Մատչելիության հղումներ

logo-print

Հայոց ցեղասպանության հարցը` Բոսնիայի խորհրդարանում


Բոսնիա եւ Հերցեգովինա - Բոսնիայի սերբական հատվածի նախագահ Միլորադ Դոդիկը ելույթ է ունենում հանրապետության խորհրդարանում, Բանյա Լուկա, ապրիլ, 2011թ.

Բոսնիա եւ Հերցեգովինա - Բոսնիայի սերբական հատվածի նախագահ Միլորադ Դոդիկը ելույթ է ունենում հանրապետության խորհրդարանում, Բանյա Լուկա, ապրիլ, 2011թ.

Առաջիկա օրերին Բոսնիա եւ Հերցեգովինայի խորհրդարանը կքննարկի Հայոց ցեղասպանության ժխտումն արգելող օրինագիծը:Երեքշաբթի օրը նման նախաձեռնությամբ է հանդես եկել Բոսնիայի սերբական հատվածի նախագահ Միլորադ Դոդիկը:

1915 թվականի իրադարձությունները որպես ցեղասպանության ճանաչելու եւ այդ փաստի ժխտումն արգելելու նախաձեռնությունը Բոսնիայի դաշնային խորհրդարան կներկայացնի Դոդիկի Սերբական անկախ սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը:

«Մենք ցանկանում ենք մտնել եվրոպական այն քաղաքակիրթ երկրների, մյուս նմանատիպ պետությունների շրջանակը, որոնք արդեն իսկ դատապարտել են այդ ցեղասպանությունը։ Նման առաջարկով նախագիծը մոտակա օրերին մենք ներկայացնելու ենք խորհրդարան», - երեքշաբթի օրը հայտարարել է բոսնիացի սերբերի առաջնորդը Բոսնիայի սերբական հատվածի վարչական կենտրոն Բանյա Լուկա քաղաքում:

«Որեւէ կասկած չկա, որ հայերի դեմ ցեղասպանություն է իրականացվել: Մեկուկես միլիոն մարդ դաժանաբար սպանվել է։ Եթե մենք ընդհանուր վերլուծություն կատարենք, ապա պարզ կդառնա, որ թուրքերը նաեւ սերբերի ցեղասպանություն են իրագործել այն դարաշրջանում, երբ այս տարածքները նրանց տիրապետության տակ էին», - նշել է Միլորադ Դոդիկը` հավելելով նաեւ, թե Թուրքիայի բացասական արձագանքը այս նախաձեռնություններին իր համար խիստ սպասելի է:

«Թուրքիան այն պետությունն է, որ Բոսնիայում միանշանակորեն պաշտպանում է միայն մի կողմի` բոսնիացի մահմեդականների շահերը», - նշել է բոսնիացի սերբերի առաջնորդը:

Այնուհանդերձ, Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի ընդունման հեռանկարները Բոսնիա եւ Հերցեգովինայի դաշնային խորհրդարանում այնքան էլ մեծ չեն: Փաստորեն, ցեղասպանությունը ճանաչելու նախաձեռնությամբ հանդես է գալիս Բոսնիան ձեւավորող երկու պետական միավորներից միայն մեկի` Սերբական Հանրապետության ղեկավարը: 1995 թվականի Դեյթոնյան համաձայնագրի հիման վրա երկրի տարածքի 51 տոկոսը զբաղեցնող Մահմեդականների եւ Խորվաթների Դաշնության ղեկավարությունը Հայոց ցեղասպանության ճանաչման օրինագծի առթիվ առանձնակի ոգեւորություն չի ցուցաբերում: Բացի այդ, նախաձեռնության հեղինակ հանդիսացող սերբ սոցիալ-դեմոկրատները Բոսնիայի 42-տեղանոց դաշնային խորհրդարանում ընդամենը 8 մանդատ ունեն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG