Մատչելիության հղումներ

ԼՂ վարչապետ․ «Մեր կյանքը տարեկան կարող է 10 տոկոս լավանալ»


ԼՂ վարչապետ Արա Հարությունյանը
ԼՂ վարչապետ Արա Հարությունյանը
2012 թվականին Լեռնային Ղարաբաղում անցկացվելիք նախագահական ընտրություններից հետո կառավարությունը կրկին ղեկավարելու առաջարկին վարչապետ Արա Հարությունյանը դեմ չի լինի: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի հարցին ի պատասխան՝ հայտարարեց Արա Հարությունյանը։

Իսկ ԼՂ վարչապետի գլխավորած «Ազատ հայրենիք» կուսակցությունը նախագահական ընտրությունների ժամանակ կպաշտպանի գործող նախագահ Բակո Սահակյանի թեկնածությունը, եթե վերջինս առաջադրվի:

«Կուսակցության կողմից այլ քննարկում կամ այլ որեւէ առաջարկություն չի լինելու: Համոզված եմ` դա մեր կուսակցության ե՛ւ խորհրդի անդամների, ե՛ւ շարքային կուսակցականների կարծիքն է», - այսօր լրագրողներրի հետ հանդիպման ժամանակ ասաց Հարությունյանը:

Անդրադառնալով նախագահի նախընտրական ծրագրին, որն էլ հիմք էր ծառայել կառավարության գործունեության համար, վարչապետը նշեց, որ ընդհանուր առմամբ այդ ծրագրերը կյանքի են կոչվել:

«Այս տարիների ընթացքում, չնայած խոչընդոտներին, խնդիրներին, միջազգային իրավիճակի ազդեցության գործոնը հաշվի առնելով, մեզ հաջողվել է բոլոր նախանշված ցուցանիշների գծով կատարել [ծրագրերը]», - ասաց Արա Հարությունյանը:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե որ փուլում է գտնվում Ստեփանակերտի օդանավակայանի վերագործարկումը, եւ որն է անընդհատ ձգձգումների պատճառը, վարչապետ Արա Հարությունյանը պատասխանեց, թե միակ եւ հիմնական պատճառը օդանավն է:

Հիշեցնենք, որ Ստեփանակերտի օդանավակայանի շինարարական, վերազինման, սարքավորումների համալրման աշխատանքները վաղուց ավարտվել են:

«Վերջերս նախարարը այցելել է Արգենտինա եւ պարոն Էռնեկյանի կողմից եղել է համապատասխան խոստում՝ օդանավ նվիրել Արցախին։ Եվ նա ոչ միայն օդանավ է նվիրելու, այլ իրականացնելու է համապատասխան դասընթացներ՝ օդաչուների պատրաստման», - ասաց վարչապետը։ - «Համոզված եմ, որ արդեն մարտ-ապրիլ ամիսներին ունենալու ենք թռիչքներ։ Այսօր խնդիրը միայն օդանավի մեջ է»։

Վարչապետը մեր խնդրանքով անդրադարձավ նաեւ Ղարաբաղում առկա սոցիալական իրավիճակին: Այս տարիների ընթացքում, վիճակագրական տվյալների համաձայն, պարենային զամբյուղը թանկացել է մոտ քառասուն տոկոսով, իսկ կառավարությունը թոշակները բարձրացրել է երկուսուկես անգամ:

«Ես մի թիվ բերեմ՝ մեքենաների ներկրումը Ղարաբաղ։ Իհարկե, սա եւս բարեկեցության ցուցանիշ չէ։ Մինչեւ 2007 թիվը տարեկան Արցախ ներկրվում էր միջինը 500-600 մեքենա։ 2007 թվականից այս կողմ՝ միջինը 1600 մեքենա։ Մենք պետք է ծախսենք այնքան, ինչքան հնարավորթյուն տալիս է մեր տնտեսական աճը։ Տնտեսական աճը տարեկան 10 տոկոս է։ Այսինքն, մեր կյանքը տարեկան կարող է 10 տոկոս լավանալ։ Դրանից ավել հնարավոր չէ։ Այստեղ պետք է ընդամենը շատ աշխատել եւ կարողանալ շատ վաստակել», - ասաց ԼՂ վարչապետ Արա Հարությունյանը։

please wait

No media source currently available

0:00 0:03:12 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG