը մենք ճշգրիտ կարող ենք տալ մայիսի 7-ին»:

Լավատեսորեն տրամադրված չէ նաեւ արտախորհրդարանական ընդդիմությունը:

«Ոչ մի լավատեսություն չի կարող լինել, մինչեւ մենք չտեսնենք գործ, ոչ թե խոսք», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը: - «Այդ կարծրատիպից հրաժարվելու միակ ձեւը այն է, որ անցկացվեն ազատ եւ արդար ընտրություններ Հայաստանում: Իսկ Սերժ Սարգսյանի բոլոր անցյալ գործողությունները վկայել են միայն հակառակը. որ ինքը ամեն ինչ արել է, այդ թվում նաեւ ցանկացած ապօրինություն` իշխանությունը զավթելու եւ ապօրինաբար յուրացնելու համար»:

«Եթե իսկապես շահագրգռված են նորմալ ընտրություններ անցկացնել, ապա պետք է գոնե ընդունեին այն պարզ առաջարկությունները, որ մենք առաջարկում էին Ընտրական օրենսգրքի եւ ընտրական գործընթացի վերափոխման նպատակով: Եթե դա չի արվում, նշանակում է` դրանք ընդամենը գեղեցիկ խոսքեր են, որոնց ոչ ոք չի հավատում», - եզրափակեց Զուրաբյանը:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG