Մատչելիության հղումներ

Սիրելի բարեպաշտ հավատացյալ ժողովուրդ.

Տարեմուտի բարի մաղթանքներով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից ողջունում եւ Մեր օրհնությունն ենք բերում ձեզ ի Հայաստան եւ ի Սփյուռս:

Նոր հույսերով ու ակնկալիքներով դիմավորում ենք 2012 թվականը: Ամանորի սեմին առատացնում ենք նաեւ մեր աղոթքները` սպասելով մեր Տիրոջ Սուրբ Ծննդյան բարի ավետիսին, որը ամեն նոր տարվա հետ լցնում է աշխարհը երկնային շնորհներով եւ բերում պատգամը խաղաղության եւ մարդկանց մեջ սիրո ու համերաշխության:

Տիրոջ ողորմությամբ 2011 թվականը խաղաղ տարի եղավ մեր ժողովրդի համար: Պաշտպանված եղան մեր երկրի սահմանները, մեր եկեղեցիներից գոհաբանական աղոթք բարձրացավ երկինք: Հայրենիքում եւ Սփյուռքում մեր ժողովուրդը ջանաց իր կյանքի բարելավման ու ապահովության համար: Վաղվա լուսավոր օրը կերտելու վստահությամբ դիմագրավեց մեր կյանքում դեռեւս առկա դժվարություններին, համբերեց նեղությունների մեջ, ապրեց ու ստեղծեց իր իղձերը մարմնավորելու տեսիլքով ու կամքով եւ արդար հպարտությամբ ի սփյուռս աշխարհի տոնեց 20-ամյակը վերահաստատված մեր անկախ պետականության: Փառք ենք մատուցում Տիրոջը, որ օրհնեց մեր երկրի շենացման, ազգային եւ եկեղեցական մեր կյանքի զորացման համար մեր ժողովրդի ներդրած ջանքերը, հանձնառությունն ու նվիրումը:

Լավատեսության այս ոգով, սիրելի բարեպաշտ ժողովուրդ, դիմավորենք նոր տարին: Մենք ենք 2012 թվականը դարձնելու ձեռքբերումներով եւ ուրախությամբ լեցուն, մեր խնդիրների վճռման եւ մեր նպատակների իրագործման օրհնյալ ժամանակ: Քիչ չեն մեր կյանքի հրամայականներն ու անհրաժեշտությունները. յուրաքանչյուրիս ջանք ու նվիրումով, ազգի, Եկեղեցու, Հայրենիքի եւ միմյանց հանդեպ մեր սիրով ու պատասխանատվությամբ է պայմանավորված մեր կյանքի խաղաղ զարգացումն ու առաջընթացը: Մեր ամեն քայլում, խոսքում եւ գործում լինենք միասնական, լինենք արդարամիտ, բարեխիղճ ու գթասիրտ, որպեսզի կարողանանք վերափոխել մեր կյանքը եւ մեզ ընձեռնված ժամանակը պանծալի ձեռքբերումներով դարձնել գրո արժանի հայոց տարեգրության մեջ:

Իրադարձային է 2012 թվականը: Պետականորեն եւ համազգային շուքով նշելու ենք հայ գրատպության 500-ամյա հոբելյանը: Ֆրանսիայի Սենատում քննարկման է դրվելու, եւ հույս ունենք, որ վավերացվելու է, Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը:

Եկող տարի մեզ սպասում են նաեւ Ազգային Ժողովի ընտրությունները` առիթ ամենայն ջանք գործադրելու, որ մեր ժողովուրդը ազատ կամքի արտահայտությամբ առավել զորացնի ամուր հիմերը հայոց պետականության եւ իր բարօր ու շեն կյանքի:

Հզոր ու ծաղկուն Հայրենիքը հույսն ու երաշխիքն է մեր լուսավոր գալիքի, ապահովությունը, բարգավաճումն ու բազմապատկումը մեր ընտանիքների, գրավականը հայրենադարձության, զորեղ կռվանը հայապահպանության, որ Սփյուռքում ապրող հայության սերունդները հարազատության ամուր կապով կապված լինեն Մայր Հայրենիքին եւ մասնակից` հայրենական կյանքին:

Լավատեսությունը մեր հոգում, մեր ուժերի հանդեպ վստահությամբ ապրենք, սիրելի ժողովուրդ, եւ հավատանք, որ մեզ հաջողություններ կպարգեւի Տերը, Ով հաղթանակով պսակեց մեր անկախ պետականության վերահաստատումը եւ օրհնեց մեր պետական, ազգային ու եկեղեցական կյանքի ձեռքբերումները:

Տարեմուտի այս հուսառատ պահին, երբ ընտանյաց անդամներով, ընկերներով, բարեկամներով համախմբված դիմավորում ենք Ամանորը, մեր առաջին աղոթքը վերառաքենք առ Աստված եւ հայցենք, որ խաղաղություն պարգեւի աշխարհին, խաղաղ պահի մեզ Հայրենիքում եւ Սփյուռքում` հավատքով զորավոր, գործով հաղթական:

Թող Տիրոջ շնորհներն ու օրհնությունը հեղվեն մեր կյանքին եւ Իր բարեխնամ առաջնորդությունը լինի մեզ հետ` այսօր եւ միշտ:

Շնորհավոր նոր տարի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG