Մատչելիության հղումներ

Կարաոկե բարը խաթարում է բնակիչների անդորրը


Կարաոկե-բարերը գերազանցում են աղմուկի թույլատրելի սահմանը
please wait

No media source currently available

0:00 0:02:52 0:00
Երեւանի կենտրոնի բնակելի շենքերից մեկի առաջին հարկում գործող «Ռանդեվու» կարաոկե բարը հայտնվել է դատական գործընթացներում` բարի առաջացրած աղմուկի պատճառով:

Կորյուն փողոցի շենքերից մեկում գտնվող բարի տնօրինությունը դատի է տվել առողջապահության նախարարության պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչությանը իրեն տուգանելու համար: Տեսչությունն էլ իր հերթին է դատի տվել բարի ղեկավարությանը` իր պահանջները չկատարելու համար: Դատաքննությունը դեռ չի ավարտվել: «Ռանդեւու» կարաոկե բարի տնօրինությունն ամենեւին էլ այն կարծիքին չէ, որ բարն աղմուկ է առաջացնում ու խաթարում բնակիչների անդորրը:

Մինչդեռ կա առողջապահության նախարարության պետական հիգենիկ եւ հակահամաճարակային տեսչության մասնագետների եզրակացությունը, որ փաստում է գիշերային ժամերին բարի կողմից առաջացրած աղմուկի մասին: Բարի վերեւում ապրող Քաջազունի Պետրոսյանի խնդրանքով տեսչության մասնագետներն այս տարվա փետրվարին ստուգել են նրա բնակարան բարից եկող ձայնի մակարդակը: Պարզվել է, որ բնակարանի ներքեւում գործող բարից եկող ձայնի մակարդակը գերազանցում է սահմանված չափորոշիչները 6 դեցիբելով` հասնելով 36 դեցիբելի: Գիշերային ժամերին ձայնի մակարդակը 30 դեցիբել է սահմանված: Շենքի երկրորդ հարկի բնակիչը դժգոհում է, որ տանն ապրել չի լինում:

«Բայց մենք ուզում ենք ընդամենը մեր տան մեջ հանգիստ ապրել, որ մեզ չխանգարեն, սա վայրենություն է, գազանություն է», - ասաց Պետրոսյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում: :

Պետրոսյանի հարեւանուհին` 79-ամյա Օլգա Մկրտչյանն ասում է, թե չի կարողանում քնել ննջասենյակում: Մկրտչյանի ննջասենյակում բարից եկող ձայներն ավելի բարձր են լսվում, քան հյուրասենյակում, այդ պատճառով էլ նա քնում է հյուրասենյակում:

«Եթե երաժշտությունը կա, այդ երաժշտությունը երբեք բարձր ու ցածր չի լինում` բարձր է, կարաոկե է, ջահելները գալիս են ուրախանալու: Նրան մեղավոր չեն, բայց օրվա բոլոր ժամերին էլ անհանգստացնում են», - ասաց Մկրտչյանը:

Մինչդեռ բարի ղեկավարությունը գտնում է, որ բարի ձայները բնակարաններ չեն հասնում: Չցանկանալով ներկայանալ ու ձայնագրվել` բարի տնօրենն «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում պնդեց, թե բարն աշխատում է օրենքի սահմաններում, ձայնամեկուսացման աշխատանքները կատարված են, իսկ բողոքներն էլ անհիմն են:

Սակայն ձայնի մակարդակը ստուգած պետական հիգիենիկ ու հակահամաճարակային տեսչության պետական իրավական ապահովման եւ փաստաթղթային հոսքերի կառավարման բաժնի պետ Նունե Բակունցն «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց, տեսչությունը 60 հազար դրամով տուգանել է բարին ու պահանջել ապահովել ձայնամեկուսացումը: Բակունցի պնդմամբ` բարի ղեկավարությունը ո'չ տուգանքն է վճարել, ո'չ էլ կատարել տեսչության պահանջը: Բակունցը հակադարձում է բարի տնօրինության այն պնդումներին, թե ստուգումները կատարվել են թերի ու սխալ: Նա նշում է, որ ձայնի մակարդակը չափվում է հատուկ գործիքով, ինչը սխալվելու հնարավորություն չի տալիս:

«Միակ օբյեկտիվ բանը այդ չափումն է, որովհետեւ մեկը կարող է ասել կա, մյուսը` չկա: Չափումը օբյեկտիվ գործիքային չափում է, որի վրա թիվը գրվում է, այստեղ ոչինչ անել չենք կարող: 1 դեցիբելն էլ արդեն տարբերություն է տալիս եւ կարող է անհանգսացնել [բնակիչներին]», - ասաց Բակունցը:

Պաշտոնյան հավելում է, թե այս խնդիրը Երեւանի համար եզակի չէ, աղմուկից դժգոհողները շատ են: Համաձայն «ՀՀ վարչական իրավախախտումների մասին» օրենքի` ժամը 22-ից մինչեւ ժամը 6-ը լռության խախտումը գիշերն արգելվում է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG