Մատչելիության հղումներ

logo-print

Ժիրինովսկի. «Հայերը արդար պայքար են մղում»


Ռուսաստանի լիբերալ դեմոկրատական կուսակցության նախագահ, Պետդումայում կուսակցության խմբակցության ղեկավար, Ռուսաստանի նախագահի թեկնածու Վլադիմիր Ժիրինովսկին համաձայն է Լեռնային Ղարաբաղի միջազգային ճանաչման անհրաժեշտության մասին տեսակետին։ Այդ մասին նա հայտարարել է ՀՅ Դաշնակցության Մոսկվայի Հայ դատի գրասենյակի պատասխանատու Յուրի Նավոյանի հետ հանդիպման ժամանակ, որը կայացել է երեկ Ռուսաստանի Պետդումայում։

Միաժամանակ, Ժիրինովսկին նշել է, որ դրան ժամանակավորապես խանգարում են միայն միջազգային ներկա շահերը։ Ռուսաստանցի քաղաքական գործիչը տեսակետ է հայտնել, որ հայերը իրենց իրավունքների համար արդար պայքար են մղում։ Դաշնակցության բյուրոյի հանրային կապերի գրասենյակի փոխանցմամբ` Ժիրինովսկին ասել է, թե ինքը արդարության կողմնակից է, իսկ այն հայերի կողմն է։

Ըստ Ժիրինովսկու` Ռուսաստանը, Եվրոպան եւ ԱՄՆ-ը աստիճանաբար ճանաչում են հայերի իրավունքները իրենց պատմական հայրենիքի նկատմամբ, եւ Թուրքիան պետք է հաշվի նստի դրա հետ։

Անդրադառնալով հայ - ռուսական հարաբերություններին` Վլադիմիր Ժիրինովսկին ընդգծել է Հայաստանի անվտանգության հարցում Ռուսաստանի նշանակությունը, գնահատել է Ռուսաստանի զարգացման գործում հայերի դերակատարությունը` կարեւորելով նաեւ ռուսաստանյան ընտրություններում հայերի ակտիվ դիրքորոշման նշանակությունը։

Ռուսաստանի լիբերալ դեմոկրատական կուսակցության առաջնորդը շնորհավորել է ամբողջ հայ ժողովրդին Ամանորի եւ Սուրբ Ծնունդի կապակցությամբ, մաղթել հետագա առաջընթաց եւ ազգային բոլոր ծրագրերի իրականացում։

Հանդիպման ժամանակ նախնական համաձայնություն է ձեռք բերվել ապրիլին Հայաստան Ժիրինովսկու այցի կազմակերպման վերաբերյալ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG