Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը շարունակեց այցը Ղարաբաղ


Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի նախագահները այցելում են Ղարաբաղի Պաշտպանության բանակի ստորաբաժանումներ, 3-ը հունվարի, 2012թ.

Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի նախագահները այցելում են Ղարաբաղի Պաշտպանության բանակի ստորաբաժանումներ, 3-ը հունվարի, 2012թ.

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ չորեքշաբթի օրը Ստեփանակերտում շահագործման հանձնվեց «Արցախ» կոչվող թաղամասը։

Վեց բարձրահարկ շենքերից բաղկացած այդ թաղամասում բնակարաններ են ստացել զոհված զինծառայողների ընտանիքները, երկկողմանի ծնողազուրկ՝ ներկայումս Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակում ծառայող սպաների ընտանիքները։ Բնակարանների մի մասն էլ տրամադրվել են հիփոթեքային վարկով։

Կառավարությունը վստահեցնում է, որ այսպիսով ավարտվեց Ստեփանակերտում բնակվող՝ զոհված զինծառայողների ընտանիքներին բնակարաններով ապահովելու պետական ծրագիրը։

Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի եւ Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ միասին Սերժ Սարգսյանը այսօր մասնակցեց մի քանի ընտանիքների բնակարանամուտին։

Սերժ Սարգսյանը եւ Սեյրան Օհանյանը արդեն երկու օր է, ինչ Լեռնային Ղարաբաղում են։

Երեքշաբթի օրը նրանք այցելեցին Մարտունու շրջանում գտնվող մի շարք զորամասեր, որտեղ ծանոթացան զինվորական առօրյային, այնուհետեւ երկու նախագահները մասնակցեցին Մարտունի քաղաքի «Սայաթ-Նովա» կոչվող նոր մարզահամալիրի բացման հանդիսավոր արարողությանը։

Նույն օրը Սերժ Սարգսյանը ծանոթացավ նաեւ Լեռնային Ղարաբաղի կառավարության կողմից մշակվող այլընտրանքային էներգիայի տեսակներին՝ նախ այցելեցին Ասկերանի շրջանի Ավետարանոց գյուղ, որտեղ արտադրում են բրիկետներ, այնուհետեւ՝ Շուշի - Կարմիր Շուկա խաչմերուկի արտադրամաս, որտեղ էլ կարծր վառելիքով կաթսաներ են պատրաստում։

Հայաստանի նախագահը այսօր մասնակցեց նաեւ Իվանյան գյուղում կապիտալ վերանորոգված՝ Վալերի Մարությանի անվան ռազմական հոսպիտալի բացման հանդիսավոր արարողությանը։

Երկու նախագահները ներկա գտնվեցին Պաշտպանության բանակի ուսումնական կենտրոններից մեկում կազմակերպված ցուցադրական պարապմունքներին, ինչից հետո Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունում հանդիպում ունեցան Պաշտպանության բանակի ղեկավար կազմի հետ։

Այս օրերին Սերժ Սարգսյանը եւ նրան ուղեկցող անձինք Ղարաբաղում շրջում էին բացառապես զինվորական համազգեստով։

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG