Մատչելիության հղումներ

Բոսնիայի սերբերի ղեկավարը` Հայոց ցեղասպանության ժխտման արգելքի կողմնակից


Բոսնիայի սերբերի քաղաքական առաջնորդ Միլորադ Դոդիկը հայտարարել է, որ հետամուտ է լինելու Բոսնիայում Հայոց ցեղասպանության ժխտման արգելմանը օրենքի ուժով։

«Ֆրանսպրես» լրատվական գործակալության վկայությամբ, Բոսնիա եւ Հերցեգովինայի սերբական հատվածի` Ռեպուբլիկա Սրպսկայի նախագահը երեկ ասել է, որ իր կուսակցությունը հանդես է գալու համապատասխան օրենսդրական նախաձեռնությամբ։

«Մենք ցանկանում ենք մտնել քաղաքակիրթ երկրների շրջանակ` եվրոպական եւ մյուս, որոնք դատապարտել են այդ ցեղասպանությունը։ Մենք նախագիծը առաջիկա օրերին կներկայացնենք [կենտրոնական] խորհրդարան», - Դոդիկի խոսքերն է փոխանցել Fena լրատվական գործակալությունը։

Բոսնիայի սերբերի ղեկավարը նաեւ շեշտել է, որ «անկասկած, հայերի դեմ ցեղասպանություն է իրականացվել, եւ մեկեւկես միլիոն մարդ է կոտորվել»։

Այդուհանդերձ, «Ֆրանսպրես»-ը հիշեցնում է, որ Դոդիկը հերքում է, թե 1995 թվականի հուլիսին Սրեբրենիցայում տեղի ունեցած ջարդերը, որոնց ընթացքում շուրջ 8 հազար մահմեդական տղամարդիկ են սպանվել, կարող են որակվել որպես ցեղասպանություն։

Արդարադատության միջազգային դատարանը` ՄԱԿ-ի գերագույն դատական ատյանը, Սրեբրենիցայի ջարդերը 2007 թվականին ճանաչել է որպես ցեղասպանություն։

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG