Մատչելիության հղումներ

Մարզպետի պնդմամբ` Շիրակում արդյունաբերության 60 տոկոսանոց աճ է արձանագրվել


Նորակառույց շաքարի գործարան Շիրակի մարզում:
Նորակառույց շաքարի գործարան Շիրակի մարզում:

Շիրակի մարզային խորհրդի նիստում մարզպետ Աշոտ Գիզիրյանն այսօր ներկայացրեց իր տարեկան հաշվետվությունը:

Ըստ այդմ` 2011 թվականին մարզում կապիտալ շինարարության ոլորտում ներդրվել է ավելի քան 40 միլիարդ դրամ. կառուցվում են բնակարաններ անօթեւան ընտանիքների համար, բուժհաստատություններ, դպրոցներ, հիմնանորոգվել են Մշակույթի տներ: Տարին բարենպաստ է եղել նաեւ գյուղատնտեսության համար:

Թերեւս ամենաանսպասելին արդյունաբերության ոլորտում արձանագրված 60 տոկոսանոց աճն է:

«Արդյունաբերական արտադրանքի աճը կազմել է 60 տոկոս: Տարվա ընթացքում արտադրանք են թողարկել շուրջ 110 տնտեսավարող սուբյեկտներ, որոնցից 76-ը մշակող արդյունաբերության ճյուղի ընկերությունները են», - նշեց Գիզիրյանը:

Նիստից հետո լրագրողների հետ զրույցում հարցին, թե ինչ է արվելու Հայաստանի ամենաաղքատ մարզերից մեկը համարվող Շիրակում աղքատությունը կրճատելու ուղղությամբ, մարզպետն արձագանքեց. - «Աղքատություն ինչքան ասում ես, այնքան աղքատանում ես… Եկեք լավատես լինենք… Սոցիալական հարցով ես մի բան գիտեմ. մարդիկ, այն ծառայությունները, որոնք ստեղծված են, որ օգնեն այդ խավին, պետք է արդար լինեն եւ օբյեկտիվ: Ես դրա մեջ մեծ լումա եմ ներդնելու… Ի՞նչ եմ անելու` 2012-ին կերեւա: Երբ որ կարողանամ ինքս` որպես Շիրակի մարզպետ, աշխատատեղեր ստեղծել, ի միջի այլոց այդ հարցի շուրջ ես մտածում եմ, որ թեկուզ 20 տեղանոց, 30 տեղանոց… Ես ահագին մեծ շրջապատ ունեմ ե'ւ դրսում, ե'ւ հանրապետությունում. բերեն ներդրումներ կատարեն: Ներդրում կկատարի գործարարը այն ժամանակ, երբ որ նպաստավոր պայմաններ կան: Այսինքն, իշխանավորները` ի դեմս պարոն Գիզիրյանի, քաշքշուկ արհեստական չեն ստեղծի: Ես դա չեմ անելու, ուրիշներին էլ թույլ չեմ տա»:

Գալիք տարվա խորհրդարանական ընտրություններում վարչական լծակների կիրառմանը վերաբերող հարցին, մարզպետը նախ արձագանքեց. - «Տարիուկես է այստեղ եմ, որեւիցե մեկին հրահանգել կամ ճնշե՞լ եմ»: Ապա կես-կատակ ավելացրեց. - «Կան ձեւեր…ռուսերեն ասում են` ուբեժդենիյե ի պրինուժդենիյե: Ես աշխատելու եմ համոզել, եթե համոզմունքը չլինի, անցնելու եմ մյուս տարբերակին»:

please wait

No media source currently available

0:00 0:05:04 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG