Մատչելիության հղումներ

logo-print

Սիրիան արտաքին ուժերին մեղադրում է երկրում անկարգություններ հրահրելու համար


Հայաստանում Սիրիայի Արաբական Հանրապետության ժամանակավոր հավատարմատար, լիազոր նախարար Մամուն Հարիրի

Հայաստանում Սիրիայի Արաբական Հանրապետության ժամանակավոր հավատարմատար, լիազոր նախարար Մամուն Հարիրի

Սիրիայի Արաբական Հանրապետության ժամանակավոր հավատարմատար, Հայաստանում լիազոր նախարար Մամուն Հարիրին այսօր հրավիրած ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ այն, ինչն անվանում են «արաբական գարուն», հեռու է գարուն կոչվելուց, քանի այդ` արտաքին ուժերի կողմից իրականացվող ծրագիրն ավերում է, ոչնչացնում ամեն ինչ` հօգուտ Իսրայելի:

«Այս բոլորը մի ծրագիր է, որպեսզի արաբական երկրներին թուլացնեն եւ իրենց ուշադրությունը շեղեն կենտրոնական խնդրից` Պաղեստինի խնդրից, եւ որպեսզի Իսրայելը մնա միակ ուժեղ երկիրը տարածաշրջանում», - հայտարարեց Սիրիայի ներկայացուցիչը:

Սիրիայում իրավիճակն այնպիսին չէ, ինչպես փորձում են ներկայացնել որոշ լրատվամիջոցներ, ասաց Հարիրին` խորհուրդ տալով հետեւել Սիրիայի պետական հեռուստաընկերություններին:

«Մյուսները այնպիսի ռեպորտաժներ են ներկայացնում, որոնք իրականությանը չեն համապատասխանում», - ասաց Մամուն Հարիրին: - «Չափազանցնում են ցուցարարների քանակը, սպանված մարդկանց տեսարաններ են կեղծում, չեն լուսաբանում Բաշար Ասադի կողմնակիցների ցույցերը»:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե արդյոք սա նշանակում է, որ սիրիացիները բողոքներ չունեն իշխանություններից եւ ներքին ընդդիմություն Սիրիայում գոյություն չունի, Սիրիայի լիազոր նախարարը պատասխանեց. - «Անշուշտ, ներքին ընդդիմություն Սիրիայում կա, եւ իշխանությունը նրանց հետ համագործակցում է, կոորդինացնում է եւ երկխոսության մեջ է գտնվում, քանի որ հենց դա է անկեղծ ընդդիմությունը: Մենք կողմ ենք այն ընդդիմությանը, որը ցանկանում է նստել երկխոսության սեղանի շուրջը: Նույնիսկ արտաքին ընդդիմության, որոնց ձեռքերն արյունով չեն կեղտոտվել: Նրանք կարող են Սիրիա գալ եւ մասնակցել այն երկխոսությանը, որը տեղի է ունենում Բաշար Ասադի հանձնարարությամբ եւ հսկողության տակ»:

Սիրիայում մարտ ամսից սկիզբ առած հակակառավարական ցույցերի արդյունքում 5000 մարդ է զոհվել: Երեկ Արաբական երկրների լիգայի 50 դիտորդներ են ժամանել Սիրիա` երկրում իրավիճակը գնահատելու համար: Դիտորդների ժամանման նախօրեին Հոմս քաղաքում հրետանային ռմբակոծությունները խլել էին 30 մարդու կյանք: Ընդդիմադիրների եւ իրավապաշտպանների տեղեկությունների համաձայն` իշխանական ուժերը շրջափակել են Հոմս քաղաքը, իսկ իշխանության ներկայացուցիչները նշում են, որ երկիրը պայքարում է զինված ավազակախմբերի դեմ: Նույն տեսակետն այսօր հայտնեց Մամնուն Հարիրին, Սիրիայում տիրող իրավիճակի համար մեղադրելով ահաբեկչական խմբավորումներին:

Ըստ սիրիացի դիվանագետի` Բաշար Ասադը զգալիորեն զարգացրել է ժողովրդավարությունը Սիրիայում: Վերջին շրջանում երկրում չեղյալ հայտարարվեց արտակարգ իրավիճակը, տնտեսությունն առավել ազատականացվեց, օրենսդրական բանաձեւ մշակվեց խաղաղ ցույցերի կազմակերպման հետ կապված: Իրական սիրիական ընդդիմությունը, նրա ձեւակերպմամբ` կտրուկ քայլերի չէր գնա, ինչպես արեցին որոշ զինված խմբավորումներ: Իսկ անվտանգության ուժերի աշխատակիցները, ինչպես եւ Ասադն էր հայտարարել, սիրիացիների նկատմամբ ուժ եւ զենք չեն կիրառել:

Արաբագետ Արաքս Փաշայանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ բարեփոխումներն ուշացած են:

«Այսինքն, ինչքան էլ Սիրիայի իշխանություններն այսօր բարձրաձայնում են, որ իրենք իրականացնում են ռեֆորմներ, դա այլեւս Արեւմուտքին պետք չէ: Իրենք միտված են պարզապես Սիրիայում Բաշար ալ-Ասադի վարչակարգի տապալմանը, քանի որ հստակ խնդիր ունեն թուլացնելու Իրանի դիրքերը տարածաշրջանում», - նշեց արաբագետը: - «Հետաքրքիրն այն է, որ Արեւմուտքը չի ընդունում այդ ընդդիմադիրներին: Ընդունում է այլ ընդդիմադիրներին, որոնք գործում են Թուրքիայի հովանու տակ, որոնք ավելի արմատական կեցվածք ունեն եւ ուղղակի պահանջում են նախագահի հրաժարականը եւ պահանջում են ՆԱՏՕ-ի միջամտությունը խաղաղ բնակչությանը աջակցելու նպատակով»:

Հայաստանում Սիրիայի լիազոր նախարարը հերքեց այն լուրերը, թե Սիրիայի հայկական համայնքը նույնպես վտանգված է եւ նրանց խորհուրդ է տրվել ժամանակավորապես վերադառնալ Հայաստան` մինչեւ իրավիճակի հանդարտացումը:

«Այդ մարդիկ սիրիացիներ են` հայ արմատներով: Նրանք սիրիացիներ են», - հավելեց Մամուն Հարիրին:

Արաբագետ Արաքս Փաշայանն էլ նշեց, որ Սիրիայի հայ համայնքը միանշանակ իշխանամետ դիրքորոշում ունի, քանի որ Ասադը նրանց բավականին մեծ առավելություններ է տվել:

«Ընդհանրապես, Սիրիայի անկախությունից ի վեր հայերը միշտ է վարչակարգի կողքին են: Նրանք երկրի կայունության կողմնակիցներ են», - հավելեց արաբագետը:

Անդրադառնալով Թուրքիա-Սիրիա հարաբերություններին՝ Մամուն Հարիրին նշեց, որ դրանք վերջերս վատթարացան, երբ Թուրքիան սատար կանգնեց արտաքին ուժերին` աջակցելով այդ ահաբեկչական կազմակերպություններին եւ Սիրիայի գործող իշխանություններին խորհուրդ տալով բարելավել իրավիճակը երկրում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG