Մատչելիության հղումներ

logo-print

Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ Սերժ Սարգսյանն այցելել է պաշտպանական դիրքեր


Հայաստանի Հանրապետության նախագահ, Հայաստանի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանն այսօր Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ այցելել է պաշտպանական դիրքեր:

Նախագահին ուղեկցել են Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

Հանրապետության ղեկավարը հետեւել է պաշտպանական հենակետերում մարտական հերթապահության կազմակերպմանը, ծանոթացել զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմաններին, զրուցել նրանց հետաքրքրող հարցերի շուրջ:

Սերժ Սարգսյանը շնորհավորել է հայոց բանակի զինծառայողներին գալիք տոների կապակցությամբ, հղել բարեմաղթանքներ եւ շնորհակալություն հայտնել անձնվեր ծառայության համար:

«Ձեր կատարած գործն ամենակարեւորն է մեր երկրի համար: Ամենակարեւորը, որովհետեւ եթե դուք այստեղ ամուր չլինեք, վստահ չլինեք, մեր ժողովուրդն իրեն վստահ չի զգա, իսկ ձեր ամրությունը, ձեր ինքնավստահությունը փոխանցվում է այստեղից՝ այս սահմանից, որովհետեւ այստեղից է սկսվում մեր երկիրը»,- նախագահի մամլո գրասենյակի տարածած հաղորդագրության համաձայն, ասել է Սերժ Սարգսյանը:

Հանրապետության ղեկավարը նշել է, որ հայ զինվորը զսպաշապիկ է սահմանից այն կողմ կանգնած մարդկանց համար, որովհետեւ այնտեղ գիտեն, թե հայոց բանակի զինվորն ինչի է ունակ: Նախագահի խոսքով, հայ զինվորով հպարտանում են ոչ միայն իր ծնողները, այլեւ բոլորը՝ երեխաներից, երիտասարդներից սկսած մինչեւ մեծահասակներ:

Ծառայության ընթացքում իրենց անձնվիրությամբ եւ խիզախությամբ աչքի ընկած մի խումբ զինվորներ նախագահի կողմից ստացել են նվերներ:

Հանրապետության ղեկավարը նաեւ հանդիպել է սահմանամերձ Ոսկեպար եւ Կիրանց գյուղերի բնակիչների հետ, շնորհավորել նրանց գալիք տոների կապակցությամբ: Սերժ Սարգսյանը զրուցել է բնակիչներին հուզող հարցերի շուրջ, հետաքրքրվել սահմանամերձ բնակավայրերի խնդիրներով եւ տվել համապատասխան հանձնարարականներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG