Մատչելիության հղումներ

Դեկտեմբերի 1-ի դրությամբ աշխատանք փնտրողների թիվը կազմել է 82.798 անձ, որոնցից 69.517-ը ստացել են գործազուրկի կարգավիճակ:

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության պետի տեղակալ Արտակ Սիմոնյանը չորեքշաբթի կայացած ասուլիսում ներկայացրեց զբաղվածության կարգավորման պետական ծրագրերի 2011 թվականի արդյունքները:

Սիմոնյանը առաջին հերթին խոսեց ձեռքբերումների, մասնավորապես, աշխատաշուկայում երիտասարդների եւ հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության կարգավորման նոր ծրագրերի ներմուծմանը մասին:

2011 թվականի դեկտեմբերի 1-ի դրությամբ պաշտոնական գործազրկության մակարդակը կազմել է 6 տոկոս: Անցած տարվա համեմատ նվազել է 1 տոկոսով: Տարվա ընթացքում գործակալության մարզային եւ տարածքային կենտրոններում խորհրդատվություն է ստացել 216 հազար անձ:

Այս տարի ներմուծվել են երեք նոր ծրագրեր, որոնք նախատեսված են բարձրագույն կրթություն ունեցող, սակայն աշխատանքային փորձ չունեցող երիտասարդների համար:

Աշխատանքի տեղավորման ցուցանիշը այս տարի կազմել է 10 125 անձ, նախատեսված 9580-ի փոխարեն: Աշխատանքի տեղավորվածների ցուցանիշի աճը նախատեսված 2 տոկոսի փոխարեն կազմել է 7.7 տոկոս:

Գործակալությունը համագործակցել է մի շարք կառույցների, այլ գործակալությունների, հիմնադրամների հետ, համատեղ ծրագրերը, Արտակ Սիմոնյանի խոսքով, նպաստել են աշխատանքի տեղավորման ցուցանիշների բարձրացմանը:

Մասնագիտական ուսուցման ծրագրում ընդգրկվել է 1804 անձ, այդ թվում` 1365 գործազուրկ, 118 հաշմանդամություն ունեցող անձ: Իսկ տարեվերջին ուսուցման մեջ ընդգրկված 460 անձը ուսուցումը կշարունակի 2012-ին:

XS
SM
MD
LG