Մատչելիության հղումներ

ԿԸՀ-ն գրանցեց Զյուգանովի եւ Ժիրինովսկու թեկնածությունները


Կոմունիստական կուսակցության ղեկավար Գենադի Զյուգանով
Կոմունիստական կուսակցության ղեկավար Գենադի Զյուգանով
Ռուսաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) այսօր գրանցել է Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ, Պետդումայի պատգամավոր Վլադիմիր Ժիրինովսկու եւ Կոմունիստական կուսակցության ղեկավար Գենադի Զյուգանովի թեկնածությունները՝ 2012 թվականի մարտի 4-ին նշանակված Ռուսաստանի նախագահի ընտրություններին մասնակցելու համար:

Ավելի վաղ գրանցվել էին նաեւ Ռուսաստանի վարչապետ, «Եդինայա Ռոսիա» կուսակցության առաջնորդ Վլադիմիր Պուտինի եւ«Սպրավեդլիվայա Ռոսիա» կուսակցության ղեկավար, Պետդումայի պատգամավոր Սերգեյ Միրոնովի թեկնածությունները:

Ռուսաստանի ԿԸՀ իրենց փաստաթղթերն են ներկայացրել նաեւ ընդդիմադիր «Յաբլոկո» կուսակցության ներկայացուցիչ Գրիգորի Յավլինսկին, բիզնեսմեն Միխայիլ Պրոխորովը, Վլադիվաստոկի նախկին քաղաքապետ Վիկտոր Չերեպկովը, Իրկուտսկի նահանգապետ Դմիտրի Մեզենցեւը եւ Օրենբուրգում հասարակական ակտիվությամբ հայտնի Սվետլաննա Պեունովան: Նրանք դեռ պետք է հասցնեն մինչեւ հունվարի 18-ը հավաքել 2 միլիոն ստորագրություն՝ ԿԸՀ-ում գրանցվելու համար:

Տեսախցիկներ ընտրատեղամասերում

Այսօր Ռուսաստանի ԿԸՀ-ն որոշել է 2012 թվականի մարտի 4-ին նախագահի ընտրությունների ժամանակ տեղամասերում տեսախցիկների տեղադրման կարգը: Ըստ ԿԸՀ-ի, ընտրատեղամասերում պետք է տեղադրվի երկուական տեսախցիկ, որոնք պետք է իրավիճակն արտացոլեն ընտրական ողջ գործընթացի ժամանակ՝ սկսած քվեարկության մեկնարկից մինչեւ ձայների հաշվարկի ավարտը: ԿԸՀ-ի անդամ Վալերի Կրյուկովը Российская газета-ին ասել է, թե ընտրական գործընթացի պահին տեսախցիկներ չեն լինի հիվանդանոցներում, կալանավայրերում եւ զորամասերում: Նա պատճառաբանել է, որ այս վայրերում տեսախցիկներ չտեղադրելու որոշումը կապված է «էթիկայի կանոններին հատուկ նշանակություն տալու հետ»: Սակայն Ռուսաստանի ընդդիմությունը մինչ օրս, բողոքելով դեկտեմբերի 4-ի ընտրությունների ժամանակ արձանագրված օրինախախտումներից, հատուկ կարեւորությամբ էր քննադատում վարչական ռեսուրսների օգտագործման հանգամանքը:

«Նոր ընտրություններ»

«Ժողովրդական ազատություն» կուսակցության նախագահ Բորիս Նեմցովը «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայության հետ զրույցում, ընդդիմանալով նախագահի ընտրության կապակցությամբ նախապատրաստությանը, ասել է, թե ապօրինի Դուման պետք է օրենքներ ընդունի ժողովրդի ընտրական իրավունքը վերադարձնելու եւ իշխանությանը հեռացնելու համար: Նեմցովի կարծիքով, այնուհետեւ պետք է ցրել Դուման եւ նոր ընտրություններ նշանակել:

Բայց, Նեմցովի կարծիքով, անհրաժեշտ է նաեւ երկրորդ քայլը. քանի որ նախագահի ընտրություններն անցնում են «ապօրինի, մաֆիոզ կարգերով, պուտինյան օրենքներով, Զյուգանովին եւ Ժիրինովսկիին, եւ ոչ թե ընդդիմադիրներին գրանցելով, ուրեմն մարտի 4-ին պետք է չեղյալ համարել ընտրությունների արդյունքները եւ նշանակել նոր ընտրություններ»:

«Ազնիվ ընտրությունները՝ ամանորյա նվեր»

Մինչդեռ Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը լրագրողներին ասել է, թե իբրեւ ամանորի նվեր` ամբողջ Ռուսաստանին կպարգեւի «ազնիվ ընտրություններ»:

Ինչ վերաբերում է իշխանության եւ ընդդիմության միջեւ միջնորդ հանդիսանալու նախկին ֆինանսների նախարար Ալեքսեյ Կուդրինի առաջարկին, ապա Պուտինն այսօր ժխտել է տեսակետը, թե նա իր առաջարկով է հանդես եկել միջնորդական առաքելության պատրաստակամությամբ:

«Ես նրան չեմ ուղարկել, նա ինքն է դիմել այդ քայլին, նա մեծ տղա է», - ասել է Պուտինը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG